«Մամ, էնքան եմ ուրախանում, որ գալիս եմ՝ տանն ես ու սիրածս ճաշն էլ կա», սրանք Գոռի սիրելի խոսքերն էին մորը՝ Սիլվարդ Ազիզյանին։
Տիկին Սիլվարդն այսօր էլ հիշում է մեկօրյա պատերազմի մանրամասները։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան նա պատրաստել էր որդու սիրելի կերակուրը։ Պատերազմը սկսվելուց ժամեր առաջ ընտանիքով ճաշում էին. վերջին անգամն էր, որ միասին էին. «Գոռին զանգում են ու շտապ կանչում։ Այդ օրը ոչ ես եմ իրեն համբուրել, ոչ ինքը՝ ինձ։ Կյանքում առաջին անգամ էր, որ Գոռիկը ինձ չի համբուրել՝ մինչ դուրս գալը։ Իր գնալուց հետո մեր տունն ասես դղրդում էր պայթյունների ձայներից։ Մենք գնացինք ապաստարան՝ Գոռից լուր չունեի»։
Աշխարհազորային Գոռ Բաղդասարյանը զոհվում է Մարտունու «Կոհակ» կոչվող բարձունքի մատույցներում. «Ես հույս ունեի, որ գոնե վիրավոր է։ Ինձ ոչ ոք ճիշտը չէր ասում։ Ես վազեցի հիվանդանոց, որ տեսնեմ գոնե վիրավոր Գոռիս», հիշում է մայրը։
Իրենց նոր բնակարանում Գոռի հիշատակին նվիրված անկյուն կա։ Մանկության լուսանկարների կողքին Գոռին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» շքանշանն է ու մի քանի այլ շնորհակալագրեր, որոնք մայրն ամեն օր կարդում է։ Ասում է՝ որդու մասին անցյալով խոսել չի կարողանում. «Ես Աստծուն շնորհակալ եմ, որ հենց Գոռն իմ առաջնեկն է։ Նա յուրահատուկ է։ Ես չէի պատկերացնում, որ առանց իրեն կարող եմ ապրել, բայց արի ու տես…։ Դեռ մանկուց իր մեջ անսահման սեր կար ու բարություն՝ բոլորի հանդեպ», հիշում է մայրը։
Պատերազմն սկսվելու պահին Սիլվարդը շատ պարզ լսում է կրակոցների ձայներն ու մի պահ թվում է, թե Գոռն է ձայն տալիս. «Ես ու աղջիկս՝ Սյուզին, նկուղում էինք՝ սկեսուրիս ու մյուս հարևանների հետ։ Չգիտեի՝ ինչ անել, որովհետև որևէ լուր չունեի Գոռից։ Չէի էլ կարող զանգել. Գուցե դրանով վնասեի նրան»։ Երբ հրետանակոծությունն ավարտվում է, ապաստարանում Սիլվարդը տեղեկանում է, որ Գոռը վիրավոր է, սակայն հիվանդանոցում նրան ասում են ճշմարտությունը՝ «Բոլոր բուժքույրերին Գոռիկից էի հարցնում։ Ասում եմ՝ Սաթիկ, Գոռիկը ու՞ր է։ Ասում է՝ Գոռիկն էլ չկա, գնացել է»։
Սիլվարդն հիշում է, թե ինչպես է վերջին անգամ տեսել որդուն. «Գոռը շատ ժպտերես էր։ Երբ վերջին անգամ տեսա նրան, կարծես նույն ժպիտը դեռ դեմքին էր»։
44-օրյա պատերազմի օրերին Գոռը վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից ու միանում մարտական գործողություններին. «Ես ասում էի, որ չգա, բայց չլսեց ինձ։ Ասում էր, որ մարդն ամեն ինչ պետք է անի իր հողը պաշտպանելու համար։ Այս անգամ, ցավոք, վերջին անգամն էր», ասում է Սիլվարդը։
Ես հպարտ եմ, որ տղաս հայրենասեր է մեծացել
Գոռից մնացած իրեղեն հիշողությունները մայրը խնամքով պահում է։ Հիշում է, թե ինչպես է լուսանկարներն ու որդու հագուստները բերել իր հետ Հայաստան։ Օրվա ընթացքում հաճախ է բացում ընտանեկան ալբոմն ու հանում որդու մանկության լուսանկարները. «Ես չգիտեի, թե ինչ պետք է վերցնեմ ինձ հետ, երբ լքում էինք մեր տունը։ Ես չէի ուզում, որ Գոռիս անձնական իրերը մնար այնտեղ, դրա համար էլ ինչ կարողացա՝ վերցրի։ Լուսանկարներն ու հագուստը շատ կարևոր էին ինձ համար, որովհետև դրանք ողջ են պահում որդուս»։
Գոռի կորուստը ընտանիքում յուրաքանչյուրը տանում է լուռ։ Տիկին Սիլվարդը պատմում է, որ որդին չէր սիրում, երբ ընտանիքում որևէ մեկը տխրում էր կամ լաց էր լինում։ Գոռն էլ, լինելով ընտանիքի ավագ որդին, ամեն բան անում էր, որ ծնողներն ու փոքր եղբայրն ու քույրը, տեղյակ չլինեին իր խնդիրներից. «Գոռիկս միշտ ասում էր, որ պետք է միշտ ուրախ լինեմ։ Հիմա հաճախ եմ լաց լինում, բայց գալիս են ու ինձ ասում, որ Գոռին հաստատ դուր չէր գա։ Աղջիկս՝ Սյուզին, գրեթե չի խոսում, բայց գիտեմ, որ շատ դժվար է իր համար, հատկապես, որովհետև Գոռը շատ էր սիրում նրան»։
Շուշան Փափազյան
Լուսանկարների և տեսանյութի հեղինակ Նարե Առուշանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: