Մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը

59346

Մոտ մեկ ժամ առաջ սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: Forrights-ի հետ զրույցում հաստատեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վերջին ժամանակներս 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ հենց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի ենթարկեցին Արայիկ Խանդոյանին:

«Արայիկ Խանդոյանը բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ու ամենաանմարդկային ձևով: Պատճառն այն է եղել, որ երբ դատական նիստերի դահլիճից ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Սմբատ Բարսեղյանին ծեծելով տարել են, Արայիկ Խանդոյանը  բարձրաձայնել է՝ ի՞նչ եք անում: Այդ մարդիկ շարունակել են իր հետ նույնկերպ վարվել: Ես համոզված եմ, որ Խանդոյանն  առնվազն ուղեղի ցնցում է ստացել, շատ ցավեր ունի գլխի, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ կան»,- մանրամասնել էր պաշտպան Արայիկ Պապիկյանը:

Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը պարգևատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:

«Միայնակ Գայլ» Խանդոյանը կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Միայն 2 տարի անց դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել Խանդոյանի խափանման միջոց կալանքը:

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր և իր խնամքին ուներ 5 երեխա: