ՊՆ-ն բանակին նայում է փակ աչքերով. սեռական բռնությունների փաստերն անտեսվում են

1832

Պաշտպանության  նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, որ հայոց բանակում զինծառայողների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր են լինում:

Ապրիլի 22-ին aravot.am-ի հարցերին պատասխանելով, նա հետևյալ արտահայտությունն է արել. «Մեր Զինված ուժերում, չեմ հիշում մի դեպք, երբ ոչ թե սպան, այլ զինվորը զինվորին բռնաբարի ու շարունակի իր կյանքն ապրել, գիտե՞ս իրեն ինչ օրը կգցեն նման բանի համար: Էս Ադրբեջանը չի, որ տղամարդ բռնաբարելը նորմ է, ուղղակի դժոխք կդարձնեն իր կյանքը: Այնպես կանեն, որ էդ սպան կգնա, կկախվի, իր ընկերները դա կանեն, անցնող, դարձողը կթքի վրան, ո՞նց կարող է Հայաստանում տղամարդը տղամարդուն բռնաբարի ու ապրի, ես ոչ միայն բանակում, քաղաքացիական կյանքում նման բան չեմ լսել»:

Այսպես է ՊՆ խոսնակն արձագանքել Forrights.am կայքի հրապարակումներին Մարտակերտի N զորամասում զինվորներից մեկի նկատմամբ 2018 թվականի հունվարին տեղի ունեցած սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի վերաբերյալ: Սպան, որը, ըստ զինվորի, կատարել է բռնարարքները, վստահեցնում է, որ իրեն զրպարտել են, իսկ զինվորին մեղադրվում՝ սուտ մատնության համար /Քր. Օր-ի 333 հոդված/:  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանն է պաշտպանում նրա շահերը:

Առաջինը զինվորի մայրն է բացահայտել կատարվածը: Մի քանի անգամ որդին զանգել է և օգնության կանչել մորը, սակայն, չի պատմել, թե ինչ է կատարվել իր հետ: Զինվորական երդման օրը մայրը տեսել է որդուն նեղված վիճակում։

«Ասում եմ՝ բալես, ի՞նչ ա եղել, չի ասում, մենակ ասում է՝ օգնի ինձ: Ախր, ի՞նչ ա եղել, իմանամ, որ օգնեմ: Վերջը երկու օր անց մի կերպ պատմեց, որ իր անմիջական հրամանատարն իրեն «ադյալի» մեջ փաթաթել, ծեծել ա, 4-ից 5 օր հետո էլ բռնաբարել ա։ Սկզբում ծեծել ա, հետո բռնաբարել»: Զինվորի մայրն ահազանգել է դեպքի մասին զորամասի հրամկազմին, նաև Forrights.am-ին, որը հետևողականորեն լուսաբանել է հետագա զարգացումները:

Սակայն ՊՆ խոսակը զինվորներին և նրանց ծնողներին չի հավատում: Արծրուն Հովհաննիսյանը պնդում է. «Ես հավատում եմ իրավապահ մարմիններին, ոչ թե զինվորին կամ ծնողին»:

Քանի որ խոսնակը պաշտոնապես ներկայացնում  է նախարարի դիրքորոշումները, վստահաբար կարող ենք ասել, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս չի հավատում հայոց բանակի զինվորներին և նրանց ծնողներին:

Ինչպե՞ս եք գնահատում խոսնակի թերահավատությունը, այն, որ նա չի հավատում զինվորներին, այլ հավատում է զինդատախազությանը, հարց ուղղեցինք Լրագրողներ Հանուն Մադու Իրավունքների ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին.

«ՊՆ խոսնակի հայտարարությունները ոչ պրոֆեսիոնալ են և խուսափողական, փորձում է հանրության մեջ սենսացիա առաջացնել, ընդ որում բավականին գռեհիկ ձևով, թե, իբր վարկաբեկում ենք բանակը: Խոսնակի հավատալ կամ չհավատալը իրավական կատեգորիա չէ: Արդեն մեկ տարուց ավելի է մենք զբաղվում ենք երիտասարդի գործով, բազմաթիվ բողոքներով դիմել ենք տարբեր գերատեսչությունների, նրա ֆիզիկական կեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Մենք շնորհակալ ենք գլխավոր դատախազությանը ինչ-որ խնդիրներին լուծում տալու համար:, սակայն ՊՆ արձագանք չենք ստացել: Սա խոսում է զինծառայողի կյանքի և առողջության նկատմամբ ՊՆ անտարբերության մասին:  Մենք չենք կարող հոգեբանական և ֆիզիկական ծանր վիճակում գտնվող զինծառայողին և նրա ծնողին անտեսել», ասում է իրավապաշտպանը::

Նախարարի և  նրա խոսնակի թերահավատության պատճառն այն է, որ նրանք չեն տեսել գործով դատաբժշկական փորձաքննություննը, որոնք ապացուցում են սեռական բռնության փաստը: «Ես չեմ տեսել դատաբժշկի փորձաքննություն, իրենք չեն էլ ներկայացրել այդ փորձաքննության արդյունքները, ինքը ստում է, ո՞ւր է այդ փորձաքննությունը, բա մեզ ինչո՞ւ ցույց չի տալիս, որ նման փորձաքննություն կա»:

Դատաբժկական փորձաքննությունների երեք եզրակացություններով ապացուցված է, որ երիտասարդն իր կամքին հակառակ սեռական բռնության է ենթարկվել, որ դա արվել է այն ժանանակ, երբ նա գտնվել է զորամասում: Քրեական գործով նիստերը դռնփակ են, և զինվորի փաստաբան Հայարփի Սարգսյանը չի կարող հրապարակել այդ եզրակացությունները պաշտպանության նախարարի և նրա խոսնակի թերահավատությունը ցրելու համար: Սակայն դրանք կան վարույթն իրականացնող մարմնի մոտ:

«Եթե շատ են հետաքրքրված, թող միջնորդեն հենց վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի դրանք իրենց տրամադրվեն: Նույն ճակատագրին արժանանալու են մյուս զինծառայողները, քանի որ մեր բանակում ամենաթողության, անպատժելիության պատճառը հենց պաշտպանության նախարարության այսպիսի գործելաոճն է և հասարակության, իշխանության անտարբերությունը», — գրում է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում:

Խոսնակին իրազեկելու համար, մեր պարտքն ենք համարում ևս  մի փորձաքննական եզրակացությանն անդրադառնանք, որը արվել է … Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով: Ադիբեկյանը զոհվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին: Սպանության հիմնական վկան՝ Կ. Խ-ն, որի ցուցմունքները մեղադրականի հիմքում են, ըստ քննչական վարկածի, սեռական բռնությունների, վիրավորանքների է ենթարկվել Ադիբեկյանի կողմից և ի վերջո, չդիմանալով ստորացումներին, աֆեկտի վիճակում սպանել է նրան:

Ադիբեկյանի հարազատները չեն ընդունում այս վարկածը: Գործում կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ վարկածն այս մտածածին է, սակայն  այն, որ Կ-ն սեռական բռնության է ենթարկվել, անհերքելի է: Ըստ դատաբժշկական եզրակացության, նրա ափերի մեջ, այրվածքների հետքեր են եղել, վնասվածքներ են նկատվել նաև շուրթերի, այտերի, հետույքի, քթի, ամորձապարկի շրջանում, ուղիղ աղու լորձաթաղանթի արյունազեղումներ, մաշկի արտափքվածքներ, ճեղքեր, պատռվածքներ հետանցքի շրջանում երակների հիվանդագին փոփոխություններ, կոշտ և բութ առարկայի ներթափանցումների հետքեր:

Սակայն ոչ մի ապացույց, որ դրանք թողել է Նարեկ Ադիբեկյանը, այլ ոչ, ասենք, զորամասի սպաները, չկա: Ավելին՝ դատաբժշկական եզրակացությունից հետևում է, որ սեռական գործողությունները Կ. Խ-ի հետ կատարել են զորամասում, ոչ թե մարտական հերթապահության ժամանակ, ինչպես ներկայացնում են քննիչները:

Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ գոնե վերջին յոթ տարում իրեն որևէ դեպք հայտնի չի, երբ ապացուցված լինի, որ հայկական բանակում զինվորի նկատմամբ սեռական բռնության են ենթարկել: Խոսնակի այս համոզմունքը ապացուցում է, որ պաշտպանության նախարարությունը որևէ ուսումնասիրություն չի կատարել բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող հանցագործությունների,  հետևապես նաև բանակում տիրող բարոյահոգեբանական  մթնոլորտի վերաբերյալ, չի քաղել դասեր, և  չկա երաշխիք, որ այս  նողկալի հանցագործությունները չեն շարունակվի:

Սյուզան Սիմոնյան