Իրավաբան Կարեն Մեժլումյանը համոզված է՝ Աշոտ Փաշինյանի հետ կատարվածը չի կարող դիտարկվել մարդուն առևանգելու հանցակազմի շրջանակներում, հետևաբար չի բացառվում, որ քրեական վարույթի ինչ-որ փուլում քրեական հոդվածը վերաորակվի:
«Որպեսզի մարդուն այլ վայր տեղափոխելը առևանգում դիտվի, պետք է այսպես կոչված առևանգողը նպատակ ունենա անձին այլ վայրում պահել անազատության մեջ: Ես վստահ եմ, որ ավելի ուշ այդ արարքը վերաորակելու են: Առևանգում հանցակազմը չի կարող երկար կյանք ունենալ», —Forrights.am-ին ասում է իրավաբանը:
Հայաստանի դատական պրակտիկայում կան դատական ակտեր, որոնք, Մեժլումյանի խոսքով,հենց նշված մեկնաբանությունն են տալիս, բայց Վճռաբեկ դատարանում նախադեպային որոշում այս պահի դրությամբ չկա:
Վկայակոչելով ռուսական դատական համակարգում առևանգման հանցակազմի բացատրությունն ու դրա վերաբերյալ ընդունված որոշումները, Մեժլումյանն ասում է՝ ՌԴ գերագույն դատարանի որոշմամբ, անձի առևանգում ասելով պետք է հասկանալ որպես ապօրինի դիտավորյալ գործողությունների շարք, այսինքն՝ անձին իր կամքին հակառակ վերցնել ու այլ վայր տեղափոխելը՝ նրան հետագայում պահելու նպատակով: Ավելին, ըստ նույն որոշման, դատարանը չի հաստատել անձին պահելու նպատակը, հետևաբար հանցակազմը չի կարող դիտվել առևանգում:
«Պրակտիկան և գիտությունը ասում են՝ առևանգում նշանակում է տանել և պահել», -նշում է իրավաբանը:
Դիտարկմանը, թե Գայանե Մարտիրոսյանը կրտսեր Փաշինյանին ասել է՝ արի նստենք մեքենան խոսենք, հետո փորձել է մեքենայով տեղափոխել «Եռաբլուր», փաստաբանն արձագանքում է. «Պետք է պարզել՝ տիկին Գայանեն ցանկացե՞լ է Աշոտ Փաշինյանին տանել ընդամենը «Եռաբլուր» կամ այլ վայր, անազատության մեջ պահե՞լ, թե՞ ոչ: Եթե տանելու էր «Եռաբլուր» ու վերջ, ապա առևանգում հանցակազմ այս դեպքում չի կարող լինել»:
Հետաքրքրվեցինք՝ եթե առևանգում որպես էդպիսին տեղի չի ունեցել, և ըստ էության, անձին «Եռաբլուր» չի տարել, արդյոք այդ դեպքում կարող է դիտարկվել հանցափորձի հանզակազմը: «Դա ձևական հանցակազմ է: Այսինքն՝ եթե վերցրեցիր անձին, տեղափոխեցիր, դա դիտվում է առևանգում, բայց որպեսզի անձին առևանգման հանցակազմով մեղադրանք առաջադրվի, ապա նա պետք է ունենար Աշոտիկին անազատության մեջ պահելու նպատակ, մտադրություն», -ի պատասխան արձագանքում է Կարեն Մեժլումյանը:
Ստացվում է՝ հանրային մեղադրողը պետք է ապացուցի, որ Գայանե Մարտիրոսյանը Աշոտ Փաշինյանին անազատության մեջ պահելու նպատակ կամ մտադրություն է ունեցե՞լ, հարցին, իրավաբանն արձագանքում է. «Այո: Բայց նաև հնարավոր է իրավապահները այլ կերպ մեկնաբանեն՝ նշելով, որ վերցնել տեղափոխելը արդեն իսկ առևանգում է՝ առանց անազատության մեջ պահելու նպատակի: Բայց դա իրավական ու գիտական առումով ճիշտ մոտեցում չէ: Ցավալի է, որ նախաքննական մարմինը չնշելով, թե ցանկանում էին Աշոտիկին տանել, պահել անազատության մեջ, առաջ է քաշել առևանգում հանցակազմը: Նրանց համար պետք է պարզ լիներ, որ թեկուզ անձի կամքին հակառակ տեղափոխումը, առևանգում չի կարող լինել»:
Հարցին, թե քրեական հոդվածի նման անորոշության պայմաններում որքանո՞վ էր իրավաչափ տիկին Մարտիրոսյանին ՀՀ ՔՕ 191 հոդվածի հանցակազմով մեղադրանք առաջադրելը, կալանավորելը Կարեն Մեժլումյանն արձագանքում է. «Ես չեմ պատկերացնում, թե գործի նյութերից ինչ է բխել, որ որոշել են կալանավորել տիկին Գայանեին: Ես վստահ եմ, որ սա պատվերով որոշում էր»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Գայանե Մարտիրոսյանին մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ ազատության մեջ մնալու դեպքում նա դարձյալ կանի նույն արարքը, այսինքն՝ կառևանգի Աշոտ Փաշինյանին: Այս առնչությամբ իրավաբանն ասում է. «Դա աբսուրդ է: Ի՞նչ պետք է անի, պետք է գնա, նորից Աշոտիկին համոզի, ասի՝ արի նստի տանե՞մ: Բաներ կան, որ ակնհայտ է՝ այդպես չի կարող լինել: Ակնհայտ է, ճչացող է»:
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: