Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը միակն է, որին վիրահատող ու բուժող բժիշկն ամեն անգամ տեսնելիս գլուխը կախում է: «Նա ասել էր, որ ես երբեք չեմ քայլելու։ Նույնիսկ Գերմանիայից եկած մասնագետները հույս չտվեցին, որ ես անգամ սայլակ կնստեմ. եթե դա լինի, մեծ հրաշք կհամարեն։ Հրաշքը եղավ»,- պատմում է Հայկ Սեխիլյանը:

Նա անկողնային պառկած մնաց 6-8 ամիս: «5-րդ ամսում վերակենդանացման բաժանմունքում ոտքիս բութ մատն արդեն սկսել եմ շարժել։ Բժիշկները ասացին, թե դա իմ երեւակայության արդյունքն է։ Սակայն հետո՝ օրվա մեջ մի երկու անգամ, շարժումը կրկնեցի ու այդպես սկսեցի քիչ-քիչ քայլել։ Միշտ ձեռքերիս հաշվին էի ձգվում, տեղաշարժվում` պատերին բռնված, ոտքերս անզգա վիճակում ուղղակի ճոճորվում էին: Հիվանդանոցի ամբողջ պատերն արյուն էի արել։ Բժիշկները գալիս, ասում էին՝ դե հերիք է. համ քեզ ես տանջում, համ մեզ, բայց հիմա արդեն արդյունքը տեսնում եք՝ ձեռնափայտով քայլում եմ: Դրա համար երբեք հույսս չեմ կորցնում»,- հավաստիացնում է նա։

Հայկ Սեխիլյանը ողնաշարի կրծքային Տ4 մակարդակի կոտրվածք ստացավ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Արցախի Հանրապետության Թալիշի դիրքերից մեկում՝ ականի պայթյունից: Ստացել է առաջին կարգի հաշմանդամության կարգ, վիրահատվել է երկու անգամ, եւ բուժումը դեռ շարունակվում է. «Մենք մեզ հաշմանդամ չենք համարում, միայն թղթերով։ Սպորտով զբաղվելը եւս նպաստում է քայլելուս, մինչդեռ նախկինում ես միայն պառկած վիճակում եմ եղել»:

Նրա առողջության ամբողջական վերականգնում հնարավոր է, սակայն դրա համար հարկավոր է եւս մեկ վիրահատություն, քանի որ, նրա խոսքով, բեկորներ կան դեռ մնացած: Հայկ Սեխիլյանի վստահեցմամբ՝ ՀՀ-ում իր բուժումը հնարավոր չէ իրականացնել, այլ միայն Գերմանիայում. «Մեր բժիշկները ռիսկ չեն անում` սարքավորումների բացակայության պատճառով, քանի որ բեկորները խորն են՝ փափուկ հյուսվածքների մեջ են։ Իսկ թե երբ կգնամ արտերկիր՝ բուժման, դա արդեն պետության որոշելիքն է»։ Վիրավոր զինծառայողը երկու տարի է` մեկնելու հարցը բարձրացնում է, սակայն լուծումն անընդհատ ձգձգվում է, նրա բնորոշմամբ, անիմաստ պատճառաբանություններով. «ՀՀ-ում ոչ մի բժիշկ գրավոր չի գրում, որ ինքը չի կարող վիրահատել։ Միայն բանավոր են ասում. շատ կլինիկաներ կան, որ մոտեցել եմ, շատ ջերմ ընդունելություն են ցույց տվել, սակայն ասել են, որ միայն բանավոր կարող են հաստատել, որ չեն կարող վիրահատել»։

Ըստ նրա՝ մյուս խնդիրն այն է, որ հայ մասնագետները Գերմանիայից պահանջում են տվյալներ, թե ի՞նչ ժամանակում են կարողանալու իրեն բուժել, ի՞նչ մեթոդով, ի՞նչ կարժենա, մինչդեռ Գերմանիայից պատասխանում են՝ մինչեւ չհետազոտեն, իրավասու չեն որեւէ տվյալ ուղարկել. «Գերմանիայում հետազոտումն արժե 3000 եվրո: Ասում եմ` այդ գումարը տվեք, գնամ հետազոտվեմ ու ձեզ ինչ թուղթ հարկավոր է, բերեմ, ասում են` մենք նման լիազորություն չունենք, որ բյուջեից նման գումար դուրս գրենք։ Եթե Գերմանիայի կլինիկայում արված ախտորոշումն համընկնի ՀՀ հետ, ապա 25-26 հազար եվրո կարժենա ամբողջական բուժումս, ու 6 շաբաթում ես կկարողանամ ոտքի կանգնել»։ Իշխանափոխությունից հետո անձամբ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել.

«Նա ոչ ասել է` հա, ոչ՝ չէ: Հիմա սպասողական վիճակում եմ։ Աշխարհի տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն եմ իրականացրել, այդ թվում եւ՝ Գերմանիայում ու կարող եմ գնալ, հանձնվել ու բուժումն այդպես իրականացնել, սակայն չեմ ցանկանում այդ տարբերակով հեռանալ հայրենիքից. թեկուզ այս կարգավիճակով, բայց կմնամ այստեղ»։

Հայկ Սեխիլյանը պատմում է, որ թե Գերմանիայի, թե Իսրայելի, թե ԱՄՆ բժիշկները զարմացած են` վերջին 70 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ մարդու ողնուղեղը 3 մմ կտրվի ու նա վեր կենա ու քայլի. «Արտերկրի բժիշկները չեն հավատում, անգամ ասում են, թե հաստատ ՀՀ-ում սխալ ախտորոշում են տվել։ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի բժշկական կենտրոնից Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց հատուկ թուղթ էին ուղարկել, որ այդ վնասված տեղը նորից նկարեն ու ստացված պատկերից զարմացած էին մնացել։ Արտերկրից ժամանած այդ բժիշկներն անգամ դիտողություն են արել մեր մասնագետներին, որ նման դեպքը նրանց համար կարող էր գիտահետազոտական աշխատանքների համար կարեւոր լինել, սակայն աչքաթող են արել»։

ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետի պաշտոնակատար Լիանա Բարսեղյանը չժխտեց, որ Գերմանիայի Հելդեբերգի համալսարանական կլինիկայից Հայկ Սեխիլյանին առաջարկվել է նախնական հետազոտություն` հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Սակայն զինծառայողներին օտար երկրներում բուժօգնության ուղարկելը կարգավորվում է Կառավարության 2016թ. 410-Ն որոշմամբ, որի հիման վրա Առողջապահության նախարարություն է ներկայացվում փաստաթղթերի համապատասխան փաթեթ։

Նույն որոշմամբ սահմանված է նաեւ, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնագիտական եզրակացության հիման վրա, եթե այն դրական է, Կառավարությունը փոխհատուցում է այդ ծախսերը։ Տիկին Բարսեղյանին զարմացրեց զինծառայողի այն պնդումը, որ բժիշկները հրաժարվել են ՀՀ-ում բուժում իրականացնել: Ըստ նրա՝ հունիսի մեկին եղել է միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննարկվել է Հայկ Սեխիլյանին վերաբերող փաթեթը` Գերմանիայից ուղարկված հրավերով, ու մասնագետները եկել են այն եզրակացության, որ նախնական այդ հետազոտությունները հնարավոր է ապահովել բժշկական մի քանի հաստատություններում.

«Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է նաեւ ՀՀ ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, որը առաջարկեց հենց իրենց բուժհաստատությունում` Հերացու անվան համալսարանական կլինիկայում, Հայկն անցնի այդ զննությունները, իսկ եթե անհրաժեշտ է, կոնսիլիում հրավիրվի` հետագա իր բուժման տակտիկան որոշվի եւ բուժումն այնտեղ ստանա։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարից ստացանք գրություն, որով խնդրել է, որ մենք դիմենք այդ կենտրոնին` Հայկի բուժումը կազմակերպելու համար, ինչը մենք արել ենք։ Ռուբեն Ֆանարջյանն էլ մեզ պատասխան գրություն է ուղարկել՝ նշելով, որ պատրաստ է ընդունել Հայկին, որի` պետպատվերով բուժման ուղեգիրը տալիս է ՊՆ բուժվարչությունը»։

Քանի որ Հայկ Սեխիլյանն ունի առարկություններ, նրա բուժման փաթեթը նորից պետք է վերանայի մասնագիտական հանձնաժողովը եւ նորից եզրակացություն տա: «Այդ դեպքում ՊՆ-ն կրկին պետք է դիմի մեզ` Առողջապահության նախարարություն՝ գրությամբ, փաթեթով, Գերմանիայի այդ կլինիկայի հրավերով: Այդ դեպքում նորից կհավաքվի մասնագիտական հանձնաժողովի նիստ, քննելու համար բոլոր փաստաթղթերը։ Նիստին ներկա կլինի նաեւ Ռուբեն Ֆանարջյանը ու պարզ կդառնա` իրոք, մերժե՞լ են Հայկին, թե հնարավոր է բուժումը ՀՀ-ում իրականացնել: Միջգերատեսչական հանձնաժողովի այդ պատասխանն արդեն կլինի գրավոր։ Դա էլ հիմք կլինի Կառավարության համար` գումար դուրս գրել-չգրելու համար։ Թե դրական, թե բացասական եզրակացության դեպքում մենք այն ուղարկում ենք ՊՆ»,- ընդգծեց Լիանա Բարսեղյանը։

Պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ ՊՆ. ո՞րն է Գերմանիա բուժման մեկնելու ձգձգման պատճառը, արդյոք ՊՆ-ին ՀՀ համապատասխան բուհաստատություններից պարզաբանում տրվել է՝ ինչո՞ւ գրավոր չի ձեւակերպվում վիրահատումից հրաժարվելու մասին պատճառաբանությունը, արդյոք պետությունը կկարողանա՞ հատկացնել համապատասխան գումարը՝ Հայկ Սեխիլյանի բուժման հետագա ընթացքը Գերմանիայում շարունակելու համար, ի՞նչ լուծում է առաջարկում ՊՆ-ն: ՊՆ-ից ստացված պատասխանում եւս հղում է կատարվում ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410֊ Ն որոշմամբ սահմանված կարգին եւ միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը.

«Համաձայն վերը նշված որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի՝ հանձնաժողովը տվել է բացասական մասնագիտական եզրակացություն, քանի որ օտարերկրյա պետության բժշկական կազմակերպության (Հելդեբերգի համալսարանական կլինիկա) կողմից առաջարկված հետազոտության տեսակները, եղանակները և դրանց վերջնական արդյունքը հնարավոր է ապահովել ՀՀ տարածքում գործող մի շարք բժշկական հաստատություններում։ Բացի ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410-Ն որոշմամբ սահմանված կարգի և պայմանների՝ զինծառայողների արտերկրում բուժման կազմակերպման այլ ընթացակարգեր նախատեսված չեն և ՀՀ ՊՆ գործառույթները սահմանափակվում են նշված որոշման շրջանակներում»։

Դրա հետ մեկտեղ ՊՆ՝ մեզ ուղարկված պատասխանում նշվում է նաեւ. «Հայկ Բենիամինի Սեխլիյանի կողմից որևէ օտարերկրյա պետության իր նախընտրած բժշկական կազմակերպությունից բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում գործող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության ու զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տվող հանձնաժողովի կողմից կարող է կրկին քննարկվել օտարերկրյա պետության բժշկական հաստատությունում նրա բուժումը ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 21-ի 1Տ1 410-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով կազմակերպելու հնարավորությունները»։

Իսկ արդյոք «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի»-ից Հայկ Սեխիլյանին գումար փոխանցվե՞լ է: ՊՆ-ից տեղեկացնում են, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի 2018թ. օգոստոսի 9-ի 1Տ1 6 որոշման 2-րդ կետով նախատեսվել է հատուցման գումարներ վճարել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել 2015 և 2016թթ. տեղի ունեցած մարտական գործողությունների՝ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում. «Վերը նշված որոշման շրջանակներում Հայկ Սեխլիյանի փաստաթղթերը ներկայացվել է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ ուսումնասիրման և սահմանված կարգով
ընթացքավորելու համար»։

Նարինե Իրիցյան

Pin It on Pinterest