Իշխանաձորում 18 զինծառայողների մահվան գործով դատական նիստն այսօր դարձյալ հետաձգվեց՝ վկա Արտակ Մախսուդյանի չներկայանալու հիմքով: Վերջինն արդեն երրորդ անգամն է, որ չի ներկայանում դատական նիստին: Մեղադրող դատախազ Հայկ Մարգարյանը դատարանին միջնորդեց կիրառել հարկադրական միջոց և Մախսուդյանին բերման ենթարկել, որպեսզի վերջինը մասնակցի դատական նիստին ու տա վկայություն:
Դատախազի միջնորդությանը միացան տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները, ինչպես նաև մեղադրյալ փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:
«Ես գտնում եմ, որ դատախազի միջնորդությունը տեղին է և պետք է բերման ենթարկել: Ես խնդրում եմ մյուս վկայի հետ ևս կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նա նույնպես ներկայանա նիստին», -դատախազի միջնորդությանն արձագանքեց Նորիկյանը:
Դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը և հարկադրանքի միջոց կիրառելով դատական նիստին բերման ենթարկել Արտակ Մախսուդյանին:
Այս գործով վկա է նաև Արտակ Բուդաղյանը, սակայն նա դատարանին ներկայացրել բացատրություն՝ ինչու չի կարողանում ներկայանալ դատական նիստին ու տեղեկացրել, որ մինչև նոյեմբերի վերջ չի կարող:
Իշխանաձորի մոտ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից զոհված զինծառայողների՝ 16 շարքային, 2 սպա, հարազատները դժգոհ են դատական նիստերի պարբերական դարձած հետաձգումներից:
Զոհված զինծառայողներից Արման Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը, կասկածում է՝ հավանաբար նախաքննության ընթացքում սուտ վկայություններ են տվել ու հիմա չեն կարողանում գալ, դատական բաց նիստում խոսել այդ մասին:
«Սուտ վկայություններ են տվել ու հիմա երևի չեն ուզում գան: Խաբել են, սուտ բաներ են ասել, Վերանյանի հետ են ծառայել ու չեն ուզեցել իրա դեմ խոսեն, ու հիմա բաց դեմքով չեն կարողանում գալ դատական նիստի մասնակցել», -Forrights.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Օհանյանը:
«Մեզ մատի վրա խաղացնում են, ո՞նց է նման բան հնարավոր», -արձագանքում է զոհված տղաներից Արթուր Խաչատրյանի մայրը՝ Աննա Իվանյանը:
Հարությունն Օհանյանի խոսքով, տուժողների իրավահաջորդների մեծ մասը տարբեր մարզերում են ապրում, և նրանց համար դժվար է գալ Երևան, ու պարզվի՝ վկան չի ներկայացել, նիստը հետաձգվում է:
«Չեն ասում՝ մեկը Վարդենիսից է գալիս, մյուսը Սպիտակից, էն մեկը՝ ուրիշ հեռու մարզից: Իրանց ձեռք է տալիս՝ չգան նիստի, երկարացնեն ժամանակը ու այդքան մնան ազատության մեջ», -նշում է Հարություն Օհանյանը:
Ի դեպ, Օհանյանը դեպքի օրը նույն վայրում է եղել. պատերազմի թեժ օրերին նա մեկնել է Արցախ որդու կողքին լինելու և ականատես եղել՝ հոկտեմբերի 9-ին թշնամու ԱԹՍ-ի կողմից հարվածի հետևանքով որդու զոհվելու դեպքին:
Այս գործով մեղադրյալը փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանն է: Ըստ մեղադրանքի, 2020-ի հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից նա ստացել է հրաման ինժեներասակրավորների խումբը՝ 19 անձ, Արցախի Արծվաշեն գյուղից տեղափոխել Ջաբրաիլի տարածք: Սակայն Իշխանաձոր գյուղի տարածքում, երբ լսվել է աթս-ների ձայնը զինծառայողները բացազատվել են, բայց Վերանյանը նկատելով «Ուրալ» մակնիշի մեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին, հարցրել՝ ինչու անձնակազմը չի տեղաշարժվում, ստացել պատասխան, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի ձայն և, այդ իսկ պատճառով էլ երթը չեն շարունակում և անձնակազմը գտնվում է ավտոմեքենայից դուրս:
Սակայն Վերանյանը հրամայել է կապիտան Տ. Նիկողոսյանին, ամեն դեպքում, ԱԹՍ-ից պատսպարված անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը, որից հետո վաշտի հրամանատարը կատարել է նրա հրամանը: Զորամասի 19 զինծառայողները նստել են «Ուրալ» մեքենան և ԱԹՍ-ի հարվածի հետևանքով առաջացած հրդեհից զոհվել են 18 զինծառայողները, իսկ շարքային Արմեն Հակոբյանը հրդեհի ալիքի հարվածից մեքենայից դուրս է ընկել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ:
Ըստ մեղադրանքի, «Ուրալ»-ի և դրանում եղած զենքերի այրման և հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 21 մլն դրամի վնաս:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: