«Տղես գնում ա զինկոմիսարիատ, որ հերթական կամիսիան անցնի, ասում են՝ սպասի, տուն չես գնում, քեզ տանում ենք բանակ»

«Հունվարի 31-ի գիշերը տղես գնում ա զինկոմիսարատ, որ հերթական կամիսիան անցնի, ասում են՝ սպասի, դու տուն չես գնում, քեզ տանում ենք բանակ: Զարմանում ա, ասում ա՝ ո՞նց, հիմա՞։ Ես պետք ա գնամ տուն, տնեցիքիս հաջող անեմ, առանց ասելու ո՞նց եմ գնում բանակ»,- ամիսներ առաջ տեղի ունեցածն այսօր կրկին վերապրեց զինծառայող Վ․-ի մայրը։

18-ամյա տղայի մոտ իրականացված բուժզննումն արձանագրել էր Տախիկարդիա՝ հաճախասրտություն: Ըստ Վ-ի ծնողների, եթե նորմալ մարդու մոտ սրտի զարկերը 70-80-ն էին, ապա իրենց տղայի մոտ՝ 100 էր: Բայց զինկոմիսարիատի բժիշկը նշանակություն չի տալիս հետազոտության արդյունքներին ու ասում՝ դու առողջ ես, բան չկա, գնում ես բանակ: Բուժզննման թղթերն այդպես էլ չեն տալիս Վ-ին, միայն հետագայում, երբ ծնողները պահանջում են, նրանց է տրամադրվում հետազոտությունների պատճենները։ Վ-ն, ով դպրոցը դեռ նոր էր ավարտել, չէր սպասում, որ այսպես հանկարծակի կզորակոչվի բանակ։

Այդ գիշեր զինկոմիսարիատից տուն է գալիս և ծնողներին պատմում հանձնաժողովի որոշման մասին։ Կեսգիշերանց տղայի հայրն է գնում Մաշտոցի զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանից ներողություն են խնդրում, սակայն նշում՝ սենց թե նենց պետք ա ծառայի, ավելի լավ ա շուտ գնա:

Վ․-ի հայրը հետ է գալիս տուն, գիշերով հավաքում տղայի ընկերներին և հարազատներին, բոլորով հրաժեշտ տալիս Վ․-ին և ճանապարհում զինկոմիսարիատ։ Միայն առավոտյան է Վ-ն վիճակահանությանը մասնակցում և հասկանում, որ ծառայության է անցնում Արցախի N զորամասում։

«Տղես ինձ ա զանգում ու համարյա լացելով պատմում կատարվածը։ Ասում ա՝ մա՛մ, ես էլ չեմ կարա ստեղ մնամ»

Զինվորական երդման արարողությունը տեղի է ունենում ընդամենը մեկ շաբաթ անց, սակայն Վ․-ն այդպես էլ չի մասնակցում արարողությանը․ զորակոչվելուց մի քանի օր անց շարահրապարակում թուլանում է, գլխապտույտ ունենում և ուշաթափվում։ Նրան տեղափոխում են հոսպիտալ․

«Ինքը հոգեբանորեն շոկի մեջ էր: Անգամ էսօր չի հիշում էդ օրը, էդ ժամանակահատվածից բան չի հիշում, սթրեսի մեջ ա»,- բացատրում է մայրը։

Կազդուրվելուց մոտ 20 օր անց՝ գիշերը Վ-ն դուրս է գալիս, որ գնա զուգարան․ հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ արտահայտվում է անմիզապահությունը։ Ամաչում է կատարվածից և որոշում գնալ թաքնվել, սպասել՝ մինչև կչորանա, սակայն քնով է անցնում։

Օրապահը, տեսնելով, որ զինվորը հետ չի գալիս, հրամանատարությանը զգուշացնում է և սկսվում են զորամասով փնտրել: Վ-ին պատի տակ քնած են գտնում, հասկանում, թե ինչ խնդիր է, օգնում են տղային լողանալ և փոխվել, պայմանավորվում՝ կատարվածի մասին ոչ ոք չպետք է իմանա։

«Առավոտ շուտ տղես ինձ ա զանգում ու համարյա լացելով պատմում կատարվածը։ Ասում ա՝ մա՛մ, ես էլ չեմ կարա ստեղ մնամ»,- հուզվելով պատմում է մայրը և չի կարողանում խոսքն ավարտել։ Կնոջ խոսքը շարունակում է ամուսինը․

«Էնքան նեղված էր ձենը, որ հենց հաջորդ օրը գնացինք զորամաս ու մի երկու օրով մեզ հետ մնաց, բայց էդ էլ չօգնեց։ Ամբողջ ձմեռը երեխես թաց վիճակով ման էր գալիս: Համարյա ամեն օր էդ խնդիրն իրա մոտ եղել ա, արդեն ցերեկն էլ չէր կարողանում մեզը պահել: Զորամասում էլ համարյա բոլորը գիտեին, սկսել էին ծաղրել, նեղացնել, չէին շփվում հետը: Եղել ա դեպքեր, որ «կազարմա» ա մտել, տեսել ա ամբողջ անկողինը կոլոլած, գցած ա մի կողմ»։

«4 ամիսների ընթացքում պարբերաբար շատ ուժեղ դողի ու ցնցումների մեջ ա ընկնում՝ էդ նյարդային վիճակից»

Անմիզապահության խնդրի պատճառով, հոգեկան և նյարդային վիճակով պայմանավորված Վ-ի մոտ սկսում է ավելի զգացնել տալ սրտի հետ կապված խնդիրները։ Սիրտը հաճախակի է սկսում ծակել այն աստիճան, որ Վ-ն ուղղակի չոքում է և աշխատում այդ 30 վայրկյանում չշնչել, մինչև սրտի աշխատանքը կկարգավորվի․

«Էս ամբողջ 4 ամիսների ընթացքում պարբերաբար շատ ուժեղ դողի ու ցնցումների մեջ ա ընկնում՝ էդ նյարդային վիճակից: Տանում են բուժկետ, մի հատ վալերյանկա են տալիս ու էլի հետ են բերում: Ստիպված Պաշտպանության նախարարություն դիմում գրեցինք, նոր որոշեցին տանել հոսպիտալ՝ սիրտը ստուգելու: Սպաներից մեկն ասել էր տղիս՝ նայի, որ գնաս հոսպիտալ ու իրենք էլ ասեն՝ բան չկա, ուրեմն իմացի, որ ես քեզ էլ սահմանափակում չեմ դնելու»,- ասում էր Վ-ի հայրը։

Հոսպիտալում մակերեսային զննում իրականացնելուց հետո գրում են՝ զինվորի մոտ ամեն ինչ նորմալ է և հետ ուղարկում զորամաս։ Վ-ի ծնողներին վրդովեցնում է այս փաստը և զինծառայողի հայրն արդեն չորրորդ անգամ է գնում Արցախ, որտեղ հստակ պահանջ է դնում՝ տղային տեղափոխել Երևան և պատշաճ բուժօգնություն տրամադրել։ Հրամանատարությունը խոստանում է ամեն հնարավորն անել, սակայն սկզբնական շրջանում ուղարկում է Ստեփանակերտի հոսպիտալ։ Այդ օրերի ընթացքում Վ-ին ներարկված դեղերի և հաբերի անունները բժիշկներն այդպես էլ չեն ասում Վ-ին։

15 օր անց Վ-ին հայտնում են, որ նրա բուժումն ավարտված է և նրան հետ են տանում զորամաս։ Վ-ն կրկին սթերսի մեջ է ընկնում, խնդրում՝ գոնե այլ զորամաս տանել, սակայն՝ անօգուտ։ Զինծառայողը հենց հոսպիտալում ինքնավնասում է կատարում․

«Համարյա ամբողջ ձեռքը խորը կամ թեթևակի կտրվածքների մեջ էր: Էդ էլ չի հիշում, թե ոնց ա արել: Աֆֆեկտի ազդեցության տակ ա եղել, թե սթրես ա եղել մոտը, չգիտեմ, բայց մինչև էսօր չի հիշում: Հրամանատարությանն ասում ա՝ «բիսեդկայում» եմ վնասել, բայց իրեն տանում են Ռազմական ոստիկանություն: Որոշ ստուգումներ անցնելուց հետո բերում են Երևան»:

Երևան տեղափոխվելու օրից ի վեր նրա մոտ անմիզապահության որևէ դեպք չի գրանցվել

Վ-ի հոր խոսքով, Երևանի հոսպիտալներից մեկում անցկացրած այս 20 օրերի ընթացքում Վ-ի վիճակն ավելի կանոնավորվում է։ Հատկանշական է, որ Երևան տեղափոխվելու օրից ի վեր նրա մոտ անմիզապահության որևէ դեպք չի գրանցվել։

Մինչև զորակոչվելը ծառայությանը բավականին դրական վերաբերող, ընկերասեր և շփվող տղան այսօր կոտրված է, ծնողների խոսքով՝ «դուխաթափ» եղած, հիշողության հետ խնդիրներ ունի, ցրված է և անտրամադիր։

«Իրա հիշողության հետ կապված խնդրին շատ անլուրջ են վերաբերում: Ես իրենց ասում եմ՝ եթե վաղը տղիս հետ տանեն ու զենքի հետ գործ ունենա, ինչ-որ մեկը վնասվի, ո՞վ ա պատասխան տալու: Մարդը գործողություն ա անում ու չի հիշում, դուք բանի տեղ չեք դնում»,- իր մտահոգությունն է հայտնում մայրը։

Այս ամիսների ընթացքում ծնողները պարբերաբար մտածել են, որ տղան որոշակի բաներ է թաքցնում, ինչ-որ խնդիրներ ունի զորամասում, որոնց մասին իրենց չի ասում: Խաչաձև հարցեր են տվել, սակայն Վ-ն կտրուկ հերքել է այլ խնդիրների գոյության մասին, այնուամենայնիվ ծնողների համար անսպասելի էր եղել Վ-ի ինքնավնասման փաստը։ Նրանք մինչ օրս վախ ունեն, որ հնարավոր է երևույթը կրկնվի։

Այս պահին Երևանի հոսպիտալներից մեկում գտնվող Վ-ին բուժող բժիշկ, հոգեբույժ Վահե Հարությունյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ զինծառայողի վիճակն այս պահին բավարար է․

«Իր մոտ փսիխոզ կամ հոգեկան խանգարում չի, իր անձի մակարդակով խնդիր է, անձնային առանձնահատկությունների և բնավորության, որոնց պետք է տրվի որոշակի որակում։ Իսկ այդ որակումը կարող է լինել անձի ակցենտուացիայից մինչև փսիխապատիայի սահմաններում»,- նշեց հոգեբույժը։

Բանակային ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին հնարավոր է ավելանա գիշերամիզությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Բանակային ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին ավելանալու է գիշերամիզությունը։

«Վերջնական որոշում դրա հետ չկա , քննարկման փուլում է, խոսակցություներ կան, բայց ոչ մի հստակ որոշում չկա, պարզապես քննարկել ենք, բայց որևէ փաստաթուղթ, կամ նախաձեռնություն դրա վերաբերյալ այս պահին չունենք», — Forrights.am -ին ասել էր ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest