Տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել բազում օրենքների, որոնք մշակվել են այնպես, որ դրանց կիրառումը լինի անհնար կամ կապված լինի տարաբնույթ խնդիրների հետ։ Սակայն, երբ եկել է տվյալ օրենքները կիրառելու պահը՝ առաջընթացը խափանելու նպատակով, մշակվել և ուժի մեջ են դրվել այլ օրենքներ, օրենսգրքեր և որոշումներ, որոնք կրկնակի դժվարացրել են նպատակների իրականացումը։
Ավելի պարզ լինելու նպատակով կնկարագրեմ տվյալ պահին «Սևան» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատուհասած օրենքի խտրական կիրառման, թերի կիրառման, կամ, ընդհանրապես, չկիրառման հետ կապված իրավիճակը։
Մենք ավելի քան քսան տարի է, ինչ գտնվում ենք անազատության մեջ, անցել ենք տարաբնույթ օրենքների պահանջների միջով՝ ակնկալելով, որ դա է ճանապարհը, որը տրված է մեզ՝ ազատ արձակվելու համար։ Սակայն, ո՞վ գիտեր, որ տվյալ օրենքները մշակվել են միայն մի նպատակով, որ նրանում տեղ գտած դրույթները, պահանջները և նախագծած ճանապարհը ի սկզբանե դիտարկվել և համարվել է կատարման առումով՝ անհնար։ Սակայն մենք դա այդ տեսանկյունից չենք դիտարկել, քանի որ ցանկացած օրենք, որը քիչ, թե շատ մեզ է վերաբերվում, դիտարկել ենք որպես հնարավորություն և ճանապարհ։
Օրենքները և Քրեակատարողական օրենսգրքերը տարիներ շարունակ փոփոխվել են, առաջ են քաշվել նորանոր պայմաններ, իսկ մենք փորձել ենք հնարավորինս համապատասխանել և կատարել օրենքների պահանջները։
Այժմ կրկին առաջ է քաշվել մի օրենսգիրք, որի պահանջներին հետևելով, մենք առաջ ենք շարժվում, սակայն գալիս է մի փուլ, մի պայման, որից հետո առաջխաղացումը անհնար է դառնում, քանի որ օրենքի պահանջների կատարման մեխանիզմները և համապատասխան որոշումները կա՛մ հակասում են մայր օրենքին, կա՛մ ստեղծվում են տարբեր պատճառներ՝ այն չկատարելու համար։
Մոտ երկու տարի առաջ մշակվեց և կիրառման մեջ դրվեց նոր քրեակատարողական օրենսգիրքը, որում տեղ գտան որոշ դրույթներ, որոնք մեր՝ կիսաբաց ռեժիմում պատիժը կրող դատապարտյալների նկատմամբ կա՛մ չեն կիրառվում, կա՛մ կիրառվում են նոր Քրեակատարողական օրենսգրքի այն դրույթները, որոնք մեր պարագայում պայմանները խստացնող բնույթ ունեն։
Մենք՝ ցմահ ազատազրկվածներս, դարձել ենք յուրատեսակ փորձադաշտ, որի պարագայում, և, որոնց պարագայում ինչ-ինչ կառույցներ և պաշտոնյաներ փորձում են չափել հնարավոր տարատեսակ օրենքների արդյունավետությունը և, ընդհանրապես, մարդ տեսակի հնարավորությունները, դիմացկունությունը և համբերության սահմանը։
Տասնյակ տարիներ գտնվելով փակ, անմարդկային պայմաններում, բայց չկորցնելով մեր մարդ տեսակը՝ մենք չչարացանք և չհուսալքվեցինք՝ հետևելով օրենքի պահանջներին, գործելով՝ ըստ օրենքի, մենք անցանք բոլոր այն փուլերը, որոնք նախատեսված էին Քրեակատարողական օրենսգրքով, սակայն այժմ մենք բախվել ենք մի «պատի», որը ոչ միայն անտրամաբանական է, այլև՝ հակասահմանադրական։ Ի՞նչպես կարող է տրամաբանական լինել այն, որ մի կառույց դրական է արձագանքում մեր պայմանական վաղաժամկետ ազատվելուն բայց, միաժամանակ, կտրուկ դեմ է արտահայտվում՝ պատիժն ավելի մեղմ պայմաններում կրելու պարագայում։
Ժամանակին մենք մեր պատիժը կիսաբաց ռեժիմի պայմաններում կրելու ընթացքում մանրամասն ուսումնասիրել էինք, այն ժամանակ դեռ նախագիծ հանդիսացող, և հետագայում՝ 2022թ.-ին ուժի մեջ մտած Քրեակատարողական օրենսգրքում տեղ գտած այն դրույթները, որոնք կարող էին խախտել մեր իրավունքները։
Կանխատեսելով և մեր կյանքի փորձից դասեր քաղելով՝ մենք ՀՀ Արդարադատության նախարարին միասնական նամակ ուղղեցինք՝ նշելով այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ՝ այն ուժի մեջ դնելու պարագայում։ Մասնավորապես նշել էինք, որ, գտնվելով կիսաբաց ռեժիմի պայմաններում, և հետևելով օրենքի պահանջներին, մենք կարող էինք արժանանալ բաց ռեժիմի պայմաններում պատիժը կրելու հնարավորության, իսկ այդ պարագայում մենք արդեն հնարավորություն կստանանք գործնական եղանակով ապացուցել այն, որ մենք ի վիճակի ենք և արժանի ենք վերադառնալ հասարակություն, լինել մեր հասարակության և երկրի համար պիտանի մարդ։ Բայց, արի ու տես, որ կան կառույցներ, որոնք չեն ուզում, կամ վախենում են լինել ավելի հումանիստ և արդարամիտ։ Կատարվեց Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունը և իրականացան մեր կողմից նկարագրված խնդիրները։
Տվյալ փոփոխության հետևանքով բոլոր դատապարտյալների կարգավիճակները համապատասխանեցնելու եղանակով մեզ՝ կիսաբաց ռեժիմի պայմաններում պատիժ կրողներիս, տեղափոխեցին միջին անվտանգային գոտի՝ մեղմ պայմաններում պատիժ կրելու։ Միաժամանակ, նոր Քրեակատարողական օրենսգրքի համաձայն, հաջորդ փուլը, որը մենք պետք է անցնենք, դա ցածր անվտանգային գոտին է, որում առկա են երկու պայման՝ խիստ և մեղմ։ Նշեմ, որ ցածր անվտանգային գոտու խիստ և միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների միջև տարբերությունը կայանում է միայն թույլատրելի տեսակցությունների քանակով, բայց, միաժամանակ, մեր՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրողներիս համար, ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները հանդիսանում են խստացնող դրույթի հետադարձ ուժի կիրառում։
Քանի որ նախկին Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ մենք կիսաբաց (միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ) ռեժիմից հետո իրավունք ունեինք տեղափոխվել բաց ռեժիմ, որը նոր Քրեակատարողական օրենսգրքի դրույթներով համապատասխանում է ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններին։ Ըստ այդմ, ցածր անվտանգային գոտու խիստ պայմանները հանդիսանում են նոր և մեր վիճակը խստացնող դրույթ, որի կիրառումը մեր նկատմամբ հակասահմանադրական է։
Այս ամենը մենք նկարագրել էինք Արդարադատության նախարարին ուղղված մեր նամակում, սակայն պատասխանը, մեղմ ասած, անտրամաբանական էր։ Նախ մենք պատասխան ստացանք, որում, մասնավորապես, նշված էր, որ «խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ քրեակատարողական ոլորտին վերաբերվող առաջարկները քննարկման առարկա կդարձվեն Քրեակատարողական օրենսգրքի համատեքստում» (26 մայիսի, 2022թ., N2//12.0.1/23151-2022)։ Երկրորդ անգամ նույն մտահոգություններով նամակ ուղարկելուց հետո մենք ստացանք մեկ այլ պատասխան, որում նկարագրվում էին նոր Քրեակատարողական օրենսգրքի դրույթները, սակայն մեր կողմից բարձրաձայնված և հնարավոր խախտումների վերաբերյալ ոչ մի արձանգանք (27 հուլիսի 2022թ., N2//32117-2022)։
Այսպիսով, մեր նկարագրած խնդիրները ոչ միայն դարձան իրականություն, այլև շարունակում են գույություն ունենալ, անկախ այն բանից, որ հանդիսանում են մեր իրավունքների խախտում։ Եվ դա դեռ քիչ է, ներկա պահին մենք մեր պատիժը միջին անվտանգային գոտում կրելու ընթացքում, դիմելով ավելի մեղմ պայմաններում պատիժ կրելու խնդրանքով, անհեթեթ և անհիմն պատճառաբանություններով մերժվում ենք։
Համակարգը ամեն հնարավոր և անհնար միջոցներով արգելք է հանդիսանում մեր առաջխաղացմանը և թույլ չի տալիս, որ մենք հնարավորություն ստանանք գործնական եղանակով ցույց տալ այն, որ մենք այլևս այն անձնավորությունը չենք, որը երկու տասնյակից ավել տարի առաջ կատարել է մի արարք, որը մեր հմար դաս եղավ։ Իմ նկարագրած իրավիճակը վերաբերում է կոնկրետ պայմաններին, կոնկրետ ոլորտին, սակայն նման վիճակ է տիրում գրեթե բոլոր համակարգերում. գրեթե ամենուրեք օրենքները թերի են կա՛մ կիրառվում են վերապահումներով, կա՛մ չեն կիրառվում՝ ընդհանրապես՝ մնալով թղթի վրա՝ որպես կենաց և բարեմաղթանք։
Այդպես էր մինչև 2018թ.-ը, այդպես է նաև հիմա։ Միգուցե ոմանց մոտ հարց ծագի՝ արդյո՞ք 2018թ.-ից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել. 2018թ.-ի մայիսից հետո փոփոխություններ եղել են, բայց ամենացավալին այն է, որ ցանկացած փոփոխություն պետք է ավարտին հասցվի, քանի որ կիսատ փոփոխությունն ավելի վատ է, քան՝ անգործությունը. կիսատ գործը արգելք է հանդիսանում զարգացման համար։ Ինչ-որ բան ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն կամք, այլև՝ քաջություն և վճռականություն։
Քաջ գիտակցում ենք, որ մեր երկիրը այժմ ապրում է ոչ ամենահեշտ ժամանակահատվածը, բայց հենց նման ժամանակահատվածներում է, որ անհրաժեշտ է կայացնել վճռական որոշումներ և ցուցաբերել քաղաքական կամք։ Հենց հիմա է, որ անհրաժեշտ է գործել այնպես, ինչպես նախկինում վախեցել են։
Սևան Քրեակատարողական հիմնարկում պահվող Ցմահ դատապարտյալներ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: