Էլմիրա Ալավերդյանը Տավուշի Չինչին գյուղից իր որդուն՝ 20-ամյա Վազգեն Գյոզալյանին թույլ չի տվել, որ 8-րդ դասարանը մինչև վերջ ավարտի, պահել է տանը: Տղան հաճախ կորցնում էր գիտակցությունը: «Վատանում էր, ուշագնաց լինում: Տանում էինք «շտապօգնությունով» Բերդ, սիստեմա էին միացնում  երեխուն: Դրա համար էլ դպրոցը մինչև վերջ չշարունակեց: Ասեցի, երեխես վատ չզգա, էլի»:

Դեկտեմբերի 14-ին Մարտունիում հավաքված ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկնրեից մեկը, լսելով մոր գանգատները, ասել է նրան. «Կարո՞ղ ա, բժշկի դուռն ես եկել, դրա համար ես տենց բաներ գրել տղայիդ համար»:

Այդ օրը ռազմաբժշկական հանձնաժողովի սենյակ մայրը զոռով է կարողացել մտնել: «Ներս չէին թողնում, կռվով-դավով եմ մտել», — ասում է: Բայց ոչինչ չի օգնել. որդուն ճանաչել են պիտանի զինվորական ծառայության համար: Մայրը գտնում է, որ այսպիսի որոշում կայացնելով, հանձնաժողովը կոպտորեն խախտում է օրենքը:

2000 թվականի ծնված Վազգեն Գյոզալյանին առաջին անգամ ծանուցագիր են ուղարկել 2018 թվականին: Բժշկական հետազոտությունները բազմաթիվ շեղումներ են հայտնաբերել, որոնք արձանագրված են. «սրտի ռիթմի ու հաղորդականության խանգարում ունի՝ սինուսային հազվասրտություն, արտահայտված բրադիառիթմիաներ, վերփորոքային ռիթմավարի միգրացիա, արտահայտված առիթմիաներ, միտրալ փականի պրոլապս 3-4 մմ, միտրալ հետհոսք 1 աստիճանի, սինուսային և այլն: Զորակոչումը 10 ամսով հետաձգել են: 10 ամիս անց կրկին հետազոտել են, և այս ագամ սրտի խնդիրների ավելի մեծ ցանկ են արձանագրել, այդ թվում սինուսային հանգույցի կանգ՝ պաթոլոգիա, որի դեպքում, եթե կանգերը հաճախ են և տեղի են ունենում 2-ից ավելի վարկյան, ապա երիտասարդները ազատվում են բանակից: Վազգեն Գյոզալյանի դեպքում արձանագրվել էր սինուսային կանգեր 1,9-ից մինչև 2,6 վարկյան: Այդ անգամ էլ նրան կես տարով տարկետում տվեցին: 

Երրորդ անգամ ախտորոշումը կրկին հուսադրող չի եղել, և նույնիսկ ավելի վատը:  Էլմիրան պատմում է, որ Տավուշի զինկոմին կցված բժիշկը, տեսնելով դիագնոզն ասել է Էլմիրային, որ որդին պետք է ազատվի ծառայությունից և հաշվառվի պահեստազորում:

ԷԿԳ հետազոտության արդյունքում Հանրապետական հիվանդանոցի սրտաբանները կրկնել են 6 ամիս առաջ տրված վտանգավոր ախտորոշումը՝ սրտի «սինուսային հանգույցի ընկճման հետևանքով նկատվում  են սինուսային հանգույցի կանգեր 1,9-ից մինչև 2.6 վրկն»:

Սակայն ռազմաբժշկական հանձնաժողովի բժիշկները չեղյալ են համարել փաստաթուղթը և Վազգենին պիտանի են ճանաչել սահմանափակումներով ծառայության համար:

Էլմիրա Ալավերդյանը, որդու փաստաթղթերը ձեռքին, սահմանամերձ Չինչինից հասել է Երևան, Մոսկովյան 5, որտեղ տեղի են ունենում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստերը նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ, քննարկվում են քաղաքացիների դիմումներն ու  բողոքները:

«Այդ հանձնաժողովը որոշեց, որ Վազգենս պիտանի չէ ծառայության համար», — ասում է Էլմիրա Ալավերդյանը: Բայց այսօր կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը չեղյալ է արել այս որոշումը, տղային պիտանի ճանաչելով ծառայության համար: Մայրը արցունք է թափում: Ամենավատ կանխատեսումներն են գլխում:

«Ասեցի, երանի կտամ, բժիշկ, դու գաս, հասնես Շամշադին, մեր գյուղը, տեսնես, թե ինչ վիճակում ենք ապրում: Մեծ տղաս Ղարաբաղում ծառայել ա, ամուսնիսն ա կռվել, հետո էլ եկել ա 7 տարի պայմանագրային ծառայող ա եղել: Հորեղբորս երեխուն թուրքերը ճանապարհին մորթել են, հորեղբորս մորթել են: Կռիվների միջով ենք մենք անցել: Ես երբեք չեմ տրտնջացել: Մերոնք երբեք չեն խուսափել ծառայությունից: Բայց Վազգենի դեպքն ուրիշ է,  նա օրենքով չպիտի ծառայի: Եթե պետք կլինի, ես մարդիկ եմ բերելու կառավարության դուռը ու հարցնեմ Նիկոլ Փաշինյանից՝ էս ի՞նչ եք անում: Առողջ երեխեքին տանը պահելով, «կայֆերով» պտտելով, հիվանդ երեխեքին տանում եեք «պոստերը» սպանում: Մի քանի օր առաջ մի զինվոր հիվանդությունով մահացավ, ի՞նչ ա ձեր ուզածը», — վրդովվում է մայրը: 

Նա պատրաստվում էր բոլոր միջոցներով պայքարել իր հիվանդ երեխայի համար:

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի ղեկավար Գեղամ Հարությունյանից պարզաբանում խնդրեցինք:

«Մենք միջնորդել էինք, որպեսզի նորից քննության առնեն այդ դեպքը, կոնկրետ, բովանդակային նշումներով, բայց բժշկական հանձնաժողովում համամիտ չեն եղել: Սրտաբանը գտնում է, որ մենք սխալ ենք մեկնաբանել տվյալները», — ասաց նա: Արդյո՞ք սրտի սինուսային հանգույցի կանգ ախտորոշմամբ չեն ազատում բանակից: 

Forrights.am-ի հարցին նա պատասխանեց. «Դա շատ մասնագիտական է, ես չեմ կարող դրան միջամտել, սակայն պատրաստվում եմ մեկ անգամ ևս ցույց տալ փաստաթղթերը սրտաբաններին և խորհրդակցել: Խնդիրն այն  է, որ սինուսային հանգույցի կանգ ախտորոշումը նրանք չեն ընդունում: Իրենք իրենց եզրակացության մեջ փոխել էին ախտորոշումը: Հետո  մենք տպվածքը պահանջեցինք ու հանգեցինք այն տեսակետին, որ այո, այդ ախտորոշումը ճիշտ էր, այսինքն, ռազմաբժշկական հանձնաժողովի հետ մենք համամիտ չեղանք, սակայն վերջնական եզրակացություն տվողը իրենք են: Ի դեպ, այդ երիտասարդը մի անգամ տարկետում ստացել էր մեր միջնորդությամբ»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest