Արմեն Ասլանյանը արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր: Քույրը` Մարիան, ասում է, որ Արմենը  90-ականներին մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին:  Արմենի հայրը եւ մեծ եղբայրը նույնպես մասնակցել են արցախյան առաջին ազատամարտին: Հայրը`Նիկոլայ Ասլանյանը, եղել է գնդի հրամանատար:  

Արմենն ավարտել էր ավիաուսումնական կենտրոնը, բորտ-օպերատոր էր, բայց իր մասնագիտությամբ չի աշխատել:

«Երբ նա 2020թ. մեկնեց պատերազմ, մենք գնալուց հետո ենք այդ ամեն ինչի մասին իմացել: Նա գնաց Մեղրի, հետո`Ագարակ, այնտեղից էլ`Նռնաձոր: Ինքը մեկնել է հոկտեմբերի 27-ին, սակայն մեզ հասած տեղեկություններով` զոհվել է նոյեմբերի  3-ին:  Մայրս  վատառողջ էր, ինսուլտ էր տարել, դա իրեն հետ պահեց, թե չէ ավելի վաղ կմեկներ ռազմաճակատ: Երբ  մորս  տուն բերեցինք, այն  ժամանակ էլ մեկնեց: Ինքն ասել էր, որ գնում է Մեղրի` իր ռուս ընկերների մոտ, չէինք իմացել, որ պատերազմ է մեկնում: Մենք շատ երկար ենք փնտրել Արմենի դին, մոտ երեք ամիս: Գիտեինք, որ վերջին կետը եղել է Նռնաձորը, թույլ չէին տալիս մոտենալ այդ տարածքին, միայն  «Կարմիր խաչի » օգնությամբ փետրվարին հաջողվեց մուտք գործել  այնտեղ եւ գտնել դին»,- պատմում է Մարիան:

Արմենը, ըստ քրոջ, վիրավորվել է ոտքերից` ականի պայթյունի հետեւանքով: Մարիան ասում է, որ մեկ օր նա նույնիսկ մենակ է մնացել դիրքերում, չի ցանկացել հետ գալ, իջնել  դիրքերից,  մի ամբողջ  գիշեր մնացել է մենակ, հաջորդ  օրը նռնակ է վերցրել,  իր հետ գտնվող ընկերներին ասել է`դուք իջեք, ես կպահեմ դիրքը  մարտի ժամանակ: Այդ ժամանակ էլ վիրավորվել է ոտքերից:

Արմենի եղբոր կինը` Ելենա Խոդիկյանը, ասում է, որ երբ փորձել են գտնել Արմենին, կապ են հաստատել ռուս ընկերների հետ, նրանք էլ տեղյակ են պահել, որ նա Մեղրիում չի եղել: Այդ կերպ իմացանք, որ նա եղել է Նռնաձորում:

«Պատկերացրեք  մեր ապրումները, որ մինչեւ փետրվար թույլ չէին տալիս մոտենալ այդ դիրքերին, իսկ մենք փնտրտուքների մեջ էինք: Փետրվարի վերջերն էին, ամուսինս` Վահագնը,  հասավ այնտեղ: Արմենը սպի ուներ ճակատին, այդպես ԴՆԹ-ի թեստի  միջոցով հաստատվեց, որ ինքն է: Քանի որ Արմենի մայրը վատառողջ էր, այդ ժամանակ չիմացավ եւ չկարողացավ մասնակցել որդու հուղարկավորությանը: Իսկ Արմենին հուղարկավորեցին  «Եռաբլուր » պանթեոնում: ՀՀ Նախագահի կողմից էլ Արմենը հետմահու արժանացել է  «Մարտական ծառայության մեդալի »,- ասում է Ելենան:

Թագուհի Հակոբյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest