Այսօր Հայաստանի տարբեր ծայրերից Եռաբլուր էին եկել բազմաթիվ արցախցիներ, ովքեր ուղիղ մեկ տարի առաջ՝ Արցախյան վերջին պատերազմում կորցրել են իրենց հարազատներին։ Չնայած առավոտից տեղացող անձրեւին, մարդկանց հոսքը չի դադարում։

Շատերը չէին ցանկանում խոսել, բայց ասում էին, որ այսօր միայն Եռաբլուրում են իրենց Արցախին մոտ զգում։

Մեկ տարի առաջ փեսային կորցրած Մարինե Ստեփանյանի խոսքով, ինքը չի կարողանում պատկերացնել, որ իր ընտանիքի համար այդ դժոխային օրվանից արդեն մեկ տարի է անցել.«Մենք այս մեկ տարում այնպիսի սթրեսի մեջ են եղել, որ մինչեւ վերջ չենք էլ հասկացել, որ այս ամենը մեզ հետ է եղել… բայց ինչ անենք։ Ամբողջ օրը լացում ենք, դրանից ավել ոչինչ չենք կարողանում անել։ Մեր տղերքին դարձրին քարե քաղաք»։

Տիկին Արմինեն, ում որդին զոհվել է անցած տարվա հենց այս օրը, ասում է.«Ես գոնե լացելու տեղ ունեմ, այսօր կարող եմ գալ տղայիս շիրիմին ծաղիկ դնեմ, խոսեմ նրա հետ, քարը մաքրեմ, իսկ ի՞նչ ասեն մյուսները, ովքեր իրանց տղաների շիրիմները թողեցին Արցախում»։

 

Ստեփանակերտից բռնի տեղահանված տիկին Լիաննան էլ ասում է, որ, որ մի քանի օրից իր միանգամից երեք հարազատի մահվան առաջին տարելիցն է.«Ամսի 24-ին՝ բենզալցակայանի պայթյունի օրը այդքան մարդ մահացավ, բոլորից ծանոթներից, հարազատներից մարդիկ կային այնտեղ։ Ու հիմա չգիտենք, թե այդ օրը որ մեկս ում տարունա հասցնելու մասնակցել… իրոք որ այս ամենը դժոխք է»։

ԻՆչպես հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղից հայերի գաղթի մղձավանջը սաստկացավ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից, որը խլեց հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest