Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում այս տարվա հունվարին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով նախաքննությունից ոչ տուժող կողմն է բավարարված և ոչ էլ մեղադրյալները։

Հիշեցնենք՝ քրեական վարույթով մեղադրյալները 5-ն են՝ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը, ինժեներական ծառայության սպա, կապիտան Եղիշե Հակոբյանը, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ. Մ.-ն և ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն:

Ըստ քրեական վարույթի, բացի Եղիշե Հակոբյանից, որի անմիջական գործողությունների հետևանքով է բռնկվել հրդեհը, մյուս չորս մեղադրյալներին առաջադրված է նույն մեղադրանքը՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որի հետևանքով էական ծանր վնաս է առաջացել։ Սակայն արդեն 8 ամիս կալանքի տակ են երկուսը՝ Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը։

Վերջինի հարազատներն ու պաշտպանությունն իրականացնող փաստաբանը կոպիտ խախտումներ են արձանագրել նախաքննության գործողություններում։ Նույնիսկ բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինը անտեսել էր նրանց հետ հանդիպման խնդրանքը։

Բանն այն է, որ այս պահին անազատության մեջ գտնվող Մառլեն Սարգսյանին հրդեհից հետո հետին թվով են զորամասի հրշեջ ծառայության պետ նշանակել։ «Իմ վստահորդին արհեստականորեն մեղասագրվում է հակահրդեհային ծառայության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին առհասարակ չի նշանակվել։ Եվ դա ես ոչ թե հնարում եմ, այլ փաստերն են ասում։ Մեզ հրաման են բերել-ներկայացրել, որ իբր Մառլեն Սարգսյանը 2022-ի օգոստոսի 8-ից նշանակվել է զորամասի հրշեջ ծառայության պետ։ Բայց ինչպե՞ս կարող է նման բան լինել, պատկերացնում եք դուք նշանակվեք մի պաշտոնի լրատվական կայքում ու չիմանաք այդ մասին և այդ կայքից գան ասեն՝ հինգ ամիս է դուք աշխատանքի չեք եկել», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Մառլեն Սարգսյանի փաստաբան Վահագն Հակոբյանը։

Դիտարկմանը, թե իսկ արդյոք համապատասխան աշխատավարձ ստացել է այդ պաշտոնում աշխատելու դիմաց, փաստաբանն արձագանքում է՝ աշխատավարձը ստացել է որպես կոմունալ շահագործման ծառայության պետ և կատարել է այդ ծառայության պետի պարտականությունները։

«Ինչպե՞ս եք պատկերացնում մարդը նշանակվի զորամասում բժիշկ, հետո ասեն՝ դուք տանկիստի պարտականությունները չեք կատարել՝ լինելով տանկիստ։ Դուք միայն բժշկություն եք արել, տանկերը չեն կրակել։ Խնդիրն այն է, որ առաջնահերթ պատասխանատվություն կրող մարդիկ պետք է կալանքի տակ լինեին։ Այդ մարդիկ զինվորների հետ անմիջական շփում են ունեցել, դրանք են՝ վաշտի հրամանատարը և ինժեներական ծառայության պետը։ Բացի այդ, կան մարդիկ, որոնք նույնպես մեղադրյալի կարգավիճակում պետք է լինեին, պետք է գտնվեին անազատության մեջ, սակայն չկան», -հավելում է փաստաբանը դժգոհություն հայտնելով նախաքննության ընթացքից։

Ըստ Հակոբյանի, իր պաշտպանյալը՝ Մառլեն Սարգսյանը, տեղյակ չի եղել, որ ինքը նշանակված է եղել հրշեջ ծառայության պետի պաշտոնում, իսկ նրան նշանակողները համապատասխան հրամանը չեն ներկայացրել Սարգսյանին։ Մյուս կողմից, որտե՞ղ են եղել վերահսկողները, որ պահանջեին ասենք Մառլեն Սարգսյանից հետևել հակահրդեհային պայմանները պահպանելու պահանջօին։

«Բա էդ մարդիկ չեն տեսե՞լ, որ հակահրդեհային պայմաններ չկան, գնան էդ մարդուն ասեն՝ գիտես, դու հակահրդեհային ծառայության պետն ես, ինչո՛ւ դու քո պարտականությունները չես կատարում։ Ստացվում է՝ հրդեհից մի քանի օր հետո նոր հիշեցին, որ նման հրաման է եղել։ Սա բարդակ չի, ավելի ուրիշ բան է», -ընդգծում է փաստաբանը։

Հատկանշական է, որ նախաքննական մարմինը՝ Քննչական կոմիտեի զինվորական գործերով վարչությունը, այսպես կոչված հակահրդեհային ծառայության պետին մեղադրանք առաջադրելով համարում է, որ տվյալ զորամասում հակահրդեհային պայմաններ եղել են ։ Մինչդեռ, ոչ հակահրդեհային պայմաններ են եղել, ոչ էլ հակահրդեհային ծառայության պետ։ Ավելին, չեն եղել վերահսկողներ, որոնք կհետևեն՝ ինչո՞ւ չեն պահպանվում հակահրդեհային կանոններով սահմանվող պահանջները։ Արդյունքում, քրեական վարույթով ընդգծվում է, որ եղել է հակահրդեհային ծառայություն և ինչ-որ մեկը թերացել է իր գործում։

Ըստ նախաքննության, թերացողներից մեկն էլ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանն է։ Նա նույնպես հունվարից կալանքի տակ է։

Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը մեղադրանքի բովանդակության մեջ խնդիրներ է նկատել։ Քրեական վարույթի շրջանակներում կրակմարիչների առկայության մասին իրարամերժ տեղեկություններ են հնչել․ ոմանք նշել են՝ դրանք եղել են, ոմանք էլ, ասել, որ կրակմարիչներ չեն եղել։ Սակայն փաստաբան Ժորա Համբարձումյանը այլ հարց է բարձրացնում՝ արդյոք կրակմարիչներ լինել-չլինելու հանգամանքով է վրա հասել այդ դժբախտ պատահարը, թե՞ ոչ։ «Եթե կրակմարիչ լիներ, ինչ քանակությամբ պետք է դրանք լինեին, որ հնարավոր լիներ այդ ուժգին հրդեհը կասեցնել։ Մեղադրանքում որոշակիության ու պատճառական կապի հիմնավորելու լուրջ խնդիր կա։ Արդյոք անգործության հետևանքով է առաջացել այդ հրդեհը։ Այսինքն՝ պատճառական կապ կա, թե՞ չկա։ Մինչդեռ մենք ընդգծում ենք՝ այդ հանգամանքի հետ կապված բավարար ապացուցողական նշանակության տվյալներ չկան, պատճառական կապը հիմնավորված չէ», -նշում է փաստաբանը։

Կացարանը ինչո՞ւ էր այդ վիճակում, ո՞վ է այդ կացարանի համար պատասխանատու, ինչո՞ւ է զինծառայողների կացարանը այդ վայրում տեղակայվել․ ըստ փաստաբանի, բոլոր այս հարցերը պետք է քննության առարկա դառնան։

Եվ Գոռ Աղեկյանը, և Մառլեն Սարգսյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Նրանց փաստաբանները պնդում են՝ անօրինական է իրենց պաշտպանյալներին կալանքի տակ պահելը։ Պաշտոնապես բացատրվում է, թե ազատության մեջ լինելով նրանք կխոչընդոտեն գործի քննությանը, մինչդեռ նախաքննությունը գրեթե ավարտական փուլում է, գործով ապացույցները ձեռք են բերվել, կայացել են առերես հարցաքննություններ, հետևաբար, ըստ փաստաբանների, ինչպե՞ս  կարող են խոչընդոտել քննությանը։

 

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest