«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել կալանավոր Սերոբ Մխիթարյանին: Պատճառը՝ Մխիթարյանի քաղաքական հայացքներն են: Ինչպես Forrights.am-ին հաղորդեց կալանավորի քույրը՝ Մարգարիտա Գասպարյանը, բերդի աշխատողերը փորձել են նախընտրական քարոզ իրականացնել իշխանության օգտին, իսկ կալանավորը պաշտպանել է ընդդիմությանը:

«Դեպքը 4 օր առաջ է տեղի ունեցել: Նրան ծեծի են ենթարկել և թողել են առանց օգնության: Նա խնդրել է շտապօգնություն, չեն կանչել: Անգամ չեն թողնում, որ թեժ գծից զանգահարի: Հացադուլի դիմում է գրել, չեն ընդունել», — պատմում է Մարգարիտա Գասպարյանը: 

Սերոբ Մխիթարյանը ի նշան բողոքի կտրել է երակները և ներարկման համար նախատեսված ասեղների կտորներ է կուլ տվել, նկարահանելով այդ ողջ գործընթացը հեռախոսով:

Այն բազմաթիվ խախտումներ է ի հայտ բերում: Կալանավոր անձի մոտ արգելված առարկաներ կան, մեծ քանակությամբ ասեղներ, որոնք կտրող-ծակող գործիքներ են հանդիսանում: Նա պահվում է հակահիգիենիկ, կեղտոտ պայմաններում, այն պարագայում, երբ ունի վերքեր: Բժիշկ կանչելու նրա պահանջներին չեն արձագանքում, թողնելով անօգնական վիճակում: Կալանավորին չեն վիրակապում: Թևին ախտոտված բինտ է: Կալանավորի նկատմամբ դրսևորվում է ակնհայտ դաժան վերաբերմունք, նրան ենթարկում են խոշտանգման, պահում են անմարդկային պայմաններում:

Ըստ Մարգարիտա Գասպարյանի, սա առջին դեպքը չէ, երբ եղբայրը ինքնավնասման է դիմել: «Նա ունի սրտի խնդիր: Պահի տակ սկսում է թուլանալ, բայց ոչ մի օգնություն նրան  ցույց չեն տալիս: Անգամ ֆելդշերը եղբորս կանչից երեք-չորս ժամ հետո է եկել: Ջահել տղա է, 30 տարեկան, բայց որ իրեն տեսնեք, կզարմանաք: Շատ շնորհակալ եմ, որ սնունդը կարգավորեցին, բայց թող իրենց սնունդը կպչի իրենց գլխին: Թող մի քիչ էլ վատ կերակրեին, բայց չծեծեին, չխոշտանգեին, չհասցնեին նրան, որ կալանավորն իրեն վնասի»:

Մարգարիտան և Սերոբի եղբայրը՝ Սերգեյ Մխիթարյանը, դիմում են տարբեր ատյաններ, պահանջելով մարդավայել պայմաններ ապահովել իրենց եղբոր համար: Սերգեյ Մխիթարյանը ազատամարտիկ է, կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին, կորցրել է ոտքը: Նա խիստ վիրավորված է պետության վերաբերմունքից:

Սերոբ Մխիթարյանի հարազատները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Նրանց պատասխանել են, որ կայցելեն, բայց դեռ չեն այցելել:

Քրեակատարևողական ծառայության խոսնակ Նոնա Նավիկյանը մեր հարցմանն ի պատասխան ասաց. «Իրականությանը չի համապատասխանում»: Տեղեկանալով, որ ունենք տեսանյութ, խնդրեց ուղարկել տեսանյութը ՔԿԾ, որ իրենք ուսումնասիրեն այն: Տեսանյութը հրապարակում ենք, հույսով, որ միակ հետևանքը կալանավորից հեռախոս խլելը չի լինի, այլ գործուն  միջամտություն կցուցաբերվի, իրավական հետևանքներով:

Մարդու իրավունքների գրասենյակի հանրային կապերի բաժնից ստացանք հետևյալ պարզաբանումը.

«2021 թվականի հունիսի 1-ին, ժամը՝ 00:21-ի սահմաններում, Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 096-116-100 հեռախոսահամարին է զանգահարել Սերգեյ Մխիթարյանը և հայտնել, որ եղբայրը՝ Սերոբ Մխիթարյանը, որը պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, կտրել է երակները և կուլ է տվել ասեղներ, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները նրան չեն տեղափոխում հիվանդանոց:

Ահազանգի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչն անմիջապես կապ է հաստատել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ: Որոշ ժամանակ անց ՔԿՀ պետը տեղեկացրել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում, և դատապարտյալը հրաժարվում է բժշկական հետազոտությունից:

Այս պարզաբանումները քննարկվել են ահազանգ ներկայացրած Սերգեյ Մխիթարյանի հետ: Բացի դա, վաղ առավոտյան Պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ դատապարտյալի առողջական վիճակը քննարկվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման պետի հետ: Ըստ վերջինիս պարզաբանման՝ 2021 թվականի մայիսի 31-ին դատապարտյալը հայտարարել է, որ կուլ է տվել ասեղ: Նշանակվել է Ռենտգեն հետազոտություն, սակայն դատապարտյալը կտրականապես հրաժարվել է: Հունիսի 1-ի առավոտյան ևս նա հրաժարվել է անցնել համապատասխան հետազոտություն:

Ըստ ՔԿՀ պարզաբանման՝ Սերոբ Մխիթարյանը գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության տակ, տվյալ պահին սուր վիրաբուժական պաթոլոգիա նրա մոտ չի արձանագրվել: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանումից Պաշտպանի աշխատակազմ են փոխանցվել նաև դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Գործ այս պահին շարունակում է գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում»:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest