ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ծավալուն պարզաբանման տեսքով արձագանքել է 2021թ. հունիսի 2-ին forrights.am կայքում հրապարակված ««Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել կալանավորին, ՔԿՀ-ն հերքում է» վերտառությամբ հոդվածին:
Հոդվածում նկարագրել էինք արտառոց միջադեպ, որը տեղի է ունեցել կալանավոր Սերոբ Մխիթարյանի հետ: Ըստ նրա հարազատներից տեղեկությունների, կալանավայրում քաղաքական վեճ է առաջացել բերդի աշխատակիցների հետ, որն ավարտվել էր ընդդիմադիր հայացնքեր ունեցող կալանավորի դաժան ծեծով: Մխիթարյանի հարազատների խոսքով, միջադեպի պատճառը Մխիթարյանի քաղաքական հայացքներն են եղել, որոնք ՔԿՀ աշխատակիցները մեղմ ասած՝ չեն կիսել:
Մխիթարյանի հարազատների պնդմամբ դաժան ծեծի ենթարկվելուց հետո կալանավորը ի նշան բողոքի կտրել է երակները, ասեղներ է կուլ տվել, ապա բժշկական օգնություն է պահանջել, ինչը սակայն նրան չի տրամադրվել: Հացադուլի վերաբերյալ նրա ներկայացրած դիմումը նույնպես անտեսվել է:
Սերոբ Մխիթարյանը որպես ապացույց մեզ էր փոխանցել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նա ասեղներ կուլ տալիս, ինչ հակահիգիենիկ պայմաններում է պահվում, ինչ կեղտոտ է նրա խուցը, ինչ կատարյալ անտերության է մատնված կալանավորը, ինչ ախտոտված, նախնական տեսքը կորցրած բինտ է փաթաթված արյունոտված ձեռքին: Ի դեպ կալանավորի հարազատները դիմել են նաւ մարդու իրավունքների պաշտպանին:
Մինչև մեր հրապարակումը, մենք կապվել էինք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հետ, խնդրելով պաշտոնական տեղեկություններ միջադեպի վերաբերյալ: Մեզ պատասխանեցին երկու բառով. «Չի համապատասխանում իրականությանը», որն էլ հրապարակեցինք:
Տեսանյութն ու հոդվածը հրապարակելուց հետո քրեակատարողական ծառայությունը համարեց, որ «չի համապատասխանում իրականությանը» ձևակերպումը չի փրկում ծառայության պատիվը, քանի որ այս միջադեպը և հատկապես տեսանյութը, որը արված է «Նուբարաշենում», մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է ի հայտ բերում, ցույց է տալիս, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում և ինչ անտարբերության են արժանանում ազատազրկված անձինք: ՔԿԾ-ն առաջարկեց խայտառակ միջադեպի իր վարկածը՝ ծեծ տեղի չի ունեցել, Forrights.am-ի ներկայացուցիչները չեն ցանկացել ՔԿԾ պետի, կամ նրա աշխատողների հետ այցելեն կալանավորին, իսկ վերջինս հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն է, բազմիցս դատված: Ահա մի հատված ՔԿԾ պարզաբանումից.
«Հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով forrights.am կայքի ներկայացուցչին առաջարկվել է այցելել քրեակատարողական հիմնարկ, կազմակերպել դատապարտյալի անձնական ընդունելություն և տեղում ծանոթանալ նախապատրաստվող հրապարակման մեջ արծարծվող թեմաներին, սակայն հիշյալ պայմանավորվածությունից հաշված րոպեներ անց Ձեր կայքում զետեղվել է խնդրո առարկա հրապարակումը, ինչը վկայում է նյութի հեղինակի/ների սուբյեկտիվ և այլ նպատակներ հետապնդելու շահագրգռվածության առկայության և ճշմարտությունը բացահայտելու ցանկության բացակայության մասին …Նկատի ունենալով, որ forrights.am կայքի ներկայացուցիչները փաստացի խուսափել են ընդունել դատապարտյալին, լսել պետական մարմնի ներկայացուցիչների փաստարկները և համակցության մեջ գնահատել փաստերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում հանրությանն իրազեկել ինչպես համացանցային բաց աղբյուրներում առկա, այնպես էլ քրեակատարողական համակարգում Սերոբ Մխիթարյանի վերաբերյալ կազմված որոշ փաստաթղթերի տվյալների մասին»։
ՔԿԾ տեղեկանքի մնացյալ մասը հարկ չենք համարում հրապարակել, քանի որ այն պարունակում է մանրամասներ Սերոբ Մխիթարյանի վերաբերյալ քրեական գործերից, նրա բժշկական փաստաթղթերից, դատարանում և նախաքննության մարմնին արված հայտարարություններից, կալանավայրում ստացած նկատողությունների և տույժերի ցանկը և միտում ունի վարկաբեկելու Սերոբ Մխիթարյանին, ներկայացնելու նրան որպես «շանտաժային-դեմոնստրատիվ վարքագծի» տեր, «հիստերիկ» անձնավորություն:
Գտնում ենք, որ ցուցադրական այցելությունները հիմնարկի, ՔԿԾ պետի, կամ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ամենևին չեն կարող նպաստել ճշմարտության բացահայտմանը այն պարզ պատճառով, որ դատապարտյալը, կալանավորը երբեք անկեղծ չեն բերդի աշխատակիցների ներկայությամբ: Այս համոզման ենք եկել փակ հաստատությունների հետ կապված հարցերի լուսաբանման երկարամյա փորձի ընթացքում:
Ինչ վերաբերում է Սերոբ Մխիթարյանի վարքագծին որպես կալանավորի, հարկ եմ համարում նշել, որ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը չի ազատվում կալանավորված ու դատապարտված անձանց համար կյանքի բավարար պայմաններ ապահովելու, նրանց առողջությունը պահպանելու, սնունդը, կենցաղային պահանջները ապահովելու, նրանց իրավունքները պաշտպանելու պոզիտիվ պարտականությունից անկախ կալանավորված և դատապարտված անձանց վարքագծից, բարոյական նկարագրից, նրանց ստացած տույժ ու տուգանքներից, կամ նրանց կողմից կատարված հանցարարքներից:
Ցավում ենք, որ քրեակատարողական ծառայության ղեկավարությանը ստիպված ենք ներկայացնել տարրական ճշմարտություն՝ ամենավերջին հանցագործին էլ պարտավոր եք չծեծել, կերակրել, բուժել:
Սերոբ Մխիթարյանի տեսնյութերը քրեակատարողական հիմնարկից՝
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: