Նարինե Գրիգորյանի ձեռքում հերթական դիմումի օրինակն է, որով պահանջում է փոխել ավագ որդու՝ Ազատ Մաջարյանի շիրմաքարի ամբողջական լրակազմը։

Որդին ընդամենը 19 տարեկան էր, երբ զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 20-ամյակից օրեր առաջ. «Որդիս  հոկտեմբերի 30-ին պիտի 20 տարեկան դառնար, բայց ամսի 24-ին զոհվեց։ Ընդամենը երկու ամիս էր մնացել, որ տուն վերադառնար։ Ինձ մինչև հիմա տարբեր վարկածներ են պատմում, թե ինչպես է անհետացել տղաս, հետո ասել են, որ իրենց տեղափոխող մեքենայի վրա ԱԹՍ է հարվածել ու բոլորը զոհվել են։ Գիտեմ միայն, որ որդուս «Մարտունի 2» դիրքերից տեղափոխել են Հադրութ, Ջրական։ Հոկտեմբերի 25-ին ինձ ասացին, որ տղաս վիրավոր է։ Ես Ազատիս փնտրում էի բոլոր հիվանդանոցներում, հետո երբ իմացա, որ զոհվել է՝ ուզում էի ընտանեկան գերեզմանոցում հուղարկավորել։ Եկան, համուզեցին, որ Եռաբլուր տանեմ։ Սրա համա՞ր էին համուզել, որ հիմա ամաչեմ որդուս այցելել»։

Ազատի հուղարկավորությունից մեկ տարի անց, 2021 թվականի հոկտեմբերից, մայրը նկատում է, որ շիրմաքարի վրա վնասվածքներ կան,, նկարն էլ խունանում է։ Մի քանի անգամ հասցրել են վերանորոգել։

Այս տարիների ընթացքում շիրմաքարի վրա ճաքերը շատացել են։ Այժմ տապանաքարն էլ վնասվելու եզրին է, եթե չմիջամտեն։ Ազատի նկարը խունացել է, որոշ հատվածում գունազրկվել. «Ինձ ասում են, որ նախկինում անորակ քարով են արել, դրա համար էլ քանդվում է համարյա: Ամեն ամիս ասում են՝ մրցույթը նոր են շահել, կսկսեն վերանորոգելը։ Նախարարությունից ասում են դիմեք պանթեոնի աշխատակազմին ու հակառակը։ Չգիտեմ, թե ինչ անել։ Այս տարիների ընթացքում բոլորի հեռախոսահամարները անգիր եմ արել, հաճախ չեն էլ պատասխանում զանգերիս», պատմում է նա:

Մայրը հանգիստ չունի, ասում է՝ նախորդ տարվա օգոստոսից ամեն օր դիմում է գրում. «Հիմա էլ ասել են այս ամսվա 15-ին քարը կփոխեն, բայց հույս չունեմ: Ես որդի եմ տվել հայրենիքին, ուզածս մեծ բան չէ»:

Չեմ կարողանում որդուս գերեզմանին գնալ՝ ամաչում եմ

 Նարինեին նախորդ տարվա օգոստոսին հավաստիացրել են, որ որդու ծննդյանն ընդառաջ կավարտեն վերանորոգման աշխատանքները. «Ինձ ասացին՝ մենակ ես չեմ այս վիճակում, շուրջ  50 շիրմաքար վտանգի տակ է։ Անընդհատ կրկնում են, որ նախորդ մրցույթով արված աշխատանքը վատն է եղել։ Թե երբ կհաստատեն նոր մրցույթի արդյունքները ու կսկսեն վերանորոգման աշխատանքները՝ չգիտեմ»։

Պաշտպանության նախարարությունից Նարինեին անըդհատ պատասխանել են, որ զբաղվածությունը շատ է, բայց որդու և մյուսների շիրմաքարերի վերանորոգման աշխատանքերով կզբաղվեն՝ նախորդ տարվա դեկտեմբերից. «Ես մտածեցի, որ շատ զբաղված են, բայց հերթը որդուս էլ կհասնի։ Դեկտեմբերը դարձավ հունվար, իսկ մարտից սկսեցին չպատասխանել զանգերիս։ Վերջերս էլ  ասացին, թե պետք է դիմում գրեմ նորից։ Ըստ նախարարություն, հուլիսի 15-ին պետք է ավարտած լինեն աշխատանքները»։

Իմ ձայնը ոչ ոք չի լսել, բայց սիրտս այլևս չի դիմանում. Ուզածս մեծ բան չէ

 Նարինեն պատմում է, որ ավագ որդուն բանակ դժվարությամբ է ճանապարհել, քանի որ երկու որդիներին մեծացրել է միայնակ. «Ինձ միշտ ասում էր՝ մա, հետ գամ, քեզ չեմ թողելու աշխատես»։ Հիշում է Ազատի հետ վերջին հեռախոսազանգը՝ 2020 թվականի հոկտեմբերի 24-ի առավոտյան։ Որդին ասես վերջին շնորհակալություն է հայտնել նրան. «Ինձ ասեց, մա, ես էնքան շնորհակալ եմ քեզ, որ ստեղ ինձ պահել ես ուզածիս պես։ Ես քեզ շատ եմ սիրում»։

Հիմա, երբ Նարինեն պայքարում է որդու շիրմաքարի վերանորոգման համար, ասում է՝ Ազատն այս ամենին արժանի չէր. «Ինքը յուրահատուկ զինծառայող էր։ Ինձ մոտ հաճախ էին գալիս, պատմում, թե ինչպես է իրեն պահել բանակում, իսկ վերջում՝ պատերազմի օրերին։ Ես միշտ մտածել եմ, որ գլուխս բարձր կգնամ Եռաբլուր, բայց էլ չեմ կարողանում այդպես տեսնել նրա գերեզմանը»։

Նարինեն ասում է՝ երբեք չի ցանկացել լինել հերոսի մայր. «Ես ուզում էի լինել Ազատի մայրը ու վերջ։ Ամենավատ երազում ես չէի պատկերացնի այս ամենը։ Մի քանի անգամ Ազատիս շիրմաքարը վնասել են, մինչև հիմա չգիտեմ էլ թե ովքեր։ Ես երբեք ձայն չեմ հանել, բայց սիրտս հիմա չի դիմանում։ Նոր էի հողին հանձնել որդուս, երբ շիրմաքարի նկարը լրիվ վնասվել էր։ Եկան փոխեցին, բայց այս անգամ կարծես չեն ուզում»։

Վերջին անգամ, երբ խոսել է պանթեոնի պատասխանատուների հետ, տեղեկացրել են, որ նոր մրցույթով պետք է վերանորոգվի միայն շիրմաքարը. Տապանաքարի մասին որևէ խոսակցություն չի եղել. «Ես չգիտեմ, թե ինչպես են դա պատկերացնում, բայց տապանաքարն էլ վնասվելու եզրին է։ Աշխատանքներ չտանելու դեպքում՝ դա էլ շարքից դուրս կգա։ Ինձ ասում են՝ նախարարությունից դեռ լուր չկա, սպասում են։ Ես ի՞նչքան սպասեմ»։

Շուշանիկ Փափազյան

 

 

 

Pin It on Pinterest