Արցախյան երկրորդ պատերազմում զոհված, ծնունդով հադրութցի գնդապետ Աշոտ Ղազարյանը զինվորական հարուստ կենսագրություն ուներ, մարտական ուղի էր անցել: Կինը` Ինարա Բաղդասարյանը, վստահ է եղել, որ իր` նման փորձառություն ունեցող ամուսինը պատերազմի ժամանակ կարող է խուսափել հակառակորդի թիրախը դառնալուց: Պատերազմի ժամանակ Աշոտն եղել է Հադրութի զորամիավորման մարտական գծով տեղակալը: 2020թ. հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերն էլ զոհվել է Հադրութի վերին գյուղերում, ԱԹՍ-ի հարվածից:
Ինարան ամենայն մանրամասնությամբ հիշում եւ ներկայացնում է, թե ամուսինն իր երեսուն տարվա զինվորական գործունեությունը որտեղ է անցկացրել:
«Ամուսինս մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, մեքենան պայթել է ականի վրա, ինքը հրաշքով ողջ է մնացել»,- հիշում է Ինարան:
Աշոտ Ղազարյանը վեց ամսով անցել է ռազմական կուրսեր, հետո ուսանել եւ ավարտել է Երեւանի «Վարդանանց » համալսարանը: Երկու տարի Աշոտը ուսանել է նաեւ Սանկտ-Պետերբուրգի ռազմական ակադեմիայում, ավարտելուց հետո վերադարձել Հայաստան: Նա ծառայել է Նուբարաշենի զորամասում, Դիլիջանում եղել է տանկային գնդի հրամանատարը, զորավարժությունների ժամանակ միշտ առաջին հորիզոնականն է նվաճել, փոխանցիկ դրոշն իր մոտ է եղել: Աշոտը ծառայել է նաեւ Էջմիածնում, որտեղ եղել է սակրավորների գունդը (հետմահու այնտեղ Աշոտ Ղազարյանի անունով դասասենյակ են բացել): Այդ ողջ ընթացքում, ըստ Ինարայի, իրենք` ընտանիքով, ապրել են անհանգիստ կյանքով, ամենուր ուղեկցել Աշոտին:
2020թ. հոկտեմբերի 1-ից Աշոտ Ղազարյանը պետք է աշխատեր ՀՀ պաշտպանության նախարարությունում, սակայն նա հարազատներին տեղյակ է պահել, որ կգա միայն պատերազմի ավարտից հետո:
«Հադրութը գրավել էին ադրբեջանցիները, ամուսինս իր զինակից ընկերների հետ ծրագիր էին մշակում, որ հետ բերեն: Աշոտը զոհվեց հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը: Զոհվել էր Սեւ Հովազի` Ռուստամ Գասպարյանի հետ: Զոհվելուց որոշ ժամանակ անց, երբ վերցրել էի իր հեռախոսը, այնտեղ տեսա, որ որոշ ծնողներ գրել էին` մենակ Դուք կարող եք հասնել մեր երեխաներին, մեր երեխաները Վանք գյուղում շրջափակման մեջ են: Այդպիսի մի նամակ գրել էր Դավիթ Ասոյանի հայրը: Հետո իմացա, որ Դավիթը զոհվել է, հայրն էլ որոշ ժամանակ անց մահացել է: Ամիսներ շարունակ ինձ մտատանջում էր այն հարցը, թե արդյոք տղաները դո՞ւրս են եկել շրջափակումից: Հիշո՞ւմ եք, այդ տղաները, որոնք հայտնվել էին շրջափակման մեջ, ամիսներ անց գտնվեցին սառցակալած: Նրանք թաքնվել էին անտառում եւ ողջ մնացել »,- պատմում է Ինարան:
Ինարան հիշում է, որ պատերազմից մոտ երկու ամիս առաջ, Տավուշի հայտնի դեպքերից առաջ ամուսինը կանխատեսում էր լայնածավալ պատերազմի մասին:
Պատերազմի օրերին նա միշտ հանգստացրել է մերձավորներին` ասելով, որ կռիվ-կռիվ են խաղում, հենց ավարտվի` կգա:
«Հոկտեմբերի 15-ի երեկոյան, ժամը 10-ին հետը խոսեցի, ամեն ինչ նորմալ էր, առավոտյան զանգեցի, չէր պատասխանում, հետո զբաղված ցույց տվեց… Հետո իմացա, թե ինչ է եղել »,- ասում է Ինարան:
Ինարան նույնպես արցախցի է, նրա հարազատներն այսօր էլ ապրում են Արցախում եւ մտադիր չեն հեռանալ այնտեղից:
Պատերազմից եւ ամուսնու զոհվելուց հետո նա կարծում է, որ պետք է մեր բանակը լավագույնս զինվի ժամանակակից զինտեխնիկայով: Նա պարբերաբար հիշում էր ամուսնու խոսքերը, որ մեզ հակառակորդը չի կարող հաղթել, մենք ավելի ուժեղ եւ խիզախ ենք:
Ինարան կարծում է, որ ամուսինն արժանի է ավելի բարձր կոչման` Արցախի հերոսի, թեեւ նրան Հայաստանի եւ Արցախի նախագահները պարգեւների են արժանացրել` առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշանների:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: