ՀՀ ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակից Խաչատրյանը, չարաշահելով իր լիազորությունները, կանչել է Չինչին գյուղի բնակիչ Վազգեն Գյոզալյանին իր մոտ և հրամայել է նրան փաստաթուղթ գրել առ այն, որ ինքը` Վազգեն Գյոզալյանը, ցանկանում է ծառայել բանակում: Հակառակ դեպքում, եթե երիտասարդը չկատարի հրահանգը, ոստիկանության աշխատակիցը սպառնացել է, որ նրան 5 տարով կնստացնի:

Բանն այն է, որ Վազգեն Գյոզալյանը բանակային ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի` սրտի արատներ, այդ թվում սինուսային հանգույցի կանգեր՝ պաթոլոգիա որի պատճառով զորակոչերի ժամանակ նրան երկու անգամ տարկետում են տվել: Այս անգամ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը տղային պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայելու համար: Երիտասարդին զորակոչի վայր ներկայանալու ծանուցագիր են ուղարկել: Նա պետք է կենտրոնական ռազմակայան ներկայանա հունվարի 30-ին: Սակայն նրա մայրը համաձայն չի այս եզրակացության հետ ու բողոքում է ատյաններին: Եւ ահա ոստիկանության աշխատակիցները որոշել են ճնշել տղային, նրանից բանակում ծառայելու գրավոր համաձայնույթյուն կորզելով:

Ահա ինչ է պատմում Վազգեն Գյոզալյանի մայրը` Էլմիրա Ալավերդյանը. «Երեխուս կանչեցին, գնաց: Մի հատ Հայկ Խաչատրյան կա այնտեղ, Բերդ քաղաքի թաղայինների պետն է: Զանգեց, ասեց` Գյոզալյան Վազգենը թող ներկայանա: Մենք թուղթ ենք ստացել, որ նա փախուստի մեջ ա: Բայց ո՞նց կարող է փախուստի մեջ լինի: Մեր ծանուցագիրը հունվարի 30-ին է թվագրված: Նա ծանուցագրի հետևում գրել է, որ ինքը չի խուսափում բանակից, բայց առողջական խնդիր ունի, և գտնում է, որ իր փաստաթղթերը նորմալ չեն»: Ոստիկանությունում մորը թույլ չեն տվել ներս մտնել Հայկ Խաչատրյանի աշխատասենյակ:

Կինը պատմում է, որ տղային վախեցրել են. «Ասել են`գրի, որ ուզում եմ ծառայել: Տղայիս վախեցրել են, նա էլ սրտի պրոբլեմ ունի, վատացել է: Երեխես դուրս եկավ, ասում ա` մամ, գրիչը ձեռս ա տվել, ասում ա, ստեղ ասողը ես եմ, գրի, որ պիտի գնամ ծառայության, թե չէ, հենց էս պահին քեզ դատում եմ հինգ տարի: Տղաս ասել է, դատի ինձ, բայց ես բանակից չեմ խուսափում, ես փախուստի մեջ չեմ, բայց ես հիվանդ եմ»:

Մենք կապվեցինք Բերդի ոստիկանության բաժանմունքի պետ Լոբյանի հետ: Նկարագրեցինք իրավիճակը և խնդրեցինք պարզաբանել իր ենթակա Խաչատրյանի վարքը: Բաժանմունքի պետը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել: «Ոչ մի խնդիր չի եղել: Մենք անձի վերաբերյալ ծանուցում ենք ստացել, որ նա պարտադիր զինվորական ծառայության մեկնելու ենթակա է: Այդ փաստով հրավիրել ենք նրան, հարցազրույց ենք անցկացրել»:

Բայց հարցազրույցի ժամանակ ասել եք, որ նա փախե՞լ է ծառայությունից: Forrights.am-ի այս հարցին Լոբյանը պատասխանեց. «Ոչ: Փախուստի մասին խոսք չի եղել, հնարավոր է, որ խոսք եղած լինի ծառայությունից խուսափելու մասին»: Թե ինչ իրավունք ուներ ոստիկանը զբաղվել զորակոչի հարցերով, նա չկարողացավ պատասխանել, մեր հարցերը վերահասցեագրելով ոստիկանության լրատվության ծառայությանը: Նա պնդեց, որ սպառնալիքներ բանակայինին, նրա նկատմամբ կոպիտ վերաբերմունք չի եղել և արագ հրաժեշտ տվեց մեզ: 

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest