Մեկ տարում մահվան 17 դեպք, ինքնասպանության՝ 2, հացադուլի՝ 394, ինքնավնասման 607 դեպք

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մի շարք խնդիրներ շարունակել է մնալ օրհասական: Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին, օրենսդրական ու պրակտիկ բնույթ կրող փոփոխություններին, 2018թ․ հեղափոխությանն ու իշխանափոխությանը, այնուամենայնիվ, ՔԿՀ-ներում դեռևս առկա են մի շարք խնդրահարույց երևույթներ:

Համեմատած նախորդ տարիներին, 2017 թ. ՔԿՀ-ներում արձանագրվել է մահվան 17 դեպք, որից 8-ը՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, 2-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների, 2-ը՝ ինքնասպանության և 5-ը այլ հիվանդությունների հետևանքով։ Ի հակադրություն վերոնշյալի, նախորդ տարիների համեմատ 2017թ. նվազել է ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատ արձակվածների թիվը։

2017թ. արձանագրած ինքնասպանության 2 դեպքերով անցկացվել է 2 ծառայողական քննություն, որոնցից 1-ի արդյունքներով քրեակատարողական ծառայողների գործողություններում կարգապահական խախտման տարրեր չեն հայտնաբերվել, իսկ 1 ծառայողական քննություն կասեցվել է:

Արձանագրվել է ինքնավնասման 607 դեպք, իրականացված սոցիալ-հոգեբանական բնույթի աշխատանքների արդյունքում կանխվել է ինքնավնասման 190 դեպք։  Ինքնավնասումների պատճառները հիմնականում կապված են քրեական գործերի, տեղաբաշխման, անձնական խնդիրների հետ, որոշ դեպքերում ինքնավնասում են կատարում հոգեկան անհավասարակշիռ վիճակում, որոշ դեպքերում էլ՝ ներկայացվում են անօրինական պահանջներ:

«Յուրաքանչյուր ինքնավնասման դեպքով կազմվել են նյութեր, անցկացվել է հետաքննություն, մինչդեռ ծառայողական քննություններ չեն անցկացվել»,- ասվում է  Դիտորդական խմբի զեկույցում։

394 հացադուլի դեպք, որից 190-ը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, 96-ը՝ «Արմավիր»-ում, իսկ 36-ը՝ «Հրազդան»-ում։ Հացադուլ հայտարարելու պատճառներից գլխավորը ազատությունից զրկված անձանց՝ քրեական գործերի հետ կապված խնդիրներն են: Պատճառներից են նաև վարչակազմի կողմից իրենց պահանջների անտեսումը (օրինակ` խուցը փոխելու պահանջը), հիվանդանոց չտեղափոխելը, պայմանական վաղաժամկետ չազատելը և այլն։

Արձանագրվել է դեպք, երբ պետության կողմից ժամանակին պատշաճ բուժօգնություն չտրամադրելը հանգեցրել է դատապարտյալի մահվան։

Եթե անցած տարվա տվյալներով քրեակատարողական հիմնարկներում հրատապ խնդիր էր համարվում գերծանրաբեռնվածությունը՝ 6-8 հոգանոց խցում 13-15 կալանավոր, ապա այսօր ամենախնդրահարույցը թերևս բուժսպասարկումն է․ դեղորայքային ապահովվածության ու վերջիններիս որակի խնդիրները, տեխնիկական ու կադրային հագեցվածության հարցերը։

«Դեռևս խիստ մտահոգիչ են մասնագիտական պատշաճ բուժօգնության հասանելիության ու քրեակատարողական հիմնարկների բուժծառայությունների կադրային համալրվածության խնդիրները։ Այդ է պատճառը, որ Խմբի կողմից բուժսպասարկման վերաբերյալ ստացված ահազանգերի մեծ մասը կապված է եղել ՔԿՀ-ում կամ ժամանակին առաջնային օգնություն չստանալու, կամ ՔԿՀ պայմաններում որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորության բացակայության հետ»,- նշեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

Այսօր դեռևս շարունակվում է ոչ լիարժեք գործել ծանր հիվանդության հիմքով ազատ արձակելու ինստիտուտը: Դիտորդական խմբի կողմից արձանագրվել է դեպք, երբ պետության կողմից ժամանակին պատշաճ բուժօգնություն չտրամադրելը հանգեցրել է դատապարտյալի մահվան։

Քրեակատարողական համակարգում ոչ պատշաճ բժշկական միջամտություն ցուցաբերելու արդյունքում պատասխանատու անձանց պատասխանատվության չենթարկելը տարիների ընթացքում հանգեցնում է նոր մահացության դեպքերի:

ՔԿՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենացածր խավն են համարվում

Քրեակատարողական հիմնարկներում խոցելի խմբերի մեջ առանձնահատուկ խտրականության են ենթարկվում ԼԳԲՏ անձիք։ Մասնավորապես,  շարունակվում և խորանում է խարանն ու խտրականությունը և համատարած խոշտանգումները նույնասեռական համարվող ազատազրկվածների նկատմամբ։ Նրանք պահվում են առանձին խցերում, սնվում առանձնացված սպասքից, ապահովում «զոնի» մաքրությունը․

«ՔԿՀ-ում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ամենացածր խավն են համարվում։ Նրանք ներգրավվում են նվաստացուցիչ աշխատանքներում, ճաշը բերվում է սայլակի ներքևի հատվածում, մատուցվում է առանձին շերեփներով, սպասքն ու շփումն է առանձնացված, բայց դա դիտվում է նորմալ երևույթ։ Ըստ քրեակատարողական անձնակազմի, դա արվում է նրանց անվտանգությունն ապահովելու համար: Հավաքարարի աշխատանք են կատարում, աղբը «զոն»-ի տարածքից հանում են դարձյալ այդ համայնքի դատապարտյալները»,- ներկայացրեց խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը։

Փաստացի, խոցելի խմբերն ակամա կրկնակի պատիժ են կրում ՔԿՀ-ներում՝ ի
տարբերություն այլ ազատազրկվածների: Այս կամ այլ խոցելի խմբի ներկայացուցիչ լինելը բերում կամ հիմք է ստեղծում այդ անձանց նվաստեցմանը, խոշտանգմանը,
հոգեբանական ճնշմանը, առողջությանը վնաս հացնելուն և շահագործմանը:

Քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս ակնառու փաստ են

Ապրիլյան հեղափոխությունից հետո, ներկա իշխանությունները պարբերաբար շարունակում են բարձրաձայնել, որ կոռուպցիան վերացել է կամ գոնե նվազագույնի է Հայաստանում։ Դիտորդական խումբը, սակայն, հակառակն է պնդում․ քրեակատարողական հիմնարկներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս ակնառու փաստ են․

«Իրականացվել է ուսումնասիրություն, որն ի հայտ է բերել այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրեթե փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ 2016 հետ համեմատած: Գրեթե փոփոխություններ չեն եղել ինչպես կոռուպցիոն դրսևորումների մակարդակի նվազեցման առումով, այնպես էլ ՔԿՀ-ում առկա կոռուպցիոն «սակագնային ցուցակի» մեջ:

Տվյալներ ենք ստացել, որ գոյություն չունի խցի համար գումար գանձելը, բայց շարունակում է խնդրահարույց մնալ հեռախոսի հարցը: Լավագույն լուծումը երևի թե կլինի օրենսդրական լուծում գտնելը: Բջջայինի օգտագործման, խուզարկությունների ժամանակ դա «չտեսնելու» համար գնացուցակը աճում է»,- հայտարարեց Դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը։

Դիտորդների խումբն առաջարկում է օրինականացնել հեռախոսի գործածությունը ՔԿՀ-ներում․ հնարավորություն տալ հեռախոս ունենալ այն դատապարտյալին, որը պատժի կրման ընթացքում ցուցաբերում է օրինակելի վարքագիծ։: Այս հանգամանքը կշահագրգռի դատապարտյալներին, որ հնարավորինս առանց խախտումների պատժաչափն անցկացնեն՝ վերոնշյալ արտոնություններից օգտվելու համար:

Ցմահ դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու «աննախադեպ» երևույթը պետք է վերանայվի

2017 թվականին արձանագրվել է դատապարտյալների՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման թվի կտրուկ աճ: Այսպես, համաձայն պաշտոնական տվյալներI` վաղաժամկետ ազատվել է 365 ազատազրկված անձ:

«Չնայած իրականացված փոփոխություններին և վաղաժամկետ ազատման ենթարկված դատապարտյալների արձանագրված թվի աճին, այնուհանդերձ, պետք է նշել, որ դեռևս կան լուրջ մտահոգություններ: Խնդիր են եղել հատկապես անկախ հանձնաժողովների կողմից կայացվող որոշումները: Մասնավորապես, որոշումները չեն եղել հիմնավորված և պատճառաբանված: Բացի այդ, արձանագրվել են նաև որոշման կայացման ընթացակարգային խնդիրներ, որոնք ընհանուր առմամբ բացասաբար են անդրադարձել համակարգի արդյունավետ գործունեության վրա»։

Փաստենք, որ հոկտեմբերի 16-ին աննախադեպ երևույթ գրանցվեց այս առթիվ․ ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանը, որը շուրջ 23 տարի է բանտում էր, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց ոչ թե առողջական շատ ծանր հիմքով, այլ դրական բնութագրի հիման վրա։ Երևույթն աննախադեպ էր, քանի որ ՀՀ արդարադատության մեջ նման դեպք չէր գրանցվել։

Forrights-ը փորձեց ճշտել, թե ինչու է այս երևույթն «աննախադեպ» Հայաստանում։ Մի՞թե քրեակատարողական հիմնարկների թերի աշխատանքի արդյունքն է, որ անձը 20 և ավել տարիներ գտնվելով բանտում, չի ուղղվում և շարունակում է մնալ հանրության համար վտանգ ներկայացնող անձ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ ցմահ ազատազրկվածների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դեպքերը քիչ են լինում, քանի որ պետք է հաշվի առնել մի քանի դրույթներ․

«Ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարած անձանց դեպքում խնդիրը մի փոքր բարդանում է։Պետք է հաշվի առնել տվյալ անձի վարքագիծը, հանցագործության բնույթը, կրկնահանցագործություն գործելու վտանգը և, իհարկե, տուժողի կարծիքը՝ սոցիալական արդարությունը։ Ցմահականներին հատուկ մոտեցում է ցուցաբերվում։ Նրանց նկատմամբ կիրառվում է տարբեր խրախուսական ինստիտուտներ։ Մենք կարծում ենք, որ ցմահ դատապարտյալները ոչ թե պետք է միանգամից ազատ արձակվեն, այլ այդ գործընթացքը լինի փուլային։ Եթե անգամ նրանք պայմանական ազատ չարձակվեն, գոնե ավելի թեթև ռեժիմով կրեն իրենց պատիժը»,- Forrights-ին ի պատասխան նշեց փոխնախարարը։

Խումբը նախկինում հանդես է եկել առաջարկությամբ, որ օրենսդրությունից հանվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց առանձին պահելու արգելքը, ինչը հնարավորություն կտա նշված անձանց ինտեգրվել այլ դատապարտյալների հետ, նաև դրականորեն կազդի ուղղման գործընթացի վրա: Տվյալ խնդրի լուծումը հնարավորություն կտա նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահել ընտանիքի բնակության վայրին մոտ քրեակատարողական հիմնարկներում, ինչը կնպաստի ընտանիքի հետ կապը սերտ պահելու գործընթացի վրա: Առաջարկի փաթեթն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest