Կոտայքի մարզի Հացավան գյուղից զորակոչված ժամկետային զինծառայող Արսեն Նիկողոսյանը հենց պատերազմի օրերին լեյտենանտի կոչում էր ստացել: Պաշտոնապես նա համարվում է զոհված, սակայն զինվորի հայրը վստահ չէ, որ իրեն հանձնված մասունքները որդունն են:
Գերասիմ Նիկողոսյանի կասկածների պատճառը պետական մարմինների թերի աշխատանքն է, որը ինքը տեսել է այս ամիսների ընթացքում: «Չեմ հավատում, որովհետեւ մեկը զանգել էր, գնացի մոտը, պատասխանատու մարդ էր, ասեցի պայմանական կոդը, զանգեցին Արտաշատ, ասացին` այո, մենք ենք հերձել, կուղարկենք: Պետք է երեք-չորս օրից զանգեր… խառնաշփոթ իրավիճակ էր… երեք-չորս օր հետո համբերությունս չներեց, գնացի, ինձ ասաց` շատ է մոխրացել, պետք է կրկնակի փորձաքննություն արվի: Ասեցի` եթե մոխրացել է, վառում է, չէ ՞, որ մոխրանում է, բա` հա: Բա հեռախոսը ո ՞նց չի վառվել, աղոթագիրքը ո ՞նց չի վառվել: Դրա համար չեմ հավատում, ես հիմք ունեմ չհավատալու…Իմ վարկածն այն է, որ տղաս գերի է: Ես դրել եմ հողը, լացում եմ, ծաղիկներ եմ դնում, խունկ եմ վառում, բայց չեմ հավատում: Ես ծնող եմ, ծնողական սիրտս չի ասում, որ ինքը մահացել է… Ինձ թվում է` գլխառադ են արել, իրենցից են հեռացրել»,- ասում է նա:
Անպատասխանատու եւ որդու նկատմամբ անհարգալից հաջորդ դրսեւորումն այն է, որ Արսենին հետմահու շնորհվել է Արիության մեդալ, սակայն մեդալին կից վկայականում նշվում է, թե մեդալը Մարտական ծառայության է: Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք դիմել է որեւէ կառույցի նշված հարցերում իր բողոքն արտահայտելու համար, Նիկողոսյանն ասաց. «Ո ՞ւմ դիմեմ: Ոչ ոք ոչ մի բան չգիտի:Կենտրոնական բանկի նախագահն էլ ասում է` զոհված զինվորների ընտանիքների վարկերը մարվում են, գնում ես կոնկրետ բանկ, ասում են` մենք այդպիսի բանկ չգիտենք: Ո ՞ւմ դիմեմ »:
Արսեն Նիկողոսյանի ծառայությունը անցել էր Մատաղիսում, այնտեղ էլ մասնակցել էր մարտական գործողություններին:
«Երբ բոլորին հետնահանջի հրաման է տրվել, նա ծառայակիցներին ուղեկցել է ներքեւ` դեպի անվտանգ տեղ, ինքը մնացել է: Երեք օր նա մնացել է ու հետ է մղել հակառակորդի դիվերսիոն խմբերը: Հետո վաշտի ու գումարտակի հրամանատարը բարձրացել են նրա մոտ ու հետ քաշել դիրքերից: Ավելի ուշ նրան են կցել վեց հոգի, ինչից հետո թեժ մարտեր են սկսել: Յոթ հոգուց վեցը զոհվել են: Մեկ հոգին է ողջ մնացել: Մարտերի արանքում ցանկացել է աչք կպցնել…ընկերներն են պատմում, ես իրենցից գիտեմ ամեն ինչ… Ասել է` ինձ մի բան չլինի… Հետո ասել է` չէ, ինձ ոչ մի բան էլ չի լինի, հայրս չորս պատերազմի մասնակցել է, ինչ է եղել, որ ինձ լինի»,- պատմում է հայրը:
Հայրը պատմեց նաեւ, որ Արսենը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Հայաստան էր վերադարձել պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու համար: Ծառայությունից հետո պատրաստվում էր մեկնել Մոսկվա, այնտեղ տեղափոխել նաեւ ծնողներին եւ ամուսնանալ սիրելի աղջկա` Վերոնիկայի հետ:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: