Քոչարյանի թիմը փորձում է ծեծված ժողովրդի կարեկցանքը ստանալ

0
2331

Հանրապետական կուսակցության համար արդեն երեք ամիս է, քարերը հավաքելու ժամանակն է: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրախոսը ձեռքին, ցույց է վարում ի պաշտպանություն նախագահ Սերժ Սարգսյանի խնամու՝ չարաշահումների համար պաշտոնանկ արված Արա Մինասյանի: Բանակի և երկրապահի թալանի համար կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ իր կողմնակիցներին Էջմիածնում էր հանում ոտքի, «պսեվդոմիտինգ» կազմակերպելով և օր ծերության խայտառակ եղած գեներալի ազատումը պահանջելով:

Հիմա էլ թիմը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի պաշտպանությունն է ստանձնել՝ ստորագրահավաք է կազմակերպում նրա օգտին, պահանջում է ազատել նրան կալանքից, փորձում է անել անհնարինը՝ շարժել այն մարդկանց գութը, ովքեր մարտի մեկի առավոտը լացով և անեծքով արթնացան: Սակայն ոչ Շարմազանովի, ոչ Աշոտյանի, ոչ Քոչարյանի մյուս պաշտպանների մտքով անգամ չի անցնում ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից այդ արցունքների համար: Այսօր ժամը 17.30-ի դրությամբ քառասուն մեկ պատգամավորներ հանդես են եկել անձնական երաշխավորությամբ և պատրաստվում են պահանջել դատարանից փոխել Քոչարյանի կալանքի որոշումը: Արդեն հնչում է դատավորի անունը, որը, ըստ լուրերի, պետք է Քոչարյանին ազատություն տվողը լինի՝ Վազգեն Ռշտունի:
Լուրեր են պտտվում, որ քոչարյանականները ահռելի գումարներ են «խաղացնելու» «Վոինի» օգտին որոշում ստանալու համար: Քոչարյանի պաշտպանների մղումները 180 աստիճանով հակասում են ՀՀ քաղաքացիներից շատերի տրամադրությանը: Հուլիսի 28-ի առավոտյան, փողոցում մարդիկ ուրախ միմյանց շնորհավորում էին Քոչարյանին կալանավորելու առիթով: «Ուրախն էլ համեմատությու՞ն էր, որ բերեցիք: Հարեւաններ շենքերում աչքալուսանք էին տալիս,վազում էին տնե տուն  խաբար անում, թե նայեք, լսեք, ինչ ա եղել: Պրծանք, արդարությունը տեղ հասավ: Կերավ, չի մարսելու լակածը», — պատմում է Գյումրու ազատամարտիկներից ՀԱԿ համակիր Սերիկ Տոնոյանը:
Իսկ Երևանի շուկայական վայրերում Քոչարյանի կալանավորման օրը առևտրականները վաճառվող ապրանքի գնի մեծ զեղչեր էին անում այս իրադարձության առթիվ: Այս մասին վկայություններ  կան «ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Հասարակ հայաստանցիների համար անհասկանալի է Ռոբերտ Քոչարյանի շրջապատի, նրա մտերիմների և նրա օրոք լավ պաշտոններ զբաղեցրած անձանց մարդասիրական մղումը: Անգամ պաշտպանների նկատմամբ հասարակական անհանդուրժողականության ալիք է բարձրանում: Պատճառը ոչ միայն մարտի մեկի 10 զոհերի արյունն է, որի համար ոչ ոք պատասխան չի տվել, այլ 2008 թվականին իշխանությունը բռնի կերպով յուրացնելու ողջ գործընթացը:
Դեռ թարմ են հիշողությունները մարտի մեկի վաղ առավոտյան դեպքերի մասին: Ազատության հրապարակում ամենուրեք արյան շիթեր էին: Հրապարակ մտնողը ծեծի էր ենթարկվում ոստիկանական և քաղքացիական համազգեստ հագած «դուբինկաներով» զինված մարդկանց կողմից: Ռոբերտ Քոչարյանի համար բարդ է լինելու ապացուցելը, որ ինքը տեղյակ չի եղել վրաններում խաղաղ քնած ցուցարարների վրա «դուբինկաներով» գրոհներից, երբ առանց անպաշտպան մարդկանց զանգվածային ծեծ կազմակերպվեց: Անգամ երբ ցուցարարները հեռացել էին հրապարակից, ոստիկանները նրանց հետապնդել են մինչև Արշակունյաց պողոտա, մամուլի շենք: Ոմանց հաջողվել է պատսպարվել հարակից շենքերի բնակինչերի տներում: Մյուսները դաժանորեն ծեծվել են շենքերի բակերում:
Միջազգային իրավապահ կազմակերպությունները, այդ թվում Human Rights Watch-ը մարտի մեկի զեկույցում հարյուրավոր վկայություններ են  արձանագրել, որոնք հասկանալի են դարձնում, թե ինչու հետհեղափոխական Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, անգամ կալանավորված և, ինչպես նրա պաշտպաններից ոմանք են ասում՝ նվաստացած վիճակում հայտնվելով, չի առաջացնում Հայաստանի բնակչության կարեկցանքը: «Նվաստացված» ՝ այսպես օրերս նկարագրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վիճակը նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Չեր կարելի Ռբերտ Քոչարյանին այդպես նվաստացնել, նախագահի ինստիտուտի նկատմամբ պետք էր հարգալից վերաբերմունք ցուցաբերել»: Այս նույն Ազատ Արշակյանը, որը գրեթե ազգային արժեք է դարձնում Քոչարյանին, 2016 թվականի մայիսի 30-ին Hayeli.am կայքի  հետ  զրույցում ընդունել է, որ մեր 10 տարվա նախագահը հանցագործ է: «Ռոբերտ  Քոչարյանը մարտի մեկին կրակել է Հայաստանի քաղաքացիների վրա Երևանի կենտրոնում, նա չի կարող քաղաքական ապագա ունենալ»:
Զարմանալի չէ, որ հայաստանցիների մի զգալի մաս չի ցանկանում Ռոբերտ Քոչարյանին պետական խորհրդանիշների կրող համարել: 2008 թվականին Քոչարյանին Հաագայի միջազգային դատարան հանձնելու ստորագրահավաքին 30 հազարից ավելի քաղաքացիներ էին միացել: Նրանք միջազգային տրիբունալ էին պահանջում երկրորդ նախագահի համար: Ստորագրահավաքը անվանական էր: Ցուցակները բաց դրված էին Հայաստանով մեկ՝ ՀԱԿ գրասենյակներում, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում: Ստորագրահավաքն ընթանում էր քաղաքական ռեպրեսիաների մթնոլորտում: Ցուցակները փակ պահելու պարագայում, հնարավոր է, ստորագրողների թվաքանակն ավելի մեծ լիներ:
«Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթղթում ներկայացված էր Քոչարյանի՝ իշխանությունը բռնի ուժով պահելուն ուղղված բոլոր գործողությունները և հանցարարքները՝ արտակարգ դրության պայմաններում ձերբակալությունները, քաղաքական մեղադրանքները, ընդդիմադիրների դեմ հալածանքները, կեղծ վարույթները, հաշվեհարդարները: 2010 թվականի հունիսի 29-ին Հաագայի միջազգային քրեական դատարանի Դատախազի գրասենյակը նամակ ծանուցում էր ուղարկել ստորագրահավաքի կազմակերպիչներին՝
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, հայտնելով, որ հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է Գրասենյակի Հաղորդումների Ռեգիստրում. «Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է` համաձայն Միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուտի դրույթների», — ասվում էր ծանուցման մեջ: Սակայն, քանի որ Հայաստանը 1991-ին ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել Հռոմի Ստատուտը, հետագա ընթացք այս գործընթացին չտրվեց:
Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here