Արդարադատության նախարարությունը այս շաբաթ կառավարություն է ուղարկել օրենքով գողերի վերաբերյալ աղմկահարույց նախագիծը: Քրեական միջավայր ստեղծելը, քրեական միջավայրում ներգրավվելն ու ենթամշակույթին հարելը ըստ այդմ համարվում են քրեորեն պատժելի արարքներ: Օրենքը տարբեր պատժաչափեր է սահմանում «գողականների» համար՝ 6-ից մինչև 15 տարի ազատազրկում:

Օրինագիծը արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի նախաձեռնությունն էր, որը նա «ֆունդամենտալ» փոփոխություն է համարում: Այն մի անգամ մտավ կառավարություն, հետո հետ ուղարկվեց լրամշակման, և ահա կրկին դրվել է գործադիրի սեղանին;

Նախկին իշխանությունների օրոք գրեթե ամեն տարի քրեական աշխարհի ներկայացուցիչների հավաքներ էին կազմակերպվում Հայաստանում, որոնք չէին վրիպում մամուլի աչքերից:

Շատ է գրվել 2015 թվականի հավաքի մասին, որը տեղի ունեցավ այն ժամանակ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, օլիգարխ Ռոբեն Հահրապեյանի «Հարսնաքար» ռեստորանում և որը կազմակերպել էր քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանևսկոն: Ըստ մամուլում շրջող տեղեկություների, նա սերտ կապեր ուներ ՀՀ նախկին իշխանությունների ու իրավապահների հետ, ինչի շնորհիվ կարողանում էր ոչ միայն հավաքներ կազմակերպել, այլև այնպիսի հարցեր լուծել, որոնք դատարանների իրավասության տիրույթում են:

2017 թվականի դեկտեմբերին տարբեր գնահատականներով 500-ից 600 հեղինակություններ ու «գողեր» հավաքվեցին Երևանում և նշեցին օրենքով Արմեն Կանեւսկոյի՝ Արմեն Հարությունյանի 7-րդ տարելիցը: Նա թաղված է Շահումյանի գերեզմանատանը:

Օրենքով գողերի խոշոր՝ 500 մասնակիցներով, հավաք էր կազմակերպվում Երևանում նաև 2018 թվականի ապրիլին, որը, սակայն խաթարվեց: Այն ակպված էր Հայաստանում խորհրդարանական կառավարմանն անցնելու քաղաքական գործընթացի հետ: Գողական աշխարհի ներկայացուցիչներն իրենց խոսքը պետք է ասեին նոր համակարգում նախկին օլիգարխների տեղի ու դերի հետ կապված:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը կառավարման վերջին փուլում կեղտոտ ձեռքերով ՀՀԿ-ականներին նախընտրում էր «գաղափարական» կերպարների, և գողերի հավաքը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպում էին «կեղտոտվածները»: Կայացավ այն, թե ոչ, հայտնի չէ: Հայաստանում հեղափոխություն սկսվեց, որը նորովի է պայմանավորովւմ գողական աշխարհի հետ, իր կանոնները պարտադրելով:

Նիկոլ Փաշինյանը քրեական աշխարհի բարքերի դեմ առաջին «ոտնձգությունները» կատարել էր դեռևս Մարտի մեկի գործով դատապարտված լինելու շրջանում, գտնվելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Կալանավայրի մեր աղբյուրը մի հետաքրքիր դեպք է պատմում՝ Փաշինյանի «բանտային» օրերից: Փաշինյանին անհրաժեշտ է եղել զանգահարել, սակայն հեռախոս պահել նրան թույլ չեն տվել: «Զոն նայողի» միջամտությունից հետո Նիկոլին հեռախոս են տվել: Նա զանգել է հիմնարկի ղեկավարին ու ուղիղ հարց է տվել, թե ինչու է զոն նայողը հեռախոս պահում, իսկ իրեն արգելված է»: Արարքն այս բանտային չգրված օրենքների կոպիտ խախտում էր:

Գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը սկսեց առաջին պաշտոնական արշավը գողական աշխարհի դեմ: Գարնանը խուզարկություններ կատարվեցին «օրենքով գողերի» և քրեական հեղինակություններին տներում: Նրանց թվում էին Օշականցի Գևորիկը ՝Գևորգ Մելիքյանը, Շահումյանցի Ժիրո՝ Ժիրայր Բրուտյանը, Սամվելիկը՝ Սամվել Հարությունյանը, Սևոն՝ Արմեն Մանուկյանը, Լենինականցի Սուրոն՝ Սուրեն Ավետիսյանը, Օշականցի Արտեմ Ղազարյանը (Լենինականցի Արտեմ), Նորայր Փիլոյանը՝ Գոնչո մականունով, և այլոք:

Ոմանց հետ պրոֆիլակտիկ զրույցներ ունեցան, մյուսները ձերբակալվեցին: Մարտին «Դալմա Մոլի» մոտ ձերբակալվեց օրենքով գող Աստրախանցի Հայկոն՝ Հայկ Սարգսյանը: Նրա մոտ ատրճանակ էին գտել: Մի քանի օր պահելուց հետո Աստրախանցուն բաց թողեցին, իսկ դատախազությունը հայտարարեց, որ նրա ձերբակալությունը անհիմն էր:

Հունիսին խուզարկությունների նոր ալիք սկսվեց: Ոստիկանությունը հայտնեց, որ ավելի վաղ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մեծամորի Երո մականվամբ Երվանդ Ոսկանյանի, Շալո մականվամբ Շալիկո Մանուչարյանի, Վիրաբիկ մականվամբ Վիրաբ Գասպարյանի, Պիստ մականվամբ Արմեն Իսրայելյանի, Էրեբունի մասիվցի Տյոմ մականվամբ Արտյոմ Հարությունյանի, Նորադուսցի Արա մականվամբ Արա Բանդուրյանի, Արտյոմ Կանևսկոյ մականվամբ Արտյոմ Հարությունյանի, Մասիվցի Ժիրո մականվամբ Պարույր Աղաջանյանի, Յա-Յա մականվամբ Արմեն Գրիգորյանի, Տիզ մականվամբ Արթուր Սեդրակյանի այլոց տներում: Հայտնաբերվեցին զենք-զինամթերք, թմրամիջոցներ:

2019 թվականին խստացումներ սկսվեցին քրեակատարողական հիմնարկներում: Ուժեղացվեց քրեական հեղինակությունների վերահսկողությունը: Նրանց խցերի դռները, որոնք նախկինում ըստ չգրված օրենքների բաց էին պահվում, շատ տեղերում փակվեցին: Ապրիլին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ԱԱԾ-ն խուարկություններ ացցկացրեց, մեծ թվով բջջային հեռախոսներ, համացանցին միանալու սարքեր հայտնաբերեց:

ԱԱԾ աշխատակիցները տեսել էին, որ «զոն նայողի» խցի դուռը բաց է, իսկ նա գտնվում է խցից դուրս: «Արմավիր» ՔԿՀ պետ Խաչիկ Հարությունյանը այս դեպքից հետո ազատվեց աշխատանքից:

Հունիսին էլ ԱԱԾ-ն սկսեց «զոն նայողներին» մեկուսացնելու օպերացիան, որն այս ինստիտուտի վերացմանն ուղղված հաջորդ քայլն էր: Բոլոր կալանավայրերից «զոն նայողներին» տեղափոխեցին «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, իսկ հեղինակություններին հավաքեցին «Գորիս» ՔԿՀ-ում:

Մեր տեղեկություններով, ԱԱԾ «պադվալում» է պահվում նաև օրենքով գող Մերաբ Քալաշովը, որը հետախուզվում է Ֆրանսիայի իրավապահների կողմից: Նա մեղադրվում է սպանության համար: Ֆրանսիայի իշխանությունները նրան արտահանձնելու պահանջ են ներկայացրել Հայաստանին, որը առայժմ չի կատարվել:

Բոլոր նկարագրված քայլերը մի նպատակ ունեն՝ վերացնել քրեական աշխարհի ներկայացուցիչների ազդեցությունը: Բայց արդյո՞ք դա հնարավոր չէ անել գործող օրենսդրության սահմաններում, պե՞տք է մեզ օրենք քրեական ենթամշակույթի դեմ:
Այս հարցերը տվեցինց փաստաբաններ Վարդուհի Էլբակյանին և Հակոբ Ճարոյանին:

Վարդուհի Էլբակյանը պաշտպանում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևոսկոյին՝ Հարությունյանին: Նրա տանը մեկ տարի առաջ քրեական հետախուզության վարչության կատարած խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել էին հրացան ու փամփուշտներ, իսկ նրա գրասենյակից նաեւ այլ անուն-ազգանունով, բայց Կանեւսկոյի լուսանկարով տրված կեղծ անձնագիր: Արտյոմ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել անձնագիր կեղծելուն դրդելու և ապօրինի զենք ու զինամթերք պահելու համար։

Վարդուհի Էլբակյանը գտնում է, որ «գողական աշխարհի» դեմ նոր նախագիծը խրթին է գրված և այն հերթական չգործող օրենքն է լինելու: Փաստաբանը բազմաթիվ հարցեր ունի հեղինակներին: «Ո՞րն է քրեական ենթամշակույթ կրողի սահմանումը: Ով է որոշում, այդ մարդը քրեածին հակում ունի, թ՞ե չունի: Եթե դատված է, ուրեմն քրեական ենթամշակույթ կրո՞ղ է, եթե նրա շրջապատում դատված մարդիկ կան, ուրեմն, կրո՞ղ է: Ռուսաստանից արտատպում, ինչ-որ բան են բերում: Օրինակ, Արտյոմ Հարությունյանը Հայաստանում չի դատվել: Հիմա նա քրեածին հակում
ուն՞ի, թ՞ե չունի: Կամ վա՞տ է, որ մարդը հեղինակություն է ինչ-որ շրջանակների համար: Օրինակ, ես իմ հարևանների համար հեղինակություն եմ», — ասում է փաստաբանը:

Նա չի հասկանում, թե քրեական ենթամշակույթը որն է: «Անհասկանալի չափանիշներով մարդուն քրեական ենթամշակույթի կրող են համարելու ու այսպիսի ծանր պատիժներ են սահմանելու: Ինչ՞ի համար, որ «Վլադիմիրսկի ցենտրալ» է լսում, կամ նակոլկա ուն՞ի: Ծիծաղելի է», — իր կարծիքն է հայտնում Վարդուհի Էլբակյանը:

Փաստաբան Հակոբ Ճարոյանը ներկայացնում է Ալավերդի քաղաքում հեղինակություն համարվող Վահագ Աբգարյանին: Աբգարյանը երբեք չի դատվել, նրա դեմ 4 անգամ մահափորձ է իրականացվել, և այժմ նա մեղադրվում է պատվերով սպանության և իրավապահներին կաշառելու համար: Հակոբ Ճարոյանը գտնում է, որ նոր օրենք ընդունելը օրենքով գողերի ու առավել ևս քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ չի լինելու: Միակ ճանապարհը քրեական բարքերի դեմ պայքարելու, ըստ նրա, իրավապահ համակարգի նկատմամբ վստահության բարձրացումն է:

«Որքան իրավապահների ազդեցությունը բարձրանա, այնքան օրենքով գողերինը կընկնի: Եթե քաղաքացին տեսնի, որ օրենքը գործում է, էլ ինչո՞ւ պետք է հարցեր լուծելու համար դիմի քրեականներին», — ասում է նա:
Ճարոյանը գտնում է, որ գողական աշխարհում գործող ներկա կանոնները թույլ են տալու հեշտությամբ բացահայտել օրենքով գողերին:

«Կա չգրված օրենք՝ Գողը պարտավոր է ասել, որ նա գող է: Եթե ոչ՝ ապա դա նշանակում է, որ ինքը հրաժարվում է իր անցյալ կյանքից ու սկզբունքներից, ինչը նրան արգելված է: Բայց սրա դեմ հեշտ կարելի է առնել: Պատկերացրեք, բոլոր գողերը հավաքվում են, որոշում են ներքին անհրաժեշտությունից ելնելով փոխել այդ չգրված օրենքը, որոշեն, որ եթե գողին այսուհետ հարցնեն, թե ինքը ով է, նա պատասխանի. «Մարդ»»: Այս դեպքում, ըստ փաստաբանի, օրենքով գող լինելու փաստը հնարավոր չի լինելու ապացուցել:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest