Ծննդով ստեփանակերտցի 63-ամյա Լաուրա Մանգասարյանն ամուսնու հետ միասին ապրել ու արարել են Արցախում։ Տուն ու տեղ են ստեղծել, 4 զավակ մեծացրել և 11 թոռների հետ երջանիկ ու ապահով իրենց օրերն անցկացրել։ Երբեք չեն պատկերացրել, որ մի օր կդառնան բռնի տեղահանվածներ։
«Մարդ իր կյանքի ընթացքում մի քանի կռիվ կտեսնի՞։ Տատս ասում էր, որ ինքը 2 կռիվ է տեսել ու զարմանում էի՝ ո՞նց են դիմացել։ Ասում էր, որ մենք էլ կտեսնեք ու խոսում էր Նեռի մասին։ Հիմա եմ հասկանում տատիս ասածները, երբ ապրում ենք հենց այդ օրերը, անցնում դժվարություններով։ Սակայն չենք պատկերացրել, որ մենք կկարողանանք թողնել մեր հողը, տուն ու տեղը, գերեզմանները, ամեն ինչը։ Այստեղ շատ դժվար ենք հարմարվում»,- ասաց տիկին Լաուրան։
Վերհիշելով 2020թ. 44-օրյա պատերազմը, նա պատմեց, թե ինչպես է արկն ընկել հարևանի տան վրա, իրենք էլ 9 հոգով նկուղում հրաշքով փրկվել են։ Տունը փլվել է։ Նրանք հարկադրաբար միայն մեկ շաբաթ են ապաստանել Հայաստանում։ Երբ վերադարձել են, իրենց տունն արկակոծված ու ավերված էր։ Վերանորոգել են ու շարունակել ապրել, հուսալով, որ այդ դժնդակ օրերն այլևս անցյալում կմնան։ Նրանք չեն պատկերացրել, որ կլինի մեկօրյա պատերազմ, միանգամից կհայտնվեն շրջափակման մեջ ու ողջ արցախահայությունը կտեղահանվի։
«Թոռս ծառայում էր ԱԱԾ-ում, տխուր եկավ տուն և ասաց՝ բաբո, էս ինչ օր ընկանք, բաբո Էս խե՞ մեզ ստի արեցին, խե՞ անտեսվեցինք։ Մեզ օգնող չկար, էլ չենք կարում պահել, թորքերը արդեն հասել են Ճոշկը(Ստեփանակերտին մոտ կամուրջ), բայց մենք մնում էինք դիրքերում, սպասելով, որ գյուղերից բնակիչները դուրս գան և հասնեն Ստեփանակերտ։ Տղաս էլ եկավ, թե՝ մա՛մ, ինչ ես մտածում, պետք է դուրս գանք, ողջ թաղամասում մենք ենք մնացել։ Ես էլ պնդում էի, որ դուրս չեմ գա, մինչև Կարմիր շուկայից երեխաներս՝ տղայիս ու աղջկաս ընտանիքները, չհասնեն։ Կապ չկար, միայն գիտեինք, որ գյուղից դուրս են եկել և անտառներում են»,- պատմեց ստեփանակերտցի կինը։
Նա այնքան սպասեց, մինչև Կարմիր շուկայից հրաշքով փրկված իր երեխաներն ու թոռները, խնամին շրջափակումից ազատվել ու ձեռնունայն հասել են Ստեփանակերտ։ Սակայն տղան՝ Ագոն, վառելիքի սղության պատճառով ճանապարհին էր մնացել և չէր կարողացել հասնել Ստեփանակերտ։ Թոռները՝ Հայկը և Լիպարիտը, որոշել են վառելիք հայթայթեն ու հասցնեն հորը։
«Լսել են, որ այսինչ տեղը բենզին կա ու շտապել են այդտեղ։ Այնքան մարդ կար՝ զինվոր, կին, երեխա ու ամեն մեկը մի կանիստր ձեռքներին։ Բենզինի մեծ չաների տակ խռնվել էր ողջ ժողովուրդը։ Շտապողականության և խուճապի մեջ սաղ գժված էին։ Հայկոս փորձեց հերթ պահել, բայց Լիպոն մի կանիստր բենզին վերցնելուց հետո նրան հորդորեց դուրս գալ, որովհետև վտանգավոր էր և շտապեց կանիստրը դնել մեքենայի մեջ։ Հենց էդ պահին էլ ուժեղ պայթյունը եղավ։ Լիպոս շրջվեց և տեսավ, որ պայթյունը Հայկոյի կանգնած տեղում է։ Ամենուր այրվող մարդիկ…»,- լացակումած պատմեց տատը։
2023թ. սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, ծանր վիրավորվել է 300 անձ, իսկ 22 հոգի համարվում են անհայտ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության տվյալների մասին տեղեկատվություն չի հրապարակվում։ Դեպքի հանգամանքները մինչև հիմա պարզ չեն։
Տիկին Լաուրայի թոռները հրաշքով են փրկվել այդ ողբերգության ժամանակ։ Հայկը ուժեղ պայթյունից շպրտվել է և ուշաթափվելով ընկել մի ցանցի վրա։ Եղբոր կանչից նա ուշքի է եկել և ականատես եղել ողբերգական պատկերի։ Նա թեթևակի էր վնասվել, իսկ շուրջը մարդիկ այրվում էին։ Այդ պահին եղբայրները միավորվել և սկսել են օգնել մարդկանց ու երեք հոգու իրենց ավտոմեքենայով հասցրել հիվանդանոց։
«Տղաս անտեղյակ տեղի ունեցածից մի կերպ հասավ տուն և իմանալով, թե թոռներս ինչպես են փրկվել մահից, շատ հուզվեց։ Տղաները երբ փոքր էին, հարցնում էին, թե՝ բաբո, հրաշքն ի՞նչ է, ասում էի՝ եթե տունը վառվի ու դու էլ մեջը կենդանի մնաս։ Այդ ժամանակ պայթյունից հրաշքով փրկված թոռներս հիշեցին իմ խոսքերը»,- նշեց տիկին Լաուրան։
Մինչև հիմա մեր զրուցակիցը չի մոռանում տեղահանվողների շարասյունը, ճանապարհի նեղություններն ու ապրումները։ Այժմ ամուսնու հետ վարձով ապրում են Արարատի մարզի Գետափնյա գյուղում։ Թոշակառու ամուսինները առողջական տարբեր խնդիրներ ունեն։ 63-ամյա կնոջ փաստաթղթերի բացակայության պատճառով 6 ամիս է թոշակ չեն նշանակում։ 64-ամյա ամուսնու համար ևս դժվար է իր արհեստով զբաղվել, բայց մոտակա ծաղկանոցում աշխատում է։
«Մեկուկես ամիս է, չեն վարձատրում, պատճառաբանում են, թե պարտքեր ունեն։ Բայց երեխաներս օգնում են ու չեն թողնում, որ ընկճվենք։ Միշտ մտածում եմ հետվերադարձի մասին, այնտեղ իմ երկիրն է, տունս, ամեն ինչս, էնքան զոհվածները ու մենք ո՞նց ապրենք։ Ես չեմ կարող այստեղ ապրել, ճիշտ է ուրիշ տեղ չենք՝ մեր մայր Հայաստանում ենք, չէ որ, գիշեր ցերեկ միացում ենք ասել։ Պետք է հիմա իրական միացում լինի, միավորվենք ու մեր ուժով ցույց տանք, որ մեր հողի տերն ենք»,-հավելեց արցախցի կինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան