Լիանա Սիմոնյանը խնամքով պահում է ամուսնուց մնացած վերջին իրերը և Կոճուղուտ գյուղի իրենց տան բանալիները։ Ամուսինը՝ 44-ամյա աշխարհազորային Վիտալի Սիմոնյանը զոհվել է Հաթերքի մատույցներում։ Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվում է պատերազմը, կինն արդեն գիտեր՝ Վիտալին գնալու էր մինչև վերջ. «Մենք դպրոցում էինք, երբ հրետանակոծության ձայներից ամեն ինչ դղրդաց։ Այդ պահին ամուսնուս մասին մտածեցի, ինչ-որ բան զգացի»։
Սեպտեմբերի 19-ից օրեր առաջ կինը՝ Լիանան, հեռախոսազանգ էր ունեցել ամուսնու հետ ու կապն ընդհատվել էր։ Ամուսինները Կոճուղուտ գյուղում էին ապրում։ Լիանան աշխատում էր տեղի դպրոցում, իսկ Վիտալին աշխարհազորային էր՝ մասնակցել է բոլոր պատերազմներին. «Իր զոհվելու մասին անընդհատ կատակում էր։ Ասում էր, որ չգա՝ կբերեն։ Ես միշտ նեղանում էի նրանից։ Ասում էր՝ եթե ինքը չգնա, ուրիշ ո՞վ։ Հայրը՝ Բորիսը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինքն էլ 44-օրյայից հետո ծանր վիրավորում էր ստացել»։ Իր հիշատակին նվիրված անկյունում, զինվորական համազգեստով լուսանկարների և շքանշանի կողքին մի գերեզմանաքար կա՝ Վիտալիի երիտասարդ տարիների պատկերով. «Գերեզման, լացելու տեղ չունենք, գոնե սա լինի», ասում է կինը։
Ընտանիքը որևէ լուր չունենալով Վիտալիից, սեպտեմբերի 20-ին, լքում է Կոճուղուտ գյուղը, քանի որ թշնամին արդեն մոտենում էր։ Իրենց տնից որևէ իր չեն հասցրել վերցնել, միայն մի քանի տաք հագուստ, տան բանալիներն ու ամուսնու վարորդական իրավունքը։ Նույն օրը ուշ երեկոյան, Լիանան՝ երեք զավակների հետ, հասնում է Իվանյան (Խոջալու) ու ապաստանում՝ գյուղի մյուս բարեկամների ու հարազատների հետ. «Մնալու որևէ պայման չունեինք ապաստարանում։ Այդ օրերին գրեթե ոչինչ չեմ կերել, ոչ էլ նորմալ կարողացել եմ քնել», հիշում է Լիանան։
Լիանան անորոշության մեջ մնում է մի քանի օր։ Ամուսնու զոհվելու լուրը նրան հասնում է սեպտեմբերի 23-ին, չնայած ավագ որդին՝ Բորիսը, ավելի վաղ էր տեղեկացել. «Ավագ որդիս շատ անհանգիստ էր։ Ես զգում էի, որ ինչ-որ մի բան թաքցնում են ինձնից։ Ամուսնուս հորեղբոր կինն ինձ ասաց, մի բան կա, որ պետք է իմանամ, բայց պայմանով, որ չեմ վատանա. Բորիսն այլևս չկա։ Ես ինձ կորցրել էի, չգիտեի՝ որտեղ է մարմինը, ինչպես պետք է հուղարկավորեինք»։
Լիանան պատմում է, որ Մարտակերտի հիվանդանոցում բազմաթիվ դիակներ կային՝ իրար վրա լցված։ Վիտալիի մարմինը մի կերպ գտել է եղբայրը՝ ձեռքի դաջվածքից ու ամուսնական մատանուց, որն այժմ կրում է Լիանան։
Վիտալի Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, քանի որ ընտանիքը երկար սպասել չէր կարող՝ դիակի տեղափոխման մասին որևէ հստակ տեղեկություն չկար և որևէ տեղում երկար պահել չէր հաջողվի.«Մեզ ասացին, որ արտաշիրիմում են անելու ու բոլոր դիակները Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցից տեղափոխելու են Հայաստան, բայց դեռ որևէ տեղեկություն չունենք»։
Լիանան Արցախում թողել է ոչ միայն ամուսնու գերեզմանը, այլև որդու՝ Հայկի, որը մահացել է վեց տարեկանում, ավտովթարից։ Նրանց հիշատակի անկյունը միակ բանն է, որը մնացել է Լիանային։
Այժմ նա ապրում է երեք զավակների հետ Երևանում և ժամանակի մեծ մասն անցկացնում է տարբեր գերատեսչություններում նամակներ գրելով՝ ամուսնու մարմինն իրեն հասցնելու։ Ասում է՝ հույսը դեռ չի կորցնում, չնայած բոլոր դժվարություններին։ Ընտանիքի հոգսն այժմ ավագ որդու՝ Բորիսի ուսերին է.
«Ամուսինս շատ կուզեր, որ երեխաները ուսում ստանային։ Աղջիկս ու փոքր տղաս սովորում են, բայց Բորիսը կիսատ է թողել ու աշխատում է, որ կարողանանք ապրել»։
Շուշան Փափազյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: