Բժիշկ Լուսինե Սարգսյանն Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսականի բուժմիավորման գործադիր տնօրենն էր։ Նա ծննդով ՀՀ Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղից Է ու նրա մանկավարժ ծնողները 2000թ. Ժամանակավոր բնակության նպատակով տեղափոխվել և մշտապես հաստատվել են Արցախում։ 2001թ. Լուսինեն ստոմատոլոգի որակավորմամբ նույնպես տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղ, որտեղ էլ նշանակվեց բուժամբուլատորիայի վարիչ, իսկ հետագայում Կովսականի բուժմիավորման գործադիր տնօրեն։

«Շատ դժվար էր վերաբնակեցված վայրում ապրելը, ամեն ինչ սկսում էինք զրոյից։ Հայրս պատմաբան էր, մայրս՝ լեզվաբան, քույրս էլ լոգոպեդ ու պետք էր բավականին ջանք ու եռանդ ներդնեինք այդ բնակավայրում։ Տեղափոխվել էինք մի աշխարհ, որ նման էր դրախտի։ Հոգուս անկյունում Արցախն է՝ իմ Քաշաթաղը, իմ Իշխանաձորը, որտեղ ունեցել եմ շատ դժվար ու երջանիկ տարիներ։ Այսօրվա իմ ներկան գալիս է Իշխանաձորի անցյալից, որտեղից սկսվել է իմ հետագիծը ու իմ այսօրվա տեսակի համար շնորհակալ եմ Արցախին ու արցախցուն, որ ինձ կրթել ու կերտել են բոլոր առումներով»,-նշեց Լուսինե Սարգսյանը։

Իշխանաձորում Լուսինեն մինչև բշժկական ոլորտում աշխատելը զբաղվում էր հողագործությամբ, գինեգործությամբ, գյուղատնտեսական աշխատանքներով։ Ընտանիքով տուն ու տեղ են դրել ու հիմնավորվել Արցախում։ 2006թ. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Իշխանաձորում հիմնովին կառուցվեց բուժամբուլատորիա և Լուսինեն աշխատանքի անցավ իր մասնագիտությամբ։ Նա միակ բժիշկն էր և բուժքույրերի հետ պետք է տեղում կազմակերպեին բոլոր տեսակի անհետաձգելի բուժսպասարկումը, քանի որ Բերձորը գյուղից 70 կմ հեռավորության վրա էր, Կովսականը՝ 50 կմ։

«Կնոջ ծննդաբերության կամ կոտրվածքների ու տարբեր հիվանդությունների դեպքում միակ բժիշկն էի։ Ծանր դեպքերում հիվանդներին տեղափոխում էինք մասնագիտացված այլ բուժհաստատություններ։ Բարեգործական տարբեր կազմակերպություններ էլ սկսեցին օգնել սարքավորումներով ու բժշկական այլ պարագաներով։ Արցախում ինձ շատ գրավել է ղեկավարի մարդամոտ ու մարդկային լինելը։ Մի օր ԱՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը  ինձ առաջարկեց աշխատել որպես Կովսականի հիվանդանոցի գործադիր տնօրեն։ Բալիկս մեկ տարեկան էլ չկար ու հիվանդանոցը մեր գյուղից հեռու էր, բայց օրը 2-3 անգամ գնում-գալիս էի։ Հիվանդանոցը վատթար վիճակում էր, բայց ամեն անգամ մի բան ավելացնում էինք։ 2014թ. շահագործման հանձնվեց վերջին սերնդի սարքավորումներով հագեցված Կովսականի հսկայական բուժհիմնարկը։ Ամեն օր բարգավաճում էինք, զարգանում մինչև որ մոտեցավ 2020թ.պատերազմը»,- հուզված պատմեց Կովսականի բուժկենտրոնի գործադիր տնօրենը։

Լուսինե Սարգսյանի ամուսինը Արցախի ՊԲ-ի սպա էր։ Նա 2020թ. պատերազմից առաջ զանգեց կնոջը և տեղեկացրեց իրավիճակի, թշնամու զորքի կուտակումների մասին։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Կովսականի բժշկական կենտրոնը Ջրականից 37 կմ հեռավորության վրա էր և պատերազմական գործողությունները մոտ էին։ Բուժանձնակազմին միացան նաև ՀՀ բժիշկներ և սկսեցին ինտենսիվ աշխատել։

«Անհնար էր դիմակայել. օրվա ընթացքում 100-ավոր վիրավորներ էինք ընդունում, մեծ «Ուրալ»- ներով  բերում էին ու դրանց մեջ էլ գնահատում էինք վիրավորների վիճակը, զոհվածներին էլ առանձնացնում…։ Մի անգամ ինքնաթիռները մեր զինհոսպիտալի վրա սկսեցին արկակոծել, սակայն որևէ բժիշկ վիրահատական սեղանը չթողեց։ Հրամանատարը գոռում էր, որ ով գործ չունի՝ դուրս գա, գոնե կենդանի բժիշկ մնա՝ երեխեքին օգնի։ Ունեինք 5 վիրահատական սեղան և էլի չէինք հասցնում, անհետաձգելի բուժօգնության դեպքերը շատ էին։ Պատկերացնում եք, զինվորն զգալով, որ վերջույթներն էլ չկան, գոռում էր. «մոք ջան չլացեք, ոչ մի տեղս էլ չի ցավում»։ Չգիտեմ, մե՞նք էինք հույս տալիս զինվորին, թե՝ զինվորը մեզ։  Մեր ամեն օրը մղձավանջ էր։ Ես սկսեցի վարել նաև շտապօգնության մեքենան, որով տեղափոխում էինք վիրավորներին ու զոհերին և Գորիսից էլ անհրաժեշտ բժշկական պարագաներով հետ դառնում»,- 44-օրյա պատերազմի դժոխային օրերը հուզված նկարագրեց բժիշկը։

Ամեն անգամ մաքրելով արյունոտ պատգարակները, բուժանձնակազմը հույս էր փայփայում, որ այլևս դրանք չեն արյունոտվելու, բայց ամեն օր կորուստ էին ունենում և իրավիճակն ավելի էր վատթարանում։

«Մենք արդեն անզոր էինք, որովհետև անընդհատ նահանջի հրաման ունեինք։ Ասացին, որ պետք է մի քանի օրով դուրս գաք ու հետ գաք։ Մինչև հիմա էլ ապրում ու սպասում եմ հետ գնալու հույսով։ Ոչինչ չհանեցինք։ Ես զինվորական չեմ, բայց բոլորս պայքարում էինք և ինչու՞ այդպես եղավ։ Ինչքա՜ն անմեղ երեխաներ չապրեցին։ Եղավ կապիտուլիացիա ու այսօր մենք անպատիվ ենք ապրում։ Բայց մեր ազգը անկոտրում է և կա վրեժի տենչ, որը պետք է լուծվի»,- ծանր ապրումներով կիսվեց Լուսինեն։

Բժիշկը մինչև 2023թ. մեկօրյա պատերազմը բնակվում և աշխատում էր Ստեփանակերտում։ Նա զինվորական հոսպիտալի թերապևտն էր։

«Իմ տեսած արցախցու տեսակը արարող ու պայքարող է, անկոտրում։ Ծանր բլոկադայի ժամանակ էլ չէին տրտնջում, բոլորը իրար հետ կիսում էին եղածը։ Ամսի 19-ին աշխատավայրում էի, առաջին հարվածները շտաբի շենքի մոտ եղան և հետո միանգամից սկսվեց… հոսպիտալում առաջին վիրավորներին ընդունեցինք։ Հետո եղավ այն՝ ինչ եղավ։ Հիշում եմ, թե ինչպես մի զինվորական պապիկ լացելով այրում էր իր պատմությունը և ասում՝ «վեչ ապրալմ, ոչ ապրում, ոչ էլ պիտի ապրիմ»։ Վերջին օրերին բացի վառոդի հոտից, Ստեփանակերտի երկնակամարը պատել էր քաղաքի հիշողության և պատմության ոչնչացման ծխի ամպով։ Այրեցին ամեն ինչ՝ ծննդական, ծննդավայր, տուն, պատմություն, մշակույթ ու չփրկվեց ոչինչ։ Առանց անցյալի մարդու ներկան գոյություն չունի, ջնջվեց մի ամբողջ ազգի պատմություն և մի գուցե կգա այդ օրը, կլինենք միասնական ու կունենանք այն հայրենիքը, որ կորցրել ենք 2020թ. »,-հավելեց բժիշկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

 

Pin It on Pinterest