Երկուշաբթի օրը մեկնարկած Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը բացահայտեց մի իրողություն, որից հայկական քաղաքական ուժերը փորձում են ամեն կերպ խուսափել։ Խոսքն այն մասին է, որ Արցախի հիմնախնդիրը հայոց պետականության հիմքն է, իսկ Արցախի հիմնախնդրի լուծումից խուսափելու փորձերը սասանում են Հայաստանի հիմքը։
Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից մեկ տարի անց Հայաստանի քաղաքական ուժերը փորձում են ձևացնել, թե չեն տեսնում հիմնական խնդիրը՝ զբաղվելով էժանագին իմիտացիայով։ Իշխող կուսակցությունը Արցախի մերժման իմիտացիա է անում՝ ցինիկ հայտարարությունների տակ թաքցնելով Սահմանադրության համար պատասխանատվություն կրելու իր անկարողությունը։
Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին Արցախի օգտին գործողությունների իմիտացիա է անում՝ նույնպես ձևացնելով, թե չի տեսնում Անկախության հռչակագիրը և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը հանդես է գալիս «անկախ Արցախի» անպտուղ նախագծի շարունակման, արցախցիների կասկածելի պայմաններով վերադարձի օգտին՝ ամեն կերպ խուսափելով Միացումից և Արցախի և Հայաստանի սահմանադրական միության համար պատասխանատվությունից։
Այն, որ Արցախը, ըստ ՀՀ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության մասն է, անընդհատ հիշեցնում է Ալիևը, ով պահանջում է Սահմանադրությունից հանել 1989 թվականի որոշման հղումը։ Ո՛չ իշխանությունները, ո՛չ Հայաստանի ընդդիմությունը չեն խոսում այս հարցում իրենց դիրքորոշման մասին՝ չհերքելով Ալիևի հայտարարությունը, բայց չհաստատելով, որ պատասխանատու են միասնական Հայաստանի համար։
1989 թվականի որոշման սահմանադրականության ճանաչումը ծանր պատասխանատվություն է ենթադրում՝ թե՛ իշխող կուսակցության, թե՛ խորհրդարանական ընդդիմության համար։ Եթե Արցախը, ըստ Սահմանադրության, Հայաստանի մաս է, նշանակում է, որ Հայաստանի մի մասը այժմ օկուպացված է, և պետությունը պարտավոր է համապատասխան գործողություններ ձեռնարկել այս օկուպացված հատվածն ազատագրելու համար։
Ո՛չ իշխանությունը, ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը նման պարտավորություն չեն ստանձնում՝ դրանով իսկ արժեզրկելով պետության եւ քաղաքական կառավարման էությունը, որն է՝ իր քաղաքացիների, նրանց ունեցվածքի ու իրավունքների՝ տարածքային ամբողջականության շրջանակներում ապահովելու կարողությունը։
Հայաստանի քաղաքական դերակատարներն ունեն իրենց պատկերացումները տարածքային ամբողջականության մասին, որը նրանք չեն կապում Սահմանադրության հետ։ Իշխող կուսակցությունը վկայակոչում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ պնդելով, որ Հայաստանի սահմանները նույնական են խորհրդային վարչական սահմաններին։ Բայց սա այնքան վիճահարույց պնդում է, որ նույնիսկ Բաքուն չի համաձայնում առաջնորդվել այս սահմաններով։
Ընդդիմությունն ընդհանրապես չի ներկայացնում տարածքային ամբողջականության իր ընկալումը` առաջնահերթություն անվանելով Հայաստանում իշխանափոխությունը։
Արցախի ղեկավարությունը նույնպես չի անդրադառնում Հայաստանի Սահմանադրությանը և չի պահանջում դրա կատարումը՝ հիմնավորելով նրանով, որ իր բոլոր գործողություններում առաջնորդվում է Հայաստանի անվտանգությունը չվտանգելու մտադրությամբ։
Այս ֆոնին իշխող և ընդդիմադիր խմբերի միջև փոխադարձ մեղադրանքները, թե ով է հանձնել Արցախը, նմանվում են գավառական խայտառակ թատրոնի բոլորին զզվացնող խաղի: Ամեն մեկն իր դերն ունի. խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՔՊ պատգամավորները ցեխ են շպրտում արցախցիների վրա՝ արժանանալով արցախաատյաց հանդիսատեսի ծափերին։ Իսկ ընդդիմությունը փորձում է մեղադրել իշխանություններին, որպեսզի արժանանա հանրության հակաիշխանական հատվածի հավանությանը։
Այս թատրոնի բեմում փռված է Հայաստանի Սահմանադրությունը, և դերասաններն ամեն վայրկյան այն ոտնահարում են՝ թույլ չտալով հանրությանը տեսնել հայոց պետականության իրական հիմքը։
Նաիրա Հայրումյան