․․․ավելի քան 100.000 դոլարի հափշտակություն

59-ամյա միայնակ մայր Սուսաննա Կարապետյանը պնդում է, որ դարձել է կանխամտածված խարդախության զոհ: Տարիներ շարունակ քննչական մարմիններում, դատախազությունում, ԴԱՀԿ-ում իր իրավունքների համար պայքարելուց և առաջին ատյանի դատարանը սպառելուց հետո, Սուսաննան պատրաստվում է դիմել Վերաքննիչ քրեական դատարան։

Սուսաննա Կարապետյանի խոսքով՝ մինչ օրս իրենից գումար հափշտակած անձինք ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվել, այլև անարգել հեռացել են Հայաստանից:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քաղաքացիական գործով դեռևս 2015-ին վճիռ է կայացվել հօգուտ Սուսաննա Կարապետյանի՝ ԱԱԾ նախկին աշխատակից օպերլիազոր Սմբատ Փիլիպոսյանից 50.000 դոլար բռնագանձելու մասին, սակայն, մինչ օրս, Կարապետյանը որևէ գումար չի ստացել:

Խոսքը վերաբերում է ավելի քան 100.000 դոլարի հափշտակությանը: Այս գործում շոշափվում են ԱԱԾ նախկին օպերլիազոր կապիտանի և նրա ազգականի անունները:

2012 թվականին Սուսաննան իր եղբոր ընկերոջ՝ Խաչիկ Գևորգյանի հետ որոշում է բիզնես սկսել և դառնալ «Հագենաս» ՍՊԸ-ի բաժնետեր: Վաճառում է իր կարողությունը, այդ թվում՝ անշարժ գույքը և ավտոմեքենան, և Խաչիկին տրամադրում վաճառքից ստացված գումարից 20.000 դոլար և 35.000 եվրո։ Սուսաննան, իր իսկ ապահովության համար, Խաչիկից պահանջում է ստացական գրել և ստորագրել։

Համաձայն գործի նյութերի՝ մեկ ամիս անց Խաչիկ Գևորգյանի քրոջ որդին՝ ԱԱԾ աշխատակից Սմբատ Փիլիպոսյանը, Կարապետյանի տանը խաբեությամբ նրանից հափշտակել է ևս 50.000 դոլար:

«Խաչիկն ինձ տեղեկացրեց, որ կոնյակն արտահանելու հետ կապված մաքսայինում խնդիրներ են առաջացել և, որպեսզի ներդրածս գումարը չկորցնեմ, պետք է ևս 50.000 դոլլար տամ իր քեռուն՝ Սմբատ Փիլիպոսյանին։ Ես համաձայնեցի մի պայմանով՝ ինձ հանձնել նրան պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան»։

Հետագայում Սուսաննա Կարապետյանը պարզում է, որ իրեն խաբել են, որևէ կոնյակ չի արտահանել, իսկ իրեն ի պահ հանձնված ավտոմեքենան՝ գրավադրված է եղել բանկում և այժմ բանկի սեփականությունն է հանդիսանում։

Սուսաննա Կարապետյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. օգոստոսի 23-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախություն, որը կատարվել է առավել խոշոր չափերով: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Խաչիկ Գևորգյանին և խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչիկ Գևորգյանը դեռևս 2012թ. օգոստոսի 1-ին մեկնել է ՀՀ-ից: Կարապետյանի խոսքով՝ նա ներկայումս  Գերմանիայում է, և հնարավոր կլինի հայտնաբերել, եթե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի․

«Մինչ օրս Խաչիկի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, այն դեպքում, երբ ես քննիչին տրամադրել եմ նրա հեռախոսահամարը և գտնվելու հասցեն: Երեք տարի առաջ ասում էին՝ իբր հիվանդ ա ու չի կարող Հայաստան գալ։ Էսքան ժամանակ անց չլավացա՞վ»,- Forrights-ի հետ զրույցում վրդովվում է Սուսաննան:

ԱԱԾ նախկին աշխատակիցը՝ խոշոր չափերի խարդախության հետևում

Հանրապետությունը լքել է նաև դեպքի հետ առնչություն ունեցող` ԱԱԾ նախկին աշխատակից Սմբատ Փիլիպոսյանը: Սուսաննա Կարապետյանի պնդմամբ` Փիլիպոսյանը եթե ոչ խարդախության, ապա գոնե խարդախություն կատարելուն օժանդակելու համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի:  ԱԱԾ-ի նախկին աշխատակցի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նրա կողմից քաղաքացիական գործի քննության ընթացքում սուտ ցուցմունք տալու փաստով, որը, սակայն, կարճվել է՝ անհիմն լինելու հիմքով: Կարապետյանն այս որոշումը բողոքարկել էր Դատախազությունում, սակայն 2017թ. նոյեմբերի 3-ի` դատախազի որոշմամբ նրա այս բողոքը ևս մերժվել էր:

«Այս տարիների ընթացքում Սմբատն ու Խաչիկը տարբեր պատճառաբանություններ էին բերում, կեղծ փաստաթղթեր ներկայացնում, թե իբրև իրենց գումարները բիզնես ծրագրերով ներդրված են պանամական բանկում և, որպես հավաստիք, ինձ էին տրամադրում ինչ-որ պատճենահանված փաստաթղթեր, ըստ որոնց` Խաչիկը կրեդիտ հաշվին ունի հսկայական գումարներ, և ես կարող եմ անհոգ լինել, որ դրանով նրանք պատշաճ կկատարեն իրենց պարտավորությունները, բայց․․․անօգուտ»- նեղսրտում է Սուսաննան։

Միայն այս տարվա մարտի 25-ին Հատուկ քննչական ծառայությունն արձանագրեց, որ Փիլիպոսյանը թաքնվում է քննությունից, ուստի նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ որպես խափանան միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Կարապետյանը միջնորդել էր կալանք դնել Սմբատի շարժական, անշարժ գույքի և դրամական միջոցների վրա, ինչը բավարարել էր: Սակայն, ըստ տուժողի, Սմբատը, իմանալով, որ ինքը դիմելու է դատարան, իր անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքը նվիրատվություն է արել իր մայրիկին, իսկ Սմբատի փաստաբանի միջնորդությամբ՝ աշխատավարձի վրայից կալանքը հանվել էր: Դատարանի որոշմամբ կալանք էր դրվել միայն Սմբատ Փիլիպոսյանի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքի վրա:

Կարապետյանը մեզ հայտնեց, որ շուրջ մեկ տարի ԴԱՀԿ-ում իրեն հավաստիացրել են, որ այդ գույքի վրա կալանք կա դրված, և այն հնարավոր կլինի աճուրդի դնել, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ, առանց իր իմացության, դեռևս 2017 թվականի փետրվարին դատարանը որոշում է կայացրել Փիլիպոսյանի գույքի վրայից հանել կալանքը:

Խաբեության զոհ դարձած կինը հիշյալ խնդրով դիմել է ՀՀ վարչապետին և Գլխավոր դատախազին, այսօր նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ պահանջելով հետամուտ լինել, որպեսզի վերականգնվեն իր խախտված իրավունքները: Կարապետյանը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրել գործը, համապատասխան քրեաիրավական գնահատական տալ ԱԱԾ նախկին աշխատակցի գործողություններին, Փիլիպոսյանին մեղադրանք առաջադրել և նրա նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում: Իսկ ինչ վերաբերում է Խաչիկ Գևորգյանին հայտնաբերելուն, ապա կինը վստահ է, որ եթե նրա նկատմամբ իրականացվող հետախուզումն իրական լինի, այլ ոչ թե թղթի վրա, ապա նրան գտնելը նույնպես դժվար չի լինի:

Դատարանը պարտավորեցրել է վերացնել իրավունքների և ազատությունների վերաբերյալ խախտումները, սակայն մի քանի դատական փուլեր անցնելուց հետո, այս տարի դատախազությունը որոշում կայացրեց քրեական գործի վարույթը կասեցնել՝ մեղադրյալների գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով։ Սուսաննան որոշումը վիճարկեց առաջին ատյանի դատարանում և մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Այսօր Սուսաննա Կարապետյանը չի հանձնվում, պատրաստվում է որոշումը բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանում։ Պայքարում է քանի որ միայնակ մայր է և իր խնամքին ունի մեկ անչափահաս երեխա․

«50 հազար դոլլար պարտքն են ուզում, ես էլ տուն չունեմ, վարձով եմ․․․Ոչ մի բան չմնաց ինձ, խաբեցին, հիմա էդ մարդիկ վայելում են իմ փողերը, ես չգիտեմ, թե ոնց եմ էս փողերի տակից դուրս գալու»,- հուսահատ ասում է Սուսաննան։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest