52-ամյա ստեփանակերտցի Կարինե Սաֆարյանը ամուսնու և 3 աղջիկների հետ ապրում էր Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում։ Ամուսինը պայմանագրային զինծառայող էր, մասնակցել է արցախյան 4 պատերազմներին։ 2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմը սկսվելուն պես Ծմակահողի բնակիչներն անմիջապես տարհանվել են։

«Լավ ապրել ենք. կով, ոչխար, ամեն ինչ ունեցել ենք։ Դժվարություններով ու պատերազմներով անցել ենք, սակայն էս վերջին պատերազմի ընթացքում էդքան վատ վիճակում չէի եղել։  Սեպտեմբերի 19-ին հանկարծ սկսվեց ռմբակոծություն, հնչեցին պայթյուններ… գյուղում անհնար էր մնալ ու միանգամից բնակիչներին՝ կին, երեխա, ավտոբուսով դուրս հանեցին։ Տնից ոչ մի բան էլ չենք հասցրել վերցնել։ Եկել-հասել ենք Խոջալու և 5 օր սոված-ծարավ մնացել։ Գյուղից էլ ենք սոված դուրս եկել, այլուր չի եղել, որ հաց թխենք։ Աղջիկներիցս մեկն ամուսնացած է եղել Մարտակերտում, որն անմիջապես շրջափակել էին և չէին կարողանում դուրս գալ, մյուս աղջիկս Վանք գյուղում էր ամուսնացած, նրանից էլ ընդհանրապես տեղեկություն չունեի։ Ամուսինս՝ 25 տարվա զինծառայող, դիրքերում էր ու 7 օր տեղեկություն չունեի նրանից։ Ինձ հետ միայն փոքր աղջիկս էր»,-մեկօրյա պատերազմի սարսափները վերապրելով պատմեց Կարինեն։

Այդ մղձավանջային ու անորոշ ժամանակահատվածում 52-ամյա կինը 6-7 օր տեղեկություն չուներ իր ընտանիքի անդամների մասին։ Միայն շրջկենտրոնների ճանապարհները ապաշրջափակվելուց հետո նրա աղջիկների ընտանիքները ՌԴ խաղապահների օգնությամբ հասել են Ստեփանակերտ։

«Էդ 2023թ. շատ վատ վիճակում էինք, շատ փիս էր։ Սոված-ծարավ երեխուս վերցրել եմ, դուրս եկել  ու 4-5 օր էլի սոված պահել են, հետո ուղարկել Ստեփանակերտ։ Աղջիկս իր 3 ամսական երեխան գրկին արդեն չէր հավատում, որ Մարտակերտից փրկված դուրս կգան։ 2-3 օրից հետո ամուսինս ու երեխաներս Ստեփանակերտում մեզ են միացել։ Ամուսինս մինչև վերջ մնացել էր դիրքում ու մի կերպ է դուրս եկել, շատ վատ վիճակում։ Պատկերացնո՞ւմ եք, 7 օր ամուսնուդ ու երեխաներիդ չտեսնես ու չիմանաս որտեղ են։ Ամեն ինչ գլխովդ անցնում է՝ կենդա՞նի են, որտե՞ղ են, չգիտես…

Այլևս մնալու տեղ ու հնար չկար և ստիպված դուրս եկանք։ Այժմ տուն ու տեղ թողած, տկլոր դուրս ենք եկել։ Երեխաս մի կոֆտա էր հագած, ես էլ տնային շորերով ու ոչ մի բան չենք հասցրել վերցնել, էնքան որ մեզ փրկել ու դուրս ենք եկել»,- բռնի տեղահանման օրերի մասին խոսեց արցախցի կինը։

Նրա աղջիկների ընտանիքները մազապուրծ փրկվել են։ Նրանցից մեկի ընտանիքն այժմ Գորիսում է ապրում, մյուսինը՝ Չարենցավանում։ Կարինեն ամուսնու և փոքր աղջկա հետ բնակարան են վարձակալել Ձորաղբյուրում։ Նրանք հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Պատերազմի սթրեսների, բռնի տեղահանության հետևանքով կնոջ մոտ ի հայտ են եկել առողջական բազմաթիվ խնդիրներ։ Մեզ հետ զրուցելիս նա չէր կարողանում նստել, օր առաջ էր վիրահատվել։

«Չենք կարողանում ապրել, շատ վատ վիճակում ենք. ամուսինս 80 հազար դրամի զինվորական թոշակ է ստանում, էդ 50-հազարներն էլ որ կտրեն, մենք չենք կարողանալու վարձ տանք։ Ոչ տուն են տալիս, ոչ մի բան։ Ամուսինս օրավարձով 8 հազար դրամ է ստանում, դրանով ենք ապրում, իսկ թոշակով  ու 50 հազար աջակցությունով վարձն ու կոմունալներն ենք փակում։ Ես էլ հիվանդ կին եմ, աչքս վիրահատված, ողնաշարս էլ նոր են վիրահատել ու գրիժան հանել, երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից, 3 ամիս առաջ լեղապարկս են հանել ու էսօրվա դրությամբ ի վիճակի չեմ աշխատել, որ ապրեմ։ Օգնություն չեմ ստանում, ինչպես Ղարաբաղից տկլոր դուրս եմ եկել, մինչև հիմա էլ տկլոր եմ։ Եթե ապրիլից 50-ները կտրեն մենք սոված ենք մնալու, չգիտեմ, ինչ կլինի, ոնց կապրենք»,- սոցիալական իր խնդիրների մասին բարձրաձայնեց Կարինեն։

ՀՀ կառավարության կողմից արցախցիներին առաջարկվող բնակապահովման ծրագրով Կարինեի ընտանիքին հատկացվելիք 9 մլն դրամի սերտիֆիկատով նույնիսկ հեռավոր ու սահմանամերձ գյուղերում չէ հնարավոր տուն ձեռք բերել։ Արցախցի կինը տարակուսած հարցնում է, թե մինչև ե՞րբ պիտի տան վարձ տան։

«Մեր վիճակը շատ լուրջ է, չենք կարողանում ապրել։ Մեզ համար մեր տանը, մեր առօրյայով ապրում էինք։ Էսօր ստեղ, կներեք, հաշվեք փայ ենք հավաքում։ Եթե առանց թուրքերի հետվերադարձի հնարավորություն լինի, մենք հետ կդառնանք, բայց թշնամու հետ չեմ կարա ապրել»,- հավելեց սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախցի կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest