«44-օրյա պատերազմից հետո` իրենց նվիրեցին բանակին, ինչքան էլ ասում էինք` եկեք ստեղ, էնտեղ արդեն ապագա չկա, էդ հողերը ծախված են, ասում էին` մենք, որ գանք, ո՞վ պիտի էս հողերին տիրություն անի»,-պատմում է Իրինան` զոհված զինծառայողի մայրը։
Որդին Ադամյան Էդուարդն է, ով զոհվեց Արցախի վրա թշնամու վերջին հարձակման ժամանակ։ Նախքան 44-օրյա պատերազմը` ընտանիքն ապրում էր Մարտակերտի շրջանի Կոճուղուտ գյուղում։ Պատերազմից հետո Իրինան իր երկու դստեր հետ Արարատի մարզի Նորամարգ գյուղ է տեղափոխվում, իսկ որդին զինվորական ծառայության անցնում զինվորական հոր հետ, շարունակում Արցախում մնալ։
«Միշտ ասում էի` շատ մարդիկ կան ստեղ, որ իրենց հետաքրքիր չի, գիտեն, որ ամեն ինչ վերջացած ա, ասում էր` մամա, որ տեսնում եք տենց մարդիկ կան, քարով խփեք, մի ամաչեք, էդպես էլ մնացին էնտեղ.. Ինքը սկզբում բանակային չէր, բայց հոր հետ էր միշտ։ Հենց «համար 1» կանչ էին տալիս, առաջինն իրենք էին գնում»:
Իրինան պատմում է` որդին ծառայության հանդեպ սերն ու անվախությունը հորից` Ադամյան Համբարձումից էր ժառանգել։ Համբարձումը Եղնիկներում էր ծառայում, 2020թ.-ի պատերազմից հետո` ավտովթարի ժամանակ զոհվում է, իսկ Էդուարդը, մնալով հայրենիքում, շարունակում է հոր գործը։
«Էդոն միշտ դուխով ա եղել, հետ չէր նահանջի երբեք, ոչ մի դեպքում, հայրն էլ ա էդպիսին եղել, նույնիսկ ինքը հորից անց ա եղել, ես հպարտանում եմ դրա համար։ Համբարձումը երբ ողջ էր, մեր գյուղից, կողքի գյուղերից ոչ մի զոհ չկար, ինքը գիտեր ոնց կռվեր, ինչ աներ։ Էս անգամ ինքը չկար, մտածում ենք` եթե ողջ լիներ, ոչ մեկ էլ չէր զոհվի մեր երեխեքից, բոլորն էլ կգային իրենց տները ..»,-արցունքները խեղդելով պատմում է Իրինան։
Անվախ տղան պատերազմին հաջորդող տարիներին ևս, չլսելով մոր խնդրանքներին, համառությամբ Արցախում մնաց։ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին թշնամու հերթական հարձակման ժամանակ նա իր ջոկատով Ջերմուկում էր։ Դա ընտանիքի հետ վերջին հանդիպումն էր … Արցախում բլոկադան թույլ չտվեց ընտանիքին գոնե մեկ անգամ ևս տեսնել զավակին, նրա հետ կապ պահում էին միայն զանգով։
«Երբ գալիս էր, միշտ ուրիշ ձև էր կարոտն առնում, գրկում էր, ոնց որ չէր ուզում պոկվի ..
Բլոկադայի ժամանակ ինչքան հարցրել եմ` Էդո ի՞նչ ունես ուտելու, թե մամա, իմ համար մի մտածի, ամեն ինչ ես ունեմ։ Միշտ ասել եմ` զգույշ մնա։ Ինձ չէին ասել, որ ինքը դիպուկահար (սնայպեր) ա, սկզբում գիտեի, թե սովորական զինվորական էր»։
Բլոկադայում սովորական դարձած առօրյան մեկ օրում քաոսի վերածվեց. պատերազմ էր` չարաբաստիկ 2023թ.-ի սեպտեմբերի 17-ը ..
Երեկոյան Իրինան զանգ ստացավ։
«Դուրսը լվացք էի փռում, զանգ եկավ, չհասցրի վերցնել, եկա, տեսնեմ` Էդուարդն ա զանգում, գրեցի, գրեց` մամա, հարմար չի, ոչինչ, հարմար լինի, ես հետո կզանգեմ։ Դու մի ասա իրենց արդեն տարել են դիրքեր։
Սեպտեմբերի 19-ին գործի տեղն իմացա, որ պատերազմ ա սկսվել։ Սկսեցի զանգել իրեն, քրոջս տղաներին, բայց բոլորն անհասանելի էին։ Նամակ գրեցի` Էդո, մամային մի խաբար արա, տեսնեմ ոնց ես, բայց ոչ մի պատասխան.. մինչև այսօր էդ նամակները մնացել են անպատասխան»:
Սեպտեմբերի 20-ի կեսօրին Իրինային է զանգում դուստրն ու ասում, որ լավ լուր կա` Էդուարդը վիրավոր է։ Հիվանդանոցներում փնտրտուքներն ապարդյուն էին, բոլոր տեղերում պատասխանը նույնն էր` նման անունով տղա չկա ..
Օրեր անց ստանում են լուր, որ Էդուարդը չկա …
Զինվորի աճյունը հորեղբոր տղան է ճանաչում, թույլ չեն տալիս որևէ արարողություն անել. միանգամից հուղարկավորում են Եռաբլուրում, Իրինան որդուն չի տեսնում։
«Դժվարությամբ են գտել, շատ են ման եկել, ինքը էն տեղում չի եղել, որտեղ պայթեցրել են։ Սկզբից ասել են, որ ոտքից վիրավոր ա։ Երեք հոգին են եղել, որ սնարյադը պայթել ա, իրենք բաժանվել են տարբեր տեղեր, Էդոն էն տարածքն ա գնացել, որտեղ թուրքերն են եղել։ Արդեն, որ անցել ա թումբի հետևը, էնտեղից իրեն կորցրել են, չեն կարողացել դիտակետով նայեն, օգնեն»:
Էդուարդի մահից հետո` նրա երկու քույրերը մայրանում են։ Քույրերից մեկն, ով որդի է ունենում, որոշում է եղբոր անունը տալ երեխային, բայց Իրինան թույլ չի տալիս` մտածելով, որ ամեն երեխա իր անունը պետք է ունենա։
Անունը նույնը չէ, բայց երեխան կարծես Էդուարդի կրկնությունը լինի։ Իրինան որդու կարոտը փորձում է այդպես սփոփել։
«Էդ երեխեն նույն Էդոն ա, ոնց որ Էդուարդը նորից վերածնվել ա։ Ամեն տեսակ իր նման` թե’ դեմքով, թե’ ամեն ինչով»։
Ամիսներ են անցել որդու մահվանից, բայց Իրինան դեռ սպասում է Էդուարդին։ Գյուղում շատերն են կորցրել իրենց հարազատներին։ Նրանց և իր որդու համար Իրինան ուզում է հուշահամալիր կառուցել։
«Ուզում եմ մի բան անել, որ մի ձև սփոփենք մեզ, իր անունը միշտ հիշվի ու մենակ իր անունը չէ, քանի զոհված տղաներ կան, ինչքան, որ ես ճանաչում եմ, էդ տղաների անուններով։
Չենք հարմարվել .. ես, որ չեմ տեսել երեխեքին, հավատս չի գալիս, էսքան ամիս անցել ա, բայց հավատս չի գալիս ..»։
Քնարիկ Վարդանյան
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութի հեղինակ Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։