ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը ամուսնուն հրամանագրել է խորհրդարանում իր օգնական, որ «իրեն դրսում չսպասի»։ Սա ի՞նչ է։ Սրան անուն կա՞։ Հասկացա՞ք՝ ԱԺ աշխատասենյակը փոխարինում է ավտոմեքենայի սրահին, որտեղ պիտի կնոջն սպասեր գործազուրկ ամուսինը։ Ու դեռ հպարտանում է, որ մարդը դրա համար աշխատավարձ չի ստանում։ Այսինքն, ամուսնուն չի ասել՝ գնա քեզ համար գործ գտիր, կարո՞ղ ա գիտես տունը միայն ես պիտի պահեմ, ասել է՝ արի մտիր թևիս տակ։
Մյուս կողմից՝ իր ամուսինն է, չէ՞, կինն էդպես է հոգում նրա մասին։ Բայց այստեղ խնդիր կա՝ օգնականի կարգավիճակը ստատուս է, որը չունեն հարյուր հազարավոր հայաստանցիներ, որոնք ՔՊ-ական կին կամ ամուսին չունեն կամ ՔՊ-ական չեն։ Երկրորդ, օգնականի աշխատանքն ունի գործառույթներ ու դրանցից ոչ մեկի մեջ սպասելը չի մտնում։ Հետո ո՞վ ասեց, որ ամուսինդ պիտի մտնի խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորների ամուսինները դրսում չեն սպասո՞ւմ։
Էմմա Պալյանի ամուսինը Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության պարտությունն է, որովհետև տիկին Էմման իր հետ խորհրդարան է տարել իր թուլությունը՝ իրավիճակից հնարավորինս շատ օգուտներ քաղելու կիրքը, որի մասին երազել է իշխանություն ունենալուց առաջ։ ՔՊ-ական պատգամավորը այդպիսով խոստովանել է, թե ինչպես է պատկերացնում իշխանությունը։
Երբ Փաշինյանը քաղաքականությունից չհասկացող իր երեք դուստրերին տանում է Եվրախորհրդարան, նա խոստովանում է, թե ինչպիսին է պատկերացրել իր իշխանությունն այն ունենալուց առաջ։ Էմմա Պալյանը Նիկոլ Փաշինյանի մարմնավորումն է իր ամուսնու կողքին։ ՔՊ-ական այդպիսի պատգամավորները շատ են, որոնք իրենց բարեկամներին խորհրդարանում գործի են դասավորել։ Պատգամավոր էլ կա, որի կինը լրագրող է աշխատում։ Եվ «անաչառ» լրագրող կա, որի կինը նախարար է։ Աստված գիտի, թե ինչ է կատարվում այս իշխանության գլխում։
Սրանք իրենց մանկության հիվանդություններն են բերել իշխանության, չունեցած հաճույքների արդյունքում ձևավորված վրեժն են տարել խորհրդարան, նրանք խորհրդարան են տարել այն, ինչը նույնիսկ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը չէին «ղըմըշում» (բաշարում) անել։
Ես երբեք փողոցում այդքան ընդգծված ատելություն չեմ տեսել քաղաքացուն ուղղված, որքան ՔՊ-ական (ընդ որում՝ կին) պատգամավորի ատելությունն է։ Ինչո՞ւ են ատում։ Պատասխանն ակնհայտ է՝ իրենք ժողովրդավարություն չէին ուզում, իրենք ուզում էին հենց ՀՀԿ-ական իշխանություն իրենց դեմքով, երբ ժողովուրդը հաշտվում էր ցանկացած անբարոյականության ու անօրինականության հետ։
Իրենք ատում են, որովհետև անձամբ հասկացան, որ ժողովրդավարական իշխանությունը խոցելի է քաղաքացիների մեջ, ցանկալի է, որ ժողովրդաարական իշխանությունը լինի առանց․․․ քաղաքացիների։ Որովհետև ոչ մի հաճույք չեն կարողանում մարդավարի վայելել, ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես ու բոլորը հասկանում են, որ մարդը դարձել է պատգամավոր, բայց մանկապարտեզի տարիքից դուրս չի եկել, ամեն հաճույք իր համար խաղալիք է, որով ուզում է խաղալ։
Էմմա Պալյանը մեծ հաշվով տարօրինակ ոչինչ չի արել։ Լրագողն իրեն հարցրել է ու նա անկեղծորեն զարմացել է, թե ինչու է դրանից աղմուկ բարձրացել։ Էմմա Պալյանը տարօրինակ ոչինչ չի արել, որովհետև գնացեք ու որևէ երեխայի բացատրեք, որ խաղալիքից արջուկի աչքերը հանելն առանձնապես լավ չէ, թեպետ դրանից վնաս չկա։ Բայց մեծանում ես, սկսում ես պետության աչքերը հանել։
Մհեր Արշակյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: