Դոնարա Քոչարյանը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից է։ Մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը ընտանիքով բարվոք ապրում էին իրենց գյուղում՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ 2020թ.-ի պատերազմի հետևանքով Կարմիր շուկան ավերվել էր, բայց նոյեմբերին ստորագրված հրադադարից հետո բնակչությունն աստիճանաբար վերադարձավ հայրենի գյուղ՝ վերականգնելով իրենց տները։
«Մեր սաղ տները քանդված էին, բայց սկսեցինք վերականգնել։ Աղջկաս՝ Լուսոյի հետ, ապրում էի մեր հայրական տանը, իսկ տղաս՝ իր կնոջ ու 4 անչափահաս երեխաների հետ, առանձին էր բնակվում։ Մենք իրար օգնելով միասին հաղթահարում էինք դժվարությունները։ Բայց 2020թ.-ից հետո վիճակը շատ ծանր էր, որովհետև գյուղի վերևում թշնամու պոստերն էին և ամեն օր կրակոցներ, անընդհատ վախի մեջ էինք ապրում։ ՌԴ խաղաղապահներն էլ կանգնած էին և սկզբից որոշ հարցերում աջակցել են ու հույս պահելով մի ձև ապրել ենք։ Ամեն դժվարություն հաղթահարում էինք, բայց վախը միշտ կար։ Ադրբեջանցիները դպրոցի վրա էին կրակում ու անգամ մեր տան մոտակայքում բեկորներ են ընկել, գնդակոծությունից փշրվել է հարևանի ապակին և նման դեպքերը կրկնվում էին։ Մեր տները վերականգնելուց հետո սկսվեց բլոկադան ու Էլ ավելի դժվարացավ վիճակը»,- պատմեց 66-ամյա թոշակառու կինը։
Դոնարա Քոչարյանը 44 տարի Կարմիր շուկայի բուժամբուլատորիայի բուժքույն էր։ 1990-ականների պատերազմի ժամանակ նա իր մասնագիտական պարտքն էր կատարում դաշտային հոսպիտալի վիրաբուժարանում ու մինչև կենսաթոշակի անցնելը բուժքրոջ պարտականությունն էր կատարում քառօրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ։ Նա երբևէ չի պատկերացրել, որ արցախահայության գոյապայքարը կհասնի զրոյական կետի ու նրանք մի օր ստիպված կլքեն իրենց հայրենի բնօրրանը։
«Այդ մեկ օրվա մղձավանջը, էդ պատերազմը կարծես 10 տարվա տանջանք լիներ։ Հարսս ու երեխաները դպրոցում էին, ես էլ խմոր էի արել, որ հաց թխեմ նրանց համար։ Երկու թոռներս դպրոցից եկան, նրանց հաց տվեցի և գնացի, որ թոնրի մեջ հաց թխեմ ու ճանապարհին տրաքոց եղավ։ Մեր և տղայիս տան միջև կամրջի մոտ էր. ուժեղ պայթյունից ամբողջ մարմինս թուլացավ ու քիչ էր մնում ընկնեի կամրջի տակ։ Անընդհատ արկակոծում էին։ Մի կերպ քարշ գալով տուն հասա և սկսեցին ավելի ուժեղ խփել, ոչ մի կերպ չէին դադարում։ Կապ չկար ու չգիտեի, ով՝ որտեղա։ Մի թոռս դեռ դպրոցում էր, մեկն էլ ճանապարհին, որ մի կերպ հասել էր գյուղամեջ՝ քեռու տուն։ Մեր տանն էլ պադվալ չկար, մի անկյունում կուչ ենք եկել, ասել՝ դե ինչ լինի՝ կլինի ու 4-5 ժամվա ընթացքում մեկ րոպե չեն դադարել արկակոծությունները»,- վերհիշեց տիկին Դոնարան։
Մի քանի ժամ հետո տիկին Դոնարան վախվորած մի կերպ դուրս էր եկել տնից և մոտեցել գյուղի թոնրին, որտեղ գյուղացիները հերթով հաց էին թխում և վազում ապաստարաններ։ Քանի որ երեխաները սոված էին, նա հաղթահարելով վախը իր խմորն էլ բերեց: Մի կերպ հացերը թխեց և տուն հասցրեց, երբ տղան եկավ, թե՝ պետք է շուտ դուրս գալ տնից և պատսպարվել բարեկամի նկուղում։
«Ամբողջ գիշեր մնացինք հարսիս եղբոր տան նկուղում։ Թե ինչ վիճակում էինք, աննկարագրելի է… Թոնրատնից որ եկել էի, ոչ մի բան չէի հասցրել վերցրել տնից, միայն փաստաթղթերով պայուսակը ու այդպես խմորուտ շորերով ու դամաշնիկներով դուրս էի եկել։ Էլ հնարավոր չէր հետ գնալ ու մի բան վերցնել,-մղձավանջային այդ օրը ներկայացրեց արցախցի տատիկը և շարունակեց,- որ առավոտ շուտ գյուղն ուղղակի ուժեղ արկակոծությունների տակ էր։ Տղաս թե՝ շուտ պետք է դուրս գալ, բոլորը տեղահանվում են։ Երեխեքի համար թեյ լցրեցի, որ խմեն, հետո դուրս գանք, բայց տղաս ասեց՝ շո՛ւտ, արդեն գյուղամեջին են խփում։ Աստված էս երեխեքին պահեց, հենց բոլորս մտել ենք մեքենան ու հեռացել՝ մինչև մի րոպեն արկն ընկել է մեր կանգնած տեղը։ Մենք միայն պայթյունի ուժեղ ձայնը լսեցինք, սարսափելի էր… թե ոնց էին երեխաները լացում, աղոթում։ Եթե մեկ րոպե ուշ դուրս գայինք, ոչ մեկս կենդանի չէինք լինի»։
Ճանապարհին նրանց ավտոմեքենան ռմբակոծվում էր, երեխաներն էլ մեջը։ Մեծ դժվարություններով, արկակոծությունների տակ նրանք հասել են Ծովատեղ գյուղի դպրոցի ապաստարան, որը նույնպես թիրախավորվել էր թշնամու կողմից ու այդտեղից էլ՝ Կոլխոզաշեն։ Գյուղացիները փորձում էին թաքնվել անտառների մեջ, սակայն թշնամին արկակոծում էր նաև այդ վայրերը։ Հաջորդ օրը հրադադար հայտարարվեց և տիկին Դոնարայի խոսքով՝ իրենք 5 օր մնացին Կոլխոզաշենի անտառներում։ Այլևս հնարավոր չէր վերադառնալ գյուղ և հայտնվել էին շրջափակման մեջ։ Միայն սեպտեմբերի 25-ին նրանք հասան Ստեփանակերտ։ Մի օր մնացին աղջկա տանը և մեծ դժվարություններով հասան Հայաստան։
Բռնի տեղահանության եռօրյա ճանապարհին Կարմիր շուկայի բնակիչներից 3-ը մահացել են։
«Աստծո օգնությամբ անվնաս դուրս եկանք, ամեն մի րոպե մահվան վտանգի տակ էինք… ճիշտ է՝ ամեն ինչ կորցրել ենք, բայց Աստծո ողորմությամբ դիմացանք այդ աննկարագրելի դժվարություններին ու հրաշքով մահից փրկվեցինք։ Երեխաները միշտ հիշում են էդ սարսափելի օրերը։ Իսկ Կարմիր շուկայի դիրքապահները մինչև վերջին պահը մնացել և հերոսաբար մարտնչել են։ Քեռուս երկու թոռներն այդ դիրքերում էին, թշնամուն լավ ջախջախել են։ Մեր գյուղից զոհեր չունեցանք, տղաները մինչև վերջ հերոսաբար կռվել են, բայց մոտիկ գյուղերից զոհեր և վիրավորներ կային։ Էդքան պահեցին դիրքերը, բայց դե վերջում էս ձև ստացվեց, չգիտենք էդ ոնց եղավ, որ էդքան հերոսական կռվել են, բայց վերջում ամեն ինչ թողեցինք և դուրս եկանք»,-տարակուսած հավելեց տիկին Դոնարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան