Արմեն Ասլանյանը արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր: Քույրը` Մարիան, ասում է, որ Արմենը 90-ականներին մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին: Արմենի հայրը եւ մեծ եղբայրը նույնպես մասնակցել են արցախյան առաջին ազատամարտին: Հայրը`Նիկոլայ Ասլանյանը, եղել է գնդի հրամանատար:
Արմենն ավարտել էր ավիաուսումնական կենտրոնը, բորտ-օպերատոր էր, բայց իր մասնագիտությամբ չի աշխատել:
«Երբ նա 2020թ. մեկնեց պատերազմ, մենք գնալուց հետո ենք այդ ամեն ինչի մասին իմացել: Նա գնաց Մեղրի, հետո`Ագարակ, այնտեղից էլ`Նռնաձոր: Ինքը մեկնել է հոկտեմբերի 27-ին, սակայն մեզ հասած տեղեկություններով` զոհվել է նոյեմբերի 3-ին: Մայրս վատառողջ էր, ինսուլտ էր տարել, դա իրեն հետ պահեց, թե չէ ավելի վաղ կմեկներ ռազմաճակատ: Երբ մորս տուն բերեցինք, այն ժամանակ էլ մեկնեց: Ինքն ասել էր, որ գնում է Մեղրի` իր ռուս ընկերների մոտ, չէինք իմացել, որ պատերազմ է մեկնում: Մենք շատ երկար ենք փնտրել Արմենի դին, մոտ երեք ամիս: Գիտեինք, որ վերջին կետը եղել է Նռնաձորը, թույլ չէին տալիս մոտենալ այդ տարածքին, միայն «Կարմիր խաչի » օգնությամբ փետրվարին հաջողվեց մուտք գործել այնտեղ եւ գտնել դին»,- պատմում է Մարիան:
Արմենը, ըստ քրոջ, վիրավորվել է ոտքերից` ականի պայթյունի հետեւանքով: Մարիան ասում է, որ մեկ օր նա նույնիսկ մենակ է մնացել դիրքերում, չի ցանկացել հետ գալ, իջնել դիրքերից, մի ամբողջ գիշեր մնացել է մենակ, հաջորդ օրը նռնակ է վերցրել, իր հետ գտնվող ընկերներին ասել է`դուք իջեք, ես կպահեմ դիրքը մարտի ժամանակ: Այդ ժամանակ էլ վիրավորվել է ոտքերից:
Արմենի եղբոր կինը` Ելենա Խոդիկյանը, ասում է, որ երբ փորձել են գտնել Արմենին, կապ են հաստատել ռուս ընկերների հետ, նրանք էլ տեղյակ են պահել, որ նա Մեղրիում չի եղել: Այդ կերպ իմացանք, որ նա եղել է Նռնաձորում:
«Պատկերացրեք մեր ապրումները, որ մինչեւ փետրվար թույլ չէին տալիս մոտենալ այդ դիրքերին, իսկ մենք փնտրտուքների մեջ էինք: Փետրվարի վերջերն էին, ամուսինս` Վահագնը, հասավ այնտեղ: Արմենը սպի ուներ ճակատին, այդպես ԴՆԹ-ի թեստի միջոցով հաստատվեց, որ ինքն է: Քանի որ Արմենի մայրը վատառողջ էր, այդ ժամանակ չիմացավ եւ չկարողացավ մասնակցել որդու հուղարկավորությանը: Իսկ Արմենին հուղարկավորեցին «Եռաբլուր » պանթեոնում: ՀՀ Նախագահի կողմից էլ Արմենը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության մեդալի »,- ասում է Ելենան:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: