Խաբեության զոհ դարձած Սուսաննա Կարապետյանն այսօր կրկին հուսալքվեց․ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նրա բողոքը և որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Դատավճռով սահմանվել էր անփոփոխ թողնել Գլխավոր դատախազության որոշումը և շորթման մեջ մեղադրվող ԱԱԾ նախկին աշխատակից Սմբատ Փիլիպոսյանի խափանման միջոց ստորագրությունը չփոխարինել կալանքով։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը դատական ակտ կայացրեց ընդամենը երկու նիստ գումարելով։ Նախորդ նիստին Սուսաննա Կարապետյանը ներկայացրել էր բողոքը, ապացույցներով փաստելով, որ Փիլիպոսյանն իրեն խաբել է, շորթել մեծ գումար և այս պահին գտնվում է Գերմանիայում։ Այնինչ, քննչական մարմինները նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել միայն Հայաստանի մասշտաբով․

«Դուք տվել եք ՀՀ հետախուզում այն դեպքում, երբ ես բազմիցս եմ նշել, որ Սմբատ Փիլիպոսյանը Գերմանիայում է։ Բայց Դուք նորից գործերի մեջ նշում եք՝ գտնվելու վայրը՝ անհայտ։ Միջազգային հետախուզում հայտարարեք, ինչի՞ եք սպասում»,- դատախազին դիմելով ասել էր Սուսաննան։

Այսօվա նիստին դատավարական կողմերից ներկա էր միայն Սուսաննան, նիստին չէր ներկայացել ոչ նրա ներկայացուցիչ Անժելիկա Հակոբյանը, ոչ էլ գործով անցնող դատախազը։ Դատավոր Սևակ Համբարձումյանը նիստ անկացրեց ընդամնեը 5 րոպե, ապա հայտարարեց՝ հետանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Սուսաննան դատարանին փորձեց կանգնեցնել, նշելով, որ հարց ունի, նաև տեսասկավառակ, սակայն Համբարձումյանը հայտարարեց՝ կողմը դատարանին հարց տալու իրավունք չունի։

Կես ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, դատավորը որոշում կայացրեց մերժել բողոքը։ Դիմող Կարապետյանին վրդովեցրեց դատարանի որոշումը․

-Բա նախորդ նիստին զարմանում էիք դատախազի որոշման վրա, բա ասում էիք՝ աբսուրդ ա, ո՞նց եք հիմա նման որոշում կայացնում,- դատարանին դիմեց Կարապետյանը, սակայն դատավորն առանց կանգնելու հեռացավ նիստերի դահլիճից։

«Չէի սպասում դատարանի կողմից նման որոշման։ Նախորդ նիստին դատավորը հենց ինքը դատախազին ասում էր՝ ո՞նց կլինի, նման որոշում ո՞նց եք կայացրել։ Դատախազն էլ կակազելով չգիտեր, ինչ պատասխան տար։ Հետո մի կերպ ասեց՝ գոնե մի ապացույց լինի, որ Շենգավիթի քննչականում Սմբատ Փիլիպոսյանին կանչել են հարցաքննություն ու չի ներկայացել, մենք կառչենք դրանից ու հիմք ընդունելով՝ փոխենք խափանման միջոցը։ Ես գործի նյութերից էդ փաստաթուղթը՝ մյուս բոլոր ապացույցների հետ ներկայացրի դատավորին, էսօր էդ դատավորը եկավ ու կեղծ վճիռ կայացրեց։ Սենց ո՞նց ա լինում, ես ուզում էի խոսել՝ չթողեց․․․Էդքան գումար կորցրի, հիմա էլ ուզում են ի՞նձ կորցնեմ»,- Forrights-ի հետ զրույցում հուզված նշում է տիկին Սուսաննան։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ավելի քան 100.000 դոլարի հափշտակությանը: Այս գործում շոշափվում են ԱԱԾ նախկին օպերլիազոր կապիտան Փիլիպոսյանի և նրա ազգական Խաչիկ Գևորգյանի անունները:

Սուսաննա Կարապետյանի խոսքով՝ մինչ օրս իրենից գումար հափշտակած անձինք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև անարգել հեռացել են Հայաստանից:

2012 թվականին Սուսաննան իր եղբոր ընկերոջ՝ Խաչիկ Գևորգյանի հետ որոշում է բիզնես սկսել և դառնալ «Հագենաս» ՍՊԸ-ի բաժնետեր: Վաճառում է իր կարողությունը, այդ թվում՝ անշարժ գույքը և ավտոմեքենան, և Խաչիկին տրամադրում վաճառքից ստացված գումարից 20.000 դոլար և 35.000 եվրո։ Սուսաննան, իր իսկ ապահովության համար, Խաչիկից պահանջում է ստացական գրել և ստորագրել։

Համաձայն գործի նյութերի՝ մեկ ամիս անց Խաչիկ Գևորգյանի քրոջ որդին՝ ԱԱԾ աշխատակից Սմբատ Փիլիպոսյանը, Կարապետյանի տանը խաբեությամբ նրանից հափշտակել է ևս 50.000 դոլար:

«Խաչիկն ինձ տեղեկացրեց, որ կոնյակն արտահանելու հետ կապված մաքսայինում խնդիրներ են առաջացել և, որպեսզի ներդրածս գումարը չկորցնեմ, պետք է ևս 50.000 դոլլար տամ իր քեռուն՝ Սմբատ Փիլիպոսյանին։ Ես համաձայնեցի մի պայմանով՝ ինձ հանձնել նրան պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան»։

Հետագայում Սուսաննա Կարապետյանը պարզում է, որ իրեն խաբել են, որևէ կոնյակ չի արտահանել, իսկ իրեն ի պահ հանձնված ավտոմեքենան՝ գրավադրված է եղել բանկում և այժմ բանկի սեփականությունն է հանդիսանում։

Սուսաննա Կարապետյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. օգոստոսի 23-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախություն, որը կատարվել է առավել խոշոր չափերով: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Խաչիկ Գևորգյանին և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ԱԱԾ-ի նախկին աշխատակցի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նրա կողմից քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունք տալու փաստով, որը, սակայն, կարճվել է՝ անհիմն լինելու հիմքով: Միայն նախորդ տարվա մարտի 25-ին Հատուկ քննչական ծառայությունն արձանագրեց, որ Փիլիպոսյանը թաքնվում է քննությունից, ուստի նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ որպես խափանան միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Տարիներ շարունակ քննչական մարմիններում, դատախազությունում, ԴԱՀԿ-ում իր իրավունքների համար պայքարելուց և առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանները սպառելուց հետո, Սուսաննան պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։

«Ես նոր բողոքներ եմ գրել Հատուկ քննչականի դեմ ու բողոք եմ ներկայացնելու և՛ դատախազի, և՛ քննչականի քննիչի դեմ»;

Սուսաննա Կարապետյանը միայնակ մայր է, իր խնամքին ունի անչափահաս երեխա, ապրում է վարձով․

«50 հազար դոլլար պարտքն են ուզում, ես էլ տուն չունեմ, վարձով եմ․․․Ոչ մի բան չմնաց ինձ, խաբեցին, հիմա էդ մարդիկ վայելում են իմ փողերը, ես չգիտեմ, թե ոնց եմ էս փողերի տակից դուրս գալու»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest