Նոր-Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 4-ի դատական նիստումլսեց 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանասարի տարածքում 17 զինվորների զոհվելու դեպքի ականատես Հարություն Օհանյանի ցուցմունքները:

Հիշեցնենք, որ Հարություն Օհանյանը 17 զոհված զինծառայողներից Արմեն Օհանյանի հայրն է։ Նա, իմանալով պատերազմի սկսվելու մասին մեկնել էր Արցախ՝ որդու կողքին լինելու համար: Հարություն Օհանյանը ինժեներասակրավորական վաշտի հետ անցկացրել է մի քանի օր, այնուհետև վաշտը ստացել է  Ջաբրայիլ տեղափոխվելու հրաման, սակայն ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից Ուրալ ավտոմեքենան պայթել է և 17 զինծառայող զոհվել է: Ուրալում գտվող միայն մեկ զինվոր է ողջ մնացել: Հարություն Օհանյանը ընթանում էր Ուրալի առջևից՝ մեկ այլ զինծառայողի հետ։ Նրանք վնասվածքներ են ստացել։

Ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը: Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։

Ըստ դատախազության՝ ճանապարհին Իշխանաձորի մոտ հանդիպել են Անդրանիկ Վերանյանին, վերջինս նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել վաշտի հրամանատար կապիտան Տարոն Նիկողոսյանին։ Վերջինս հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։

Ըստ դատախազության՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, այնուամենայնիվ, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը։ Նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ Վերանյանի հրամանից հետո 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, կարճ ժամանակ անց՝ (մոտ 5 րոպե անց) ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 17 զինծառայող զոհվել են։ Նրանց դիակները հայտնաբերվել են մոխրացած վիճակում։ Զովածների թվում է նաև վաշտի  հրամանատար Տարոն Նիկողոսյանը, որը զգուաշացրել էր հրամանատարին ՝ԱԹՍ-ի մասին։

Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ ծանր հետեւանքներ է առաջացրել: Նրան մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Վերանյանը 2020 թվականի դեկտեմբերին կալանավորվել է երկու ամսով այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց է ընտրվել։ Նշենք, որ դատախազությունը չի բողոքարկել հրամանատարին ազատ արձակելու որոշման դեմ։

Դեպքին ականատես վկա Հարություն Օհանյանը դատարանում ցուցմունքներ տվեց դեպքի հանգամանքների մասին, հրապարակվեցին նաև նրա նախպաքննական ցուցմունքները: Կողմերը հարցեր ուղղեցին վկային։ Օհանյանը նշեց, որ իր այնտեղ գտնվելու մասին տեղյակ է պահել որդու հրամանատարներին: Ոչ ոք իրեն չի ասել, թե իր այդտեղ գտնվելը հակաօրինական է, սակայն Օհանյանին զենք չի տրամադրվել, նա զինվորների սնունդ է հասցրել:

Վերանյանի հետ առերեսման, հարց ու պատասխանի ընթացքում Օհանյանը նշել է, որ դեպքից միայն 2 ամիս անց է կարողացել դիմել իրավապահ մարմիններին, զբաղվել է որդու հոգեհանգստի արարողություններով և եղել է շոկային վիճակում: Ամբաստանյալի պաշտպան Նորիկ Նորիկյանը հարց ուղղեց Օհանյանին, թե նա ինչպես է կարողացել տարբերել ԱԹՍ տեսակները, քանի որ ցուցմունքներում նշել է, որ դեպքի օրը իրենց գլխավերևում տեսանելի է եղել հարվածային ԱԹՍ:

Օհանյանը պատասխանեց, որ դեպքի նախորդ օրը երեկոյան երկնքում կրկին նկատել են ԱԹՍ, սակայն սարքը եղել է ավելի հեռու և դրա ձայնը լսելի չի եղել, Օհանյանի հետ կանգնած սպաները ասել են, որ դա հետախուզական սարք է: Ի տարբերություն դրա, դեպքի օրը ԱԹՍ-ի ձայնը լսվել է և այն եղել է տեսանելի; Դատարանի հարցին ի պատասխան Օհանյանը ասաց, որ Վերանյանի հետ անմիջական խոսակցություն չի ունեցել, միայն նրա հրամանից հետո ինքը ասել է՝ <ինչպես գնանք, երբ օդում ԱԹՍ կա>,իսկ Վերանյանը իրեն պատասխանել է՝ եթե չես ուզում դու մի գնա:

Ըստ Օհանյանի Վերանյանը միայն մի դեպքում կարող էր չլսել անօդաչուի ձայնը, եթե նա լսողական խնդիրներ ունի, քանի որ ձայնը բարձր և լսելի է եղել բոլորի համար: Դեպքի մեկ այլ ականատես վկայի մայոր Խորեն Մելիքյանի ցուցմունքի վերաբերյալ Օհանյանն ասաց, որ Մելիքյանը ցանկացել է փոխել իր ցուցմունքը, սակայն հետո պատմել է իրականությունը; Դեպքի պահին Մելիքյանը գտնվել է Օհանյանի անձնական մեքենայում և պայթյունի հետևանքով վիրավորվել է:

<Ես կարծում եմ, որ Վերանյանը պետք է տարբերեր ԱԹՍ տեսակները, քանի որ ինքը զինվորական էր: Ես եթե այդ պահին հասկանայի, որ ինքը սխալ հրաման է տալիս, իմ կյանքի գնով թույլ չէի տա, որ զինվորները այդ հրամանը կատարեին: Տարոնն ու Խորենը հասկացել էին, որ դա հարվածային ԱԹՍ էր, դրա համար էին երեխաներին իջեցրել մեքենայից, և հրամայել, որ ցրվեն տարածքով, բայց Վերանյանի հրամանը ստիպված կատարեցին>,- պատմեց Օհանյանը:

Նորայր Նորիկյանը հարց ուղղեց, թե արդյոք Վերանյանն այդ պահին նաև իր անվտանգության մասին չի մտածել, քանի որ նստել է մեքենան և շարժվել, եթե տարածքում ԱԹՍ կար, այն կարող էր նաև հարվածել Վերանյանի մեքենային: Օհանյանը պատասխանեց, որ իր կարծիքով Վերանյանը թաքնվել է ծառերի հետևում, որտեղ անվտանգ է եղել: Վկան նաև նշեց, որ այդ տարածքը եղել է անվտանգ և մարտական գործողություններ այդ հատվածում չեն եղել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Ասպրամ Փարսադանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest