Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկի՝ Քյարամ Սլոյանի տանը երկու օր է, հյուրեր են ընդունում՝ լրագրողներ, զինկոմիսարիատի աշխատակիցների, պարզապես անծանոթ մարդիկ, ովքեր չեն իմացել, որ գերեզմանը Ջրառատում է, եկել են Արտաշավան, բայց գերեզմանը չեն գտել ու մտել են Սլոյանների տուն։

Այսօր մարզպետարանից էին եկել Սլոյանի մորը՝ Նվարդ Սլոյանին, մխիթարելու։ Մոր սիրտը ուրախանում է հյուրերին տեսնելով, բայց չի մխիթարվում։ Նվարդ Սլոյանը չի կարողանում խոսել որդու մահվան մասին։

«Ոնց որ էսօր եղած լինի, ոնց որ նոր լսեմ էդ ամեն կատարվածի մասին, — ասում է, մահ բառից խուսափելով, — ինձ բան մի հարցրեք, մի հարցրեք»։ Մարտակերտում զոհված, ադրբեջանցի զինվորների կողմից գլխատված Քյարամին երկու անգամ են հանձնել հողին։ Առաջին անգամ՝ մարմինը։ Ապա՝ վերահուղարկավորություն է եղել, այն ժամանակ, երբ ծնողներին վերադարձրել են տղայի գլուխը։

Նրա մայրը՝ Նվարդ Սլոյանը երկար ժամանակ չի իմացել որդու դաժան մահվան մասին։ «Մի 6-7 ամիս անցավ,  նոր ինձ ասեցին։ Ոչ հեռուստաույց էին միացնում, ոչ ֆեյսբուք- մեյսբուք, էդ ինտերնետները անջատում էին, որ չիմանամ»։

Որդու մահվան մասին նա իմացել է հաջորդ օրը։ «Զանգում-զանգում էինք, չէր պատասխանում, հետո մյուս օրը զինվորներից մեկը վերցրել էր Քյարամի հեռախոսը։ Իմացանք, ինքնա, ասեցինք՝ էս քանի օրը զանգում-զանգում ենք, չես պատասխանում։ Ու ասել ա՝ ես Քյարամը չեմ, մեր ախպերը չկա արդեն»։

 Ամեն վարկյան Քյարամը Նվարդի հետ է։

«Ամեն րոպե, ամեն ժամ խոսում եմ հետը՝ նկարների հետ եմ խոսում, իր հետ եմ խոսում, մի տեղ գնում եմ, իրան պատմում եմ, ոնց որ իմ հետ լինի։ Հենց կարոտում եմ, գնում եմ տեսնում եմ, գալիս եմ։ Շաբաթը երկու անգամ կարող ա, գնամ»,-  կիսվում է մեզ հետ կինը ու թեթևանում է։

Նվարդ Սլոյանը պատմում է, որ որդին նախազգացել է, որ իր հետ վատ բան է կատարվելու։ «Ժամը չորսին զանգեց հետս խոսաց, ուրախ էր, ասեց՝ մամ, հելել եմ պոստեր, ուզում եմ ձեր հետ խոսամ։ Էդ օրը ուզում էր բոլոր հարազատների հետ խոսար, ոնց որ հակառակը լիներ։ Ոնց որ հրաժեշտ ուզեր մեզ տալ»։

Ամենավատն արդեն կատարվել է։ «Ոչ ոք էլ մեղավոր չի։ Դա երեխեքի պատերազմ էր։ Ո՞ւմը մեղադրեմ, որ մեղադրեմ, կգ՞ա Քյարամս»։, — մղկտում է մայրը։ 

Նվարդ Սլոյանը տղայի, հարսի ու փոքրիկ թոռնիկի հետ է ապրում։ Պայմաններից, կյանքից  չի դժգոհում, թեև ընտանիքը  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում սկսել է ստանալ միայն հեղափոխությունից հետո։  «Սկզբում, օգոստոսից մի քանի ամիս 20 հազար էինք ստանում, հետո, հունվարից 150 հազար սկսեցինք ստանալ ու էն 20 հազարների պակասող գումարն էլ միանգամից ստացանք»,  — պատմում է Նվարդը ու մի քանի անգամ շեշտում է, որ եթե Նիկոլը չլիներ, իրենք այդ գումարը չէին ստանա։

Նրա մյուս որդուն՝ Հրաչ Սլոյանին էլ են տարել բանակ, թեև Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին ՀՀ օրենքով  զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունի։

«Տարան Հրաչիս։ Օրենք կար, ես չէի կարում լեզուս չէր պտտվում, որ գնայի ասեյի, Քյարամի ախպերը թող չեթա ծառայի, ես էդքան բան չէի կարա ասեի։ Ես մենակ խնդրեցի գլխավոր շտաբին, որ հեռու չտանեն, մոտիկ տանեն»։ Մոտիկը՝ Գորիսն էր։ Նվարդը գոհ է։

Գնդացրորդ Քյարամ Սլոյանը ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էր։ Նա կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աղաջանյանի, Անդրամնիկ Զոհրաբյանի հետ նույն մատական հենակետում։ Տղաները մնացել են դիրքում նույնիսկ այն ժամանակ, երբ նահանջի հրաման են ստացել։

Ապրիլի 27-ին Քյարամը կդառնար 23 տարեկան

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest