«20 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովուրդն իր ձայնն է ունեցել…Սա չի անցնելու, սա տանելու է արյունահեղության»,- ԱԺ արտահերթ նիստից հետո հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս, առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գողություն արեց: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան»,- բորբոքված հայտարարեց նա:

Իր հերթին, «ԵԼՔ» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այս օրինագծի նպատակն է, որ վարչապետի հրաժարականի պարագայում ԱԺ-ն ցրելու ընթացակարգը խափանվի:

«Իրենք ասում են՝ տենց բան չկա, դա մի ուժ է արել, մյուս ուժերը կապ չունեն: Հիմա տեսանք, որ բոլոր ուժ-երը կապ ունեն, բացի «ԵԼՔ»-ից: Օրենքն ընդունվեց, սակայն Սահմանադրությունը հստակ ասում է՝ եթե հրաժարականից հետո 14 օրում վարչապետ չի ընտրվում, խորհրդարանն օրենքի ուժով ցրվում է: հետեւաբար, այս օրենքը, որ իբր սրանով կընդհանտեն նիստը և կպահեն այդ ժամկետը, այն ուժ չունի: Այն իրավիճակը չի փոխելու»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դեռ օրենքը պետք է ստորագրվի, ուժի մեջ մտնի:

Հիշեցնենք, որ ընդամենը 2 ժամ առաջ, 67 «կողմ» ձայնով ԱԺ-ն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «հակահեղափոխական» որակավորված օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:

Pin It on Pinterest