Ցմահ դատարպարտյալները սրտատրոփ սպասում են այն օրվան, երբ ուժի մեջ կմտնի քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովն այն ընդունել է ս.թ. հունիսի 3-ին:

Նոր օրենքում կա կետ, որն անմիջականորեն վերաբերում է ցմահ դատապարտյալներին: Ըստ այդմ՝ ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ /քրեակատարողական օրենսգրիքի 102-րդ հոդված, մաս 1-ին, կետ «ե»/:
Այս օրերին ցմահ դատապարտյալները անհանգիստ են: Նրանք օրեր են հաշվում, դիմումներ են գրում այն կալանավայրերի պետերին, որտեղ պահվում են, խնդրելով, որ իրենց նկատմամբ կիրառվի նոր օրենքը:

Նրանց թվում է ցմահ բանտարկյալ Ստեփան Գրիգորյանը 1963 թվականի ծնված: 1997թվականին Գերագույն դատարանի որոշմամբ նա դատապարտվել է մահապատժի որպես սպանության մասնակից, իսկ
2003թ. նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագրով մահապատիժը փոխվեց ցմահ ազատազրկմամբ: Նրա հարազատները Forrights.am-ին հայտնեցին, որ Գրիգորյանը դիմում է գրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, որով հայտնել է, որ կալանավայրում է արդեն 24 տարի և խնդրել է, որ իր նկատմամբ կիրառվի ռեժիմի փոփոխություն:

Ստեփան Գրիգորյանին չեն հայտնել, թե երբ է նոր օրենքը ուժի մեջ մտնում և ինչ կարգով է այն կիրառվելու: ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը ՀՀ Նախագահը ստորագրել է հու նիսի 13-ին:

Նոր օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակումից տասն օր հետո, այսինքն, եթե հրապարակման ժամկետը ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրելը համարենք, այսինքն՝ հունիսի 13—ը, ապա ստացվում է, որ ամսի 23-ին այն արդեն պետք է ուժի մեջ մտած լիներ: Սակայն արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը այլ ժամկետ նշեց. «Նոր օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունիսի 29-ին»: Նա խոստացավ, որ նախարարությունը օրերս լրացուցիչ պարզաբանումներ կտրամադրի օրինագծի կիրառման կարգի և ժամկետի վերաբերյալ:

Սա, փաստորեն, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի խրախուսական մրցանակն էր ցմահ դատապարտյալներին: Ինչպես հայտնի անցյալ տարվա նոյեմբերին ընունված համաներման ակտը չտարածվեց ցմահ դատապարտյալների վրա, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել ցմահների շրջանում:

Այսօր ահա առնվազն երկու դրական փոփոխություն է կատարվել, որոնք էապես կփոխեն ցմահների կյանքը: Նրանք կկարողանան տեղափոխվել բաց տիպի քրեակատարողական հիմնարկ, ինչը նախկին օրենսգրքով արգելված էր: Նոր քրեակատարողական օրենսգրքով15 տարի բանտում անցկացնելուց հետո դատապարտյալը իրավունք կունենա դիմելու վաղաժամկետ ազատման համար, ինչը նախկինում կարելի էր միայն ազատազրկման 20-րդ տարին լրանալուց հետո:

Փաստաբան, ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը ասում է, որ այս փոփոխությունների համար պայքար է գնացել 10 տարուց ավելի: «Այս փոփոխույունների, առաջարկների շուրջ իշխանության հետ փորձում ենք խոսել արդեն տասը տարուց ավելի: Հանկարծակի չեղավ այս փոփոխությունը », — ասում է նա:

Ըստ Ռևազյանի, նոր օրենքով ավելի սահուն է դարձել նաև վաղաժամկետ ազատումը: «Ռեժիմի փոփոխության ու պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքները նախկինում բանտարկյալին տրվում էին դատապարտվելուց 20 տարի հետո: Իրենք մեզ ասում էին՝ ո՞նց կարող ենք փակ ռեժիմից հետո անմիջապես մարդուն բաց թողնել:

Հիմա, նոր օրենքով 15 տարվա ազատազրկումից հետո դատապարտյալը կկարողանա փոխել ռեժիմը, անցնել կիսաբաց ռեժիմի, այդ ընթացքում նրանք կվերահսկեն նրա վարքը, ապրելակերպը և 20 տարին լրանալու ու պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը ձեռք բերելու պես արդեն կկարողանան ասել, թե նա կարող է արդյոք գնալ բաց հասարակություն, թե ոչ: Սահուն կանցնի պրոցեսը:

Բաց ռեժիմ առհասարակ չկար ցմահների դեպքում, իսկ հիմա կլինի, և մյուս դրական պահն էլ այն է, որ նոր օրենքով ցմահ դատապարտյալին կարող են պահել մյուս դատապարտյալների հետ միասին: Նախկինում արհեստականորեն խոչընդոտում էին նրանց կիսաբաց ռեժիմ տեղափոխելուն, քանի որ այդ դեպքում պարտավոր էին նրանց համար պահման առանձին պայմաններ ստեղծել, ինչը բարդ էր: Հիմա այս արգելքը ևս վերացավ»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest