70-ամյա Վարդգես Գրիգորյանը ծննդով Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղից է։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտում, այնուհետև զորակոչվել Խորհրդային բանակ և ծառայել Չեխոսլովակիայում (Չեխիա)։ Պատմաբանասերի որակավորումն ստանալուց հետո որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ուղեգրվել է Ասկերանի շրջան։ Տարիներ հետո նշանակվել է Ստեփանակերտի քաղաքային գործադիր կոմիտեի աշխատակազմի ղեկավար։ Ունեցել է հարուստ կենսագրություն, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ծառայել ԱՀ ՊԲ-ում և թոշակի անցել որպես պահեստազորի փոխգնդապետ։
«Երբ սկսվեց Արցախյան շարժումը, իմ ծննդավայր Ղազանչի գյուղի ճանապարհներն Աղդամի կողմից շրջափակվեցին։ Այլընտրանքը Խաչենի ձորակի կամրջով ճանապարհ բացելն էր։ Որոշեցինք 17 տարին լրացածներին համախմբել ու կազմակերպել հերթապահություն, որովհետև Ղազանչին շրջապատված էր ադրբեջանական 17 գյուղերով։ Ինձ տեղեկացրին, որ Ցորի՝ նախկին ԽՍՀՄ զինված ուժերի N զորամասում գումարտակի մի հրամանատար կա, ծննդով շուշեցի ու Գերմանիայում ծառայած հայրենասեր տղա և նա կարող է մեզ օգնել։ Հանդիպեցի մայորի զինվորական կոչումով սպայի հետ՝ ներկայացնելով խնդրանքս, որին նա անմիջապես ընդառաջեց։ Այդ սպան Սեյրան Օհանյանն էր։ Ամեն շաբաթ օր հատկացված մեքենայով և զինվորների ուղեկցությամբ ծննդով ղազանչեցիներին քաղաքից հերթափոխով տանում էինք գյուղ՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար»,- Արցախյան շարժման ժամանակահատվածից մի դրվագ պատմեց Վարդգես Գրիգորյանը։
Պատմաբանասերը նշեց, որ Ուրարտուից հետո Արցախն իր բնակիչներով ավելի քան 3 հազար տարի մնացել էր հայկական ու իր սերնդակիցները չէին կարող անտարբեր մնալ Արցախյան շարժմանը։ Նա ընդգրկվել էր հանրապետական զորահավաքի հավաքագրման աշխատանքներին, որի հանձնաժողովի նախագահը գեներալ Իվանյանն էր։ Ինքնապաշտպանական կամավորական ջոկատներից կազմավորվեց պետական բանակ։
Հետագայում ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջարկությամբ Վ. Գրիգորյանը ծառայության անցավ ԼՂՀ պաշտպանության նախարարության սոցպաշտպանության բաժնում։ Պահեստազորի փոխգնդապետը հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իր ուրույն ներդրումն ունենալով «Ստեփանակերտ» շաբաթաթերթի ստեղծմանը, ինչպես նաև քաղաքական, պատմա-ազգագրական, գեղարվեստական, փաստավավերագրական և մշակութային հոդվածների տպագրմանը։ 2020թ. հրատարակվել է Վ. Գրիգորյանի «Արցախի Ղազանչի գյուղի պատմությունը հին դարերից մինչև մեր օրերը» գիրքը։
«Ամուսնացած եմ, ունեմ 3 զավակ ու 7 թոռ։ Բոլոր հարազատներս մասնակցել են արցախյան պատերազմներին։ Քրոջս տղայի նահատակման պատճառական կապը պատերազմն էր… քեռուս և մորաքրոջս թոռները զոհվել են, բարեկամների, ընկերների շրջանում ևս զոհեր ենք ունեցել…այդքանից հետո մենք չէինք պատկերացնում, որ կգա մի օր, որ մենք կթողնենք ու կլքենք մեր հրաշք երկիր Արցախը։ Ինչքա՜ն դժվարությունների միջով են անցել։ «Պապիկ-տատիկ» հուշակոթողի հետևի ձորակում հողամաս ունեինք ու քանի որ գյուղում ծնված էի, գիտեի հողի հետ աշխատելը և լավ այգի էի հիմնել։ Կնոջս ու երեխաների հետ մշակում էինք և շրջափակման ամիսներին ամեն շաբաթ հավաքած բերքից միայն 20%-ն էինք մեզ թողնում, մնացածը՝ ծանոթ-անծանոթներին բաժանում։ Ծանր օրեր էին, մարդիկ սոված և բարություն անելով միասին դիմակայում էինք դժվարություններին»,- Արցախում դիմակայած օրերի մասին պատմեց մեր զրուցակիցը։
Շրջափակման ծանր փուլում, երբ արցախահայերն արդեն սովի էին մատնվում, որովհետև սննդամթերքի ու հատկապես հացի խիստ սղություն կար, իսկ վառելիքի բացակայության և այլ ենթակառուցվածքների աշխատանքների խափանման պայմաններում երկիրը կաթվածահար վիճակում էր, սկսվեց պատերազմը։ Պաշարված արցախցիները մեկօրյա պատերազմի ընթացքում շարունակում էին մաքառել, կռվել մինչև վերջ, բայց ուժերը մեղմ ասած անհավասար էին…
«Ես չէի հավատում, որ պիտի հեռանանք, խուճապ էր. տեղահանված շրջանների բնակիչները օդանավակայնում էին պատսպարվել, հետո տեղի ունեցավ վառելիքի պահեստի պայթյունի ողբերգությունը։ Շատ հուզիչ դեպքեր կան, որ ես չեմ կարող պատմել ու եկավ մի պահ, որ պետք է մտածեինք ինչպես դուրս գալ։ Այդ թոհուբոհում մեր բարեկամը մահացավ ու ես էլ որպես մեծ փեսա հանձն առա օգնել, որովհետև այնքան վտանգավոր էր, որ նույնիսկ ուզում էին տան այգում հուղարկավորել, կանխեցի։ Մեր տեղահանումից մի քանի ժամ առաջ կազմակերպեցինք և նրան հուղարկավորեցինք գերեզմանոցում։ Ծնողներիս ու տատիս շիրիմներն այնտեղ էին ամփոփված, շատ դժվար էր հրաժեշտ տալը, 10-15 րոպեով այցելեցի և մի բուռ հող վերցնելով հեռացա…»,- հուզված պատմեց 70-ամյա արցախցի տղամարդը։
Հակարի կամրջի անցակետում պահեստազորի փոխգնդապետին երկար են ստուգել։ Տեղեկություն կար, որ ադրբեջանցիները ՊՆ և ՊԲ շտաբի ծառայող պաշտոնյաների ցուցակն ունեին և երբ ստուգման անցակետում երկար սկսեցին զննել, Վ. Գրիգորյանի ընտանիքի անդամներն ավելի քան լարված էին։ Կրկնակի ստուգում իրականացնելու ընթացքում ադրբեջանցիներն իրար հետ խոսելով մտադրվել էին ձերբակալել պահեստազորի սպային, սակայն երկար զննելուց հետո որոշել են բաց թողնել։ Մեր զրուցակիցը ներկայացնելով բռնագաղթի ծանր ու դժվար ճանապարհը, նշեց, որ տնից ոչինչ չեն վերցրել, չէին հավատում, որ անվերադարձ են հեռանում։
«ՀՀ սահմանադրությամբ Հայաստանն էր Արցախի երաշխավորը, իսկ ՀՀ վերջին թույլ ղեկավարության արդյունքում տեղի ունեցավ այս ամենը։ Երեսուն տարի ունեինք երկու հայկական պետություն և աշխարհն աստիճանաբար ճանաչում էր Արցախը։ Այսօրվա ղեկավարությունը չի ընդունում իր սխալը, որովհետև սրբապիղծ են, հայատյաց քաղաքականություն են վարում, միայն թե իրենց աթոռները պահեն։ Մինչդեռ ՀՀ պետականությունը հարցականի տակ է դրված։ Այնքան զոհեր տվեցինք, Արցախն էլ հայաթափվեց, ՀՀ այլ տարածքներ տվեց։ Մեր ժողովուրդը միավորվելու խնդիր ունի, Երևանում ապրող մարդը չի զգում, որ հերթով հողերը հանձնելով հասնելու են Երևան, որն էլ դառնալու է վիլայեթ։ Միակ ելքը իշխանափոխությունն է։
Ես նյութապաշտ չեմ, ինձ համար կարևորը մեր պապենական հողի վրա արժանապատիվ ապրելն է։ Մինչև կյանքիս վերջը հույսս չեմ կտրելու, որ հետ ենք դառնալու։ Պետք է գիտակցել, համախմբվել և փրկել մեր վաղվա սերունդը, մեր պետականությունը»,- վրդովված հավելեց Վ. Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան