15 տարի շարունակ՝ աշխատանք գտնելու հույսով. հաշմանդամության խնդիրները

0
1656

Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք

Այս դրույթն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածով, սակայն դա «չի խանգարել» 31-ամյա իջևանցի Լիա Ղազարյանին 15 տարի շարունակ սպասել արձագանքի՝ աշխատանք գտնելու հույսով: Մասնագիտությամբ մանկավարժ է, սովորել է նաև համակարգչային գործավարություն, դիզայն, ապահովագրական գործ, անգամ՝ խմորեղեն թխել, հիմա էլ խաղում է պարալիմպիկ հոկեյ` սահնակի վրա նստած: Սակայն ասում է՝ ուր դիմում ես, ուղղորդում են դեպի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն.

«Երբ Իջևանում «Հույսի կամուրջը» նոր էր բացվել, ես առաջին սաներից էի: Այն ժամանակ ինձ այնտեղ խոստացան, որ դպրոցն ավարտելուց հետո կապահովեն աշխատանքով, նույնը ասացին, երբ համալսարանում էի սովորում, ու այդպես էլ չապահովեցին աշխատանքով»,- պատմում է Լիան:

Նրա մոտ առկա է սկոլիոզ՝ ողնաշարի թեքվածություն, ինչն առաջացել է ձախ ոտքի կարճության հետևանքով: Գործատուից երբեք չի թաքցնում հաշմանդամություն ունենալու հանգամանքը: Սակայն ասում է՝ տեղյակ լինելով՝ իրեն աշխատանքի են հրավիրում, բայց կեսից մերժում են՝ առանց հիմնավոր պատճառաբանության: Լիան համոզված է, որ դա հաշմանդամության հիմքով խտրականություն է իր հանդեպ, մինչդեռ ցանկացած հիմքով խտրականություն արգելված է ՀՀ սահմանադրոությամբ (հոդված 29).

«Երևանում հեռախոսավարուհու աշխատանքի համար 3-օրյա պրակտիկայի հնարավորություն տվեցին: Ասել էին՝ հաշմանդամությունդ խնդիր չէ, դու պիտի հեռախոսով զանգես ու խոսես: Առաջին օրը մինչև ժամը 5-ը մնացի, դրանից հետո ինձ տուն ուղարկեցին: Բայց պատվերներ էի արել՝ ի տարբերություն մյուս պրակտիկանտի: Ինձ ասացին՝ «Լիա ջան, կներես, գնա, քեզ մոտ չի ստացվում, հնարավոր է՝ մեկ ուրիշն ավելի լավ կարողանա պատվեր գրանցել»:

Լիան նաև պատմում է, թե ինչպես է մի անգամ 1 ամիս աշխատել որպես հեռախոսավարուհի և ստացել 20 000 դրամ աշխատավարձ՝ այն պարագայում, երբ իր հետ նախապես կնքվել է պայմանագիր՝ ֆիքսված աշխատավարձով: Գործատուն էլ պատճառաբանել է՝ ասելով, թե քիչ թվով պատվերներ են գրանցվել: Հարկ է ընդգծել որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է.

«Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին» (հոդված 85.2):

Լիայից հետաքրքրվեցինք՝ խնդրի համար արդյոք դիմել է որևէ իրավապաշտպան կառույցի կամ հասարակական կազմակերպության: Ասաց, որ միայն դիմել է «Փարոս» ծրագրին, սակայն ասել են, որ Իջևանում մասնաճյուղ չունեն: Այս պահին Երևանում է ապրում: Իջևանից տեղափոխվել է՝ աշխատանք գտնելու նպատակով: Ասում է՝ ամեն մի մերժումն իր համար նոր ուղղություններ փնտրելու առիթ է:

Լիան նաև աշխատանքային փորձ ունի Ռուսաստանի Դաշնությունում. կարուձև անել է սովորել և 3 ամիս աշխատել: Հաշմանդամություն ունենալն էլ որևէ կերպ դրան չի խոչընդոտել. «Գործատուները չպիտի նայեն ֆիզիկական տվյալներիդ, այլ պիտի տան հնարավորություն՝ ունակություններդ ցուցադրելու: Թող անեմ աշխատանքը, չստացվի, նոր ասեն՝ մերժում ենք, ես դրան համաձայն եմ, բայց միանգամից նայել ու ասել՝ գնա, կզանգենք, ճիշտ չէ»,- նշում է մեր հերոսը:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տվյալների՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկ է եղել 70236 մարդ, որոնց 4.2%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք (2983 մարդ): Իսկ ընդհանուր առմամաբ այս ցուցանիշում գերակշռում է գործազուրկ կանանց թիվը՝ կազմելով ընդհանուր թվի 66.7%-ը:

Հարցմանը, թե 2018թ. ընթացքում ինչպիսին է եղել զբաղվածության պատկերը հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխանել են՝ ներկայացնելով հետևյալ տվյալները.

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց հարցերով զբաղվող «Ունիսոն» իրավապաշտպան ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն ընդգծում է, որ շրջակայքի հարմարվածության մակարդակն ուղիղ կապ ունի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հետ. «

Գործատուների մեծամասնությունը հնարավորություն կամ ցանկություն չունեն իրականացնել անհրաժեշտ վերակառուցում կամ այլ ադապտացիաներ։ Օրինակ, խուլ մարդկանց հիմնական խնդիրը հաղորդակցման հետ է կապված, ուստի նրանցից շատերը կամ չեն աշխատում, կամ էլ կատարում են ծանր ֆիզիկական, որը չի պահանջում ակտիվ շփում այլ աշխատակիցների կամ հաճախորդների հետ։ Գրեթե անհնար է աշխատանք գտնել կույր, ինչպես նաև մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար»,- նշում է նա:

Վերջինս այս ամենը համարում է անուղղակի խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Որպես ապացույց՝ Արմեն Ալավերդյանը մեջբերում է նաև վիճակագրական տվյալներ. «Աշխատանքային տարիքում գտնվող հաշմանդամների ընդամենը 8-9 տոկոսն է ապահովված աշխատանքով, ինչը զգալիորեն գերազանցում է բնակչության գործազրկության մակարդակը»։

Չնայած երկարատև քննարկումներին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին ՀՀ օրենքի նախագիծը դեռևս ուժի մեջ չի մտել: Մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր միտված են խթանել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը, սակայն ըստ Ալավերդյանի՝ դա էականորեն չի ազդում ընդհանուր պատկերի վրա.

«Զբաղվածության մասին օրենքում կա քվոտայի պահանջ, որը, սակայն, կասեցվել է անորոշ ժամանակով։ Որոշակի ծրագրեր (աշխատավարձի մասնակի փոխհատուցում, աշխատատեղի հարմարեցում և այլն) հաճախակիորեն սառեցվում կամ փոփոխվում են, ընդ որում փոփոխությունները հիմնականում նվազեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հաջողության հասնել աշխատաշուկայում։ Գործատուներից շատերը իրազեկված չեն, թե ինչ պետական ծրագրերի շնորհիվ հաշմանդամին աշխատանքի ընդունելը կարող է շահավետ լինել»:

Նելլի Պետրոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here