ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Բանակային ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին ավելանալու է գիշերամիզությունը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանից:

«Վերջնական որոշում դրա հետ չկա , քննարկման փուլում է, խոսակցություներ կան, բայց ոչ մի հստակ որոշում չկա, պարզապես քննարկել ենք, բայց որևէ փաստաթուղթ, կամ նախաձեռնություն դրա վերաբերյալ այս պահին չունենք», — ասաց նա:

Գիշերամիզությամբ տառապող զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակը պաշտպանության նախարարությունը չի հրապարակում:
Forrights.am-ը դեռևս փետրվարին էր դիմել ՊՆ, պահանջելով տրամադրել գիշերամիզությամբ տառապող ժամկետային զինծառայողների թվաքանակը, սակայն մինչ օրս մեզ չեն պատասխանել:

Մեր ոչ պաշտոնական տեեղեկություններով Հայաստանում մի քանի առանձնացված զորամասեր կան, որտեղ նրանք ծառայություն են անցնում : Մյուս զորամասերում նրանք պահվում են առողջ զինծառայողների հետ և որպես կանոն հոգեբանական խնդիրներ են ունենում, ծաղր ու ծանակի և խտրական վերաբերմունքի են ենթարկվում ծառայակիցների կողմից:

Գիշերային անմիզապահությունը նկատվում է հատկապես դյուրագրգիռ, տպավորվող անձանց մոտ, քնի ժամանակ։ Հիվանդության հիմքում հաճախ կենտրոնական նյարդային համակարգի այն բաժինների խանգարումներն են, որոնք կարգավորում են միզապարկի գործունեությունը:

Հայաստանի կառավարությունը հստակ մոտեցում չի ունեցել առողջապահական նման խնդիր ունեցող երիտասարդների նկատմամբ: Մինչև 2013 թվականը նրանք համարվում էին պիտանին զինվորական ծառայության համար։

2013 թվականի ապրիլի 8-ին օրենքը փոխվեց։ Նրանց ազատեցին բանակից, իսկ անցյալ տարվա ապրիլի 12-ին ընդունված կառավարության 404 որոշմամբ նրանք համարվեցին պիտանի սահմանափակումներով ծառայության համար։ Նրանց համար առանձնացված զորամասեր են բացել Սիսիանում, Գյումրիում, Երևանում, Արմավիրում, սակայն կենցաղային, հիգիենիկ պայմաններ ապահովված չեն: Ոչ պաշտոնական տվյալներով տասնյակից ավելի զորամասեր կան, որտեղ հիվանդ երիտասարդները ծառայում են ընդհանուր զորամասում, բայց քնում են առանձին ննջարանում: Նրանց արժանապատվության համար սա լուրջ փորձութուն է:

Գիշերամիզությամբ տառապողները սովորական կյանքում հաջողությամբ թաքցնում են «անհարմար» հիվանդությունը, բայց զորամասում դա անհնար է, և նրանք հայտնվում են կատակների թիրախում:
Նրանք մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում: Տղաներից մեկի՝ շարքային Ա-ի մայրը, որի հետ զրուցինք հեռախոսով, մեզ պատմեց. «Տղաս գիշռրը հաճախ խնդիր է ունենում ու առավոտ շուտ լողանում է, թաց վիճակում դուրս է գալիս, շարք կանգնում դրսում ու սառչում է: Ձմռանը տղաս հոսպիտալից դուրս չէր գալիս»։

« Ձմեռը մի շրջան եղավ, որ մի քանի ամիս տղաների մեծ մասը ստեղ չէին, հոսպիտալներում էին», — պատմում է առաձնացված N զորամասի շարքային Հ-ն: Նա մեկ տարի է, ինչ ծառայության մեջ է: Ասում է, որ այս մեկ տարին հոգեբանական ծանր վիճակում է անցրացրել: «Կապ չունի, որ քո կողքինները նույն պրոբլեմով են, -մենք մեր այդ խնդրի մասին իրար հետ չենք խոսում»:

Ըստ Հ-ի, նա, ով գիշերը խնդիր է ունեցել, անպայմանորեն շեղվում է օրակարգից: «Ժամանակ ա գնում քո անկողինը փոխելու, ներքնակը դուրս հանելու, արևին գցելու վրա, պետք է նաւ հասցնես լողանալ, չորանալ ու հետ գալ, միանալ մյուսներին: Իհարկե, սպաները այդ ամենը հասկանում են, քեզ ընդառաջ են գնում, բայց բայց դու շեղվում ես օրակարգից»:

Առանձնացված զորամասում ամառային ամիսներին համընդհանւոր հոգսը ջուրն է: «Բոչկա կա մեծ, անընդհատ մեր ուշքու միտքը էդ բոչկան է, հետևում ենք, որ անընդհատ ջուր հավաքվի: առանց ջրի կորած ենք: Ոչ լվացք կարող ենք անել, որ լոգանք ընդունել», — ասում է նա:

Սահմանափակումներով ծառայությունը գիշերամիզությամբ տառապողների առանձնացված զորամասում անարդյունավետ է: Ժամկետային զինծառայողների զբաղմունքը զորամասի մաքրությունը պահելն է:

«Մեր ծառայության ամենամեծ նպատակը խոտեր հավաքելն է, բուսականությունը ջրելը, մաքրություն անելը: Վերջերս զորամասի սպաների հետ խոսելով, հասանք նրան, որ մեզ թույլ տվեցին օրվա շոգ ժամերին մաքրություն չանել: Հիմա առավոտ ու երեկո ենք ծառայում», ասում է Հ-ն ու հարց է տալիս. Էդ ի՞նչ ծառայություն է, ո՞ւմ է պետք»:

Ոչ պաշտոնական տեղեկություններով, հայկական բանակում գիշերային անմիզապահությամբ տառապող մոտ 1000 զինծառայող կա:

«Ես իմացա ու սարսափելի բան է, որ գիշերամիզությունը բանակում ծառայելու ցանկի հիվանդությունների մեջ է մտցված: Դուք պատկերացնու՞մ եք այդ երեխայի ճակատագիրը՝ 2 տարվա ընթացքում: Ո՞վ է այս ցանկը կազմել: Ասում են, որ դա «սիմուլյացիայի» աղբյուր է: Բայց չէ որ կարող է մի դեպք լինել, որ դա «սիմուլյացիա» չլինի: Այդ երեխան արդեն դիակ է, իմացեք, կամ հոգեկան հիվանդ»,- «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest