Ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները, Բաքվում հայտարարել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Օսորնոն նշել է, որ իրենց նպատակն է՝ հասնելու այս ոլորտում Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը։

«Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին։ Երկրորդը՝ անհրաժեշտ է լուծել համագործակցության հարցը», — ասել է ծրագրերի ղեկավարը։

Բաքուն ավելի վաղ հայտարարել է, թե «առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ շուրջ 4 հազար ադրբեջանցիներ են սպանվել և թաղվել զանգվածային գերեզմաններում ու նաև ասել, թե «Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների մասին տեղեկությունը»։

Երևանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է՝ պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար համագործակցել Ադրբեջանի հետ:

Այս տարվա փետրվարին հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովները: Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:

Հայաստանը 2020-ից հետո Ադրբեջանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 90-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկորներ։

Իսկ Բաքվի նշած 4 հազար թիվը Երևանում կասկածի տակ են դնում՝ շեշտելով՝ այդ մասին տեղեկություններ չունեն, իսկ անհետ կորածների թվի ճշգրտումը երկար գործընթաց է։

Հայաստանն իր հերթին շուրջ 1200 անհետ կորած անձի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով՝ 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինվոր։

Pin It on Pinterest