Օրերս Forrighst.am-ը արցախցիների դժգոհությունների հիման վրա անդրադրադարձել էր Արցախի մի խումբ բնակիչների խնդրին․ նրանք իրենց ոսկեղենը գրավադրել են Կոնվերս բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում, սակայն բռնի տեղահանման հետևանքով արդեն Երևանում պարզել են, որ իրենց գրավադրած ոսկին չկա։
Բանկիչ բնակիչներին ասել են՝ հավանաբար ոսկին կորել է կամ թուրքերը գողացել են։
Forrights.am-ը փորձել է գրավոր հարցման միջոցով հստակեցնել՝ ի՞նչ հանգամանքներում են անհետացել քաղաքացիների ոսկյա իրերը։
«Անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ԱՀ քաղաքացիների գրավադրած ոսկյա իրերի խմբաքանակի մի մասը չի հատել ՀՀ սահմանը: Ռազմական իրավիճակում չէին գործում նյութական արժեքների տեղափոխման համար տրանսպորտային ուղիները և ենթակառուցվածքները», -մեր հարցին ի պատասխան նշել են բանկից։ Այդուհանդերձ, բանկից չեն մանրամասնել՝ ինչպես է ստացվել, որ հենց մի մասը չի հատել ՀՀ սահմանը, արդյոք կողոպուտի է ենթարկվել բանկը և արդյոք ոսկու կորստի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ։
Հարցին, թե որքա՞ն ոսկի է անհետացել բանկից, չեն պատասխանել՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի մասին հայաստանյան օրենսդրության պահանջները։ Նույն պատճառաբանությամբ չեն պատասխանել նաև հարցին, թե որքան բնակիչ է տուժել բանկի անփութության հետևանքով։
Forrights.am-ը առանձնացրել է հոդվածի հերոսի խնդիրը՝ բնակիչներից մեկը Կոնվերսբանկում գրավադրել է 21 կտոր ոսկի, որին բանկի կողմից առաջարկված փոխհատուցման չափը նրա պնդմամբ անհամարժեք է։ Հետաքրքրվել էին՝ ի՞նչ է արվում նման խնդիրները հարթելու ուղղությամբ։
«Բանկն Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և հետագա տարիներին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության շրջափակման օրերին իրականացրել է հաճախորդների աջակցության մի շարք ծրագրեր և դադարեցրել է տոկոսագումարների և/կամ տույժերի հաշվեգրումը՝ ներելով Բանկի նկատմամբ հարյուրավոր հաճախորդների ֆինանսական պարտավորությունները:
Վերջին ռազմական գործողությունների ընթացքում Բանկն առաջիններից էր, որն, առանց վարկային պարտավորությունները մարելու պայմանի, սկսեց վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը, ինչի արդյունքում մի քանի հարյուր հաճախորդներ հասցրեցին ստանալ իրենց իրերը։
Ինչպես արդեն նշեցինք, այն հաճախորդները, որոնք չեն հասցրել հետ ստանալ իրենց գրավի առարկաները, և որոնց իրերը Բանկին չի հաջողվել տեղափոխել ՀՀ, ստացել են գրավադրված առարկաների գնահատված արժեքին համահունչ փոխհատուցում։
Փոքրաթիվ հաճախորդներ տարբեր պատճառներով դեռ չեն ներկայացել Բանկ կամ չեն ստացել իրենց փոխհատուցումը. վերջիններիս մասով գործընթացը շարունակվում է։ Բանկը ուսումնասիրում է յուրաքանչյուր անհատական դեպք և արձագանքում ըստ կոնկրետ իրավիճակի», -պատասխանել են Կոնվերս բանկից։
Նախորդ հրապարակում— «Կարողա թուրքերը գողացել են»․ Կոնվերս բանկը չի վերադարձնում արցախցիների գրավադրած ոսկիները, ասում է՝ կորել են
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: