Գյումրիում նախընտրական բուռն իրադարձությունների եւ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի բաց վեճի ֆոնին Նիկոլ Փաշինյանը կրկին ակտիվացրել է «թալանածը վերադարձնելու» թեման։ Թեկուզ շատերն արդեն ծիծաղով են արձագանքում, բայց մի որոշ թվով մարդկանց վրա այն ազդում է։

Գլխավոր դատախազությունը շաբաթը մեկ զեկուցում է «ժող ջանին» վերադարձած հերթական հողակտորի, մեքենայի կամ շինության մասին։ Ի պատասխան «ժող ջանը» մի կողմից ասում է, որ իրեն դա ոչինչ չի տալիս, առավել ևս, որ թալանչիների անուններն այնքան էլ հայտնի չեն։ Մյուս կողմից «ժող ջանը» թվարկում է այն ահռելի «անշարժ գույքը», որը Հայաստանի ժողովուրդը կորցրել է 2020-2023 թվականներին՝ 12 քաղաք, 241 գյուղ, 60 ֆաբրիկա և 15 ձեռնարկություն, 385 եկեղեցի և 400 միջնադարյան գերեզմանատուն, 25 թանգարան, 37 հէկ, 48 հանք, 4 ջրամբար, 5 000 մշակութային հուշարձան, 232 դպրոց , 4 համալսարան և 7 քոլեջ, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց և նույնքան էլ հիվանդանոց, օկուպացված տարածքներ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերից։

Այդ գույքի կորստի հարցով քրեական գործեր հարուցված չեն։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին կա ապօրինի գույքի բռնագանձման 136 հայցադիմում: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ: Մինչ այժմ վճիռներ չկան նախկին ազդեցիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահների ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով:

Ի դեպ «նախկիններին» մեղադրում են ոչ թե Ռուսաստանին փոխանցած ազգային ակտիվների՝ հանքերի, երկաթուղու, գազատարերի և այլնի  համար, այլ գողունի, որի անօրինականությունը գրեթե անհնարին է ապացուցել։ Եթե այդ գույքը չի «վերադարձվել» հեղափոխական ալիքի վրա, օրենքով այն առավել ևս չի վերադարձվի։ Հայաստանը՝ ժողովրդավարական երկիր է, իսկ ժողովրդավարական երկրներում սեփականության իրավունքը՝ սուրբ կով է։ Եւ նույնիսկ կոռուպցիայի դեմ պայքարում արգելված է «կպնել» օրինական սեփականությանը և անմեղության կանխավարկածին։

Գյումրու երկու նախկին քաղաքապետերն արձագանքել են Փաշինյանի պնդմանը, թե ընտրություններին նրանք «դուրս են եկել իրենց գողացած գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին»: Սամվել Բալասանյանն ու Վարդան Ղուկասյանն ասում են՝ Նիկոլ Փաշինյանն անմեղության կանխավարկած է խախտում, ուղղորդում դատարաններին:

Փաշինյանը միայն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը տվեց: Սակայն, ընդգծեց, որ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի»՝ հայտարարելով, թե դրանք նախկին դեսպան Միքայել Մինասյանինը, Վարդան Ղուկասյանինը, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինն են:

ԱՄՆ-ում գտնվող ու Գյումրու պատմական Սև բերդի մոտ հողատարածքների ապօրինի օտարման համար մեղադրվող Սամվել Բալասանյանը պնդում է, որ օրինական է գնել Սև բերդը, և չկա դատական ակտ, որը դա կհերքի։

Սակայն դեռ 2020-ին Հայաստանում «թալանը ժողովրդին վերադարձնելու» ալիքի վրա ընդունվել է օրենք, որը «անմեղության կանխավարկածը» փոխարինել է «մեղքի կանխավարկածով»։ Այսինքն՝ եթե նախկինում պետությունը պետք է ապացուցեր սեփականության անօրինականությունը, ապա հիմա անձը ինքը պետք է ապացուցի իր սեփականության օրինականությունը։

«Լինում են դեպքեր, երբ քաղաքացին պետք է բացատրի իր ունեցվածքի աղբյուրը, և այս դեպքում գործում է ոչ թե անմեղության կանխավարկածը, այլ՝ մեղավորության կանխավարկածը։ Եթե անձը չի կարող ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ապա այդ գույքի ձեռքբերումը համարվում է անօրինական»,- ասել էր Փաշինյանը դեռ 2019թ։ Նա նշեց, որ այս մեխանիզմը անցումային արդարադատության տարր է։

2020-ին օրենքն ընդունվեց, սակայն բողոքարկվեց Սահմանադրական դատարանում։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասով Սահմանադրական դատարանը փակուղում է։ Կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը. ո՛չ հակասահմանադրական է ճանաչում, ո՛չ էլ սահմանադրական, իսկ Դատախազությունն այդ ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում»։

Թերթը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի վարույթում քննվող, 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել էր դիմել ԵԽ մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային եւ սահմանադրական չափանիշներին, մասնավորապես՝ սեփականության իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, թե ոչ։ Եվ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը: «Եթե անձի վրա դրված՝ իրեն պատկանող գույքի օրինական ծագման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու բեռը չափազանց ծանր է, բռնագանձումը կարող է դիտարկվել նաեւ որպես սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն: Ապացուցման ստանդարտը պետք է հստակ սահմանվի օրենքով», ասված է պատասխանի մեջ:

Այսինքն՝ Սահմանադրական դատարանի որոշում և իրավական հիմքեր չկան, և պատահական չէ, որ քանի ամիս է հակակոռուպցիոն մարմինները ղեկավարներ չունեն։ Լավ իրավաբանները հասկանում են «ռասկուլաչիտ»-ի հետևանքները և չեն համաձայնվում իրենց վրա վերցնել այդ անհույս բեռը։ Չէ որ այն մարդիկ, ովքեր այս վիճահարույց օրենքով կունեզրկվեն, ապագայում կարող են բողոքարկել ու պետությունից կրկնակի փոխհատուցումներ ստանալ, իսկ մեղավորները կպատժվեն։

Բացի այդ, թեկուզ բոլորը գիտեն, որ սոցիալիստական համակարգից դեպի կապիտալիստականը անցնելուց բազմաթիվ մարդիկ հարստացել են, բայց նրանց սեփականությունը ունի պետական կնիք։ Եթե բողոքարկվի պետության կողմից սեփականության իրավունք շնորհելու առանձին որոշումները, պետք է բողոքարկվեն բոլոր որոշումները, իսկ դա քաոս է։

«Թալանը ժողովրդին վերադարձնելու» գրեթե անհնարինությունը լավ է հասկանում Նիկոլ Փաշինյանը, սակայն արդեն որերորդ անգամ փորձում է օգտագործել այս թեզը քարոզչական նպատակներով։ Իշխող կուսակցությունը ուրիշ ոչինչ չունի՞ առաջարկելու ժողովրդին։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest