Ստեփանակերտցի Էլլադա Դանիելյանն անցել է 4 պատերազմի միջով։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նա 16 տարեկան էր, երբ իրենց տան ռմբակոծության ժամանակ վնասվածք էր ստացել։ Ամուսինը՝ Վիգեն Ադամյանը, մասնակցել է Արցախյան առաջին, քառօրյա և 2020թ. 44-օրյա պատերազմներին, վիրավորվել է և ունի 2-րդ խմբի հաշմանդամության խումբ։
«Երբ հետ եմ նայում, զարմանում եմ, թե մարդն ինչպե՞ս կարող է այդքանով անցնել։ Մի քանի անգամ նայել եմ մահվան աչքերին։ Պայքարել ենք պատերազմների, սովի ու նեղությունների ժամանակ ու ամեն ինչի պատրաստ էինք, միայն թե մնայինք մեր հողում։ 2020թ. 44-օրյա պատերազմին ամուսինս, եղբայրս ու նրա տղան և մեր մյուս բարեկամները, հարևաններս կամավոր մեկնել են պաշտպանական դիրքեր ու երդվել իրենց կյանքի գնով մինչև վերջ պայքարել։ Երեսուն տարի աշխատում էի «Ղարաբաղ տելեկոմ»-ում, որի ռմբակոծության ժամանակ աշխատանքի էի։ Պատերազմի առաջին տասն օրն աշխատում էի՝ փորձելով օգտակար լինել հայրենիքիս։ Զանգերի միջոցով զինվորների հարազատներին տեղեկություններ էի փոխանցում, հատկապես շրջափակման մեջ հայտնվածների վերաբերյալ։ Պահեր են եղել, երբ ռմբակոծության ժամանակ թվում էր, թե արդեն պիտի մահանամ…, ահավոր էր, սակայն մտադիր էի մինչև վերջ մնալ, բայց երբ հոկտեմբերի 6-ին ամուսինս ծանր վիրավորվեց, արդեն պետք էր Երևան տեղափոխվեինք, որ խնամեի նրան»,-պատմեց Էլլադան։
2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո նրանք միանգամից որոշել են վերադառնալ Արցախ, չնայած վնասվածք ստացած ամուսնուն պետք էր դեռ մի քանի անգամ վիրահատեին։ Մնալով հաստատակամ իրենց որոշման մեջ, նրանք բուժանձնակազմին հավաստիացրել են, որ մեկ ամիս հետո կվերադառնան հերթական վիրահատության համար։ Արկակոծության հետևանքով Ստեփանակերտի իրենց տունն ավերված էր և նրանք այն վերանորոգելով շարունակեցին ապրել հայրենիքում։
«Մի վայրկյան անգամ չեմ կասկածել, որ կարող է մի օր թողնենք մեր հայրենիքը, ասում էի՝ եթե մահ, ապա մեր հողում։ Սկսվեց շրջափակումը. սով, խնդիրներ ու միշտ ասում եմ՝ Տեր Աստված հնարավո՞ր է, որ մարդ արարածն այսքանը տանի, այսքան պայքարի։ 90-ականներին էլ էր սով, բայց էն ժամանակ երեխա էի ու այդքան էլ չէի հասկանում, ծնողներս էին հոգ տարել։ Բայց երբ արդեն ինձ վրա էր պատասխանատվությունը, ահավոր էր, որ առավոտ արթնանալով չգիտես երեխայիդ ինչ տաս ուտելու… ոչ մի ծնողի չեմ ցանկանա դրանով անցնել»,-նշեց արցախցի կինը՝ ավելացնելով, որ բառերով չի կարող նկարագրել իր գլխով անցածը, երբ ամեն ինչից զրկված էին, բայց շարունակում էինք պայքարել։ Էլլադան շատ ծանր է տանում շրջանառվող այն խոսակցությունները, որ իբր արցախցիները չեն պայքարել։
«Սեպտեմբերի 19-ին ոչ հաց, ոչ էլ արդեն ալյուր ունեինք։ Ամուսինս պատահական մի քիչ ալյուր գտավ և դա մեծ ուրախություն էր, որովհետև երեխաներս մի քանի օր սոված չեն մնա ու մտածում էի կարկանդակ թխել և բաժանել նաև կոլեգաներիս ու հարևաներիս։ Ուրախությամբ սպասում էի, որ ժամը մեկին հոսանքը տան ու սկսեմ թխել։ Այդ նույն ժամին պատերազմը սկսվեց։ Պատուհանից նայեցի մոտակա դիրքերին և տեսա, թե ինչպես մի քանի վայրկյանում արկակոծությունից փլվեց շենքը։ Երեխաներս դասի էին ու տեսնում էի, թե ինչպես է Ստեփանակերտը չորս կողմից ռմբակոծվում, ամենուր լաց ու կոծ և ես չոքեցի աղոթելու։ Կինոներում ենք նման տեսարաններ տեսել, Սումգայիթի դեպքերն ենք լսել, որ մտել են ծնողների առջև երեխաներին մորթել ու խնդրում էի Աստծուն, որ նման տեսարաններ չտեսնեմ։ Հետո դուրս եկա, գտա երեխաներիս և տարա «Ղարաբաղ տելեկոմ»-ի նկուղը։ Մեկօրյա պատերազմն ինձ համար կարծես 5 տարի էր»,-հուզված ներկայացրեց արցախցի կինը։
Էլլադան անգամ այդ ժամանակ աշխատավայրում պատասխանում էր քաղաքային հեռախոսազանգերին, որոնց մեծ մասը ծնողների զանգերն էին, որ փորձում էին տեղեկանալ իրենց երեխաների մասին։ Բջջային կապը չէր գործում։ Հաջորդ օրն իր աղջիկներին ուզում էր արդեն տուն ուղարկել, որ ինքը շարունակի աշխատել, սակայն լուրեր պտտվեցին, թե թուրքերը մտնում են քաղաք։
«Կյանքում չեմ մոռանա երեխաներիս աչքերն այդ պահին, երբ ասում էին, որ էսա թուրքերը մտնելու են և կոտորեն։ Լսում էի կոլեգաներից, որ դեղ կա ձեռներին, եթե հանկարծ թուրքերը մտնեն՝ խմեն և ինքնասպան լինեն։ Խուճապ էր ու մի պահ իրարանցում սկսվեց, հրապարակում բոլորը վազում էին։ Պարզվեց գերեզմանոցի թաղամասում կրակոցներ են հնչել։ Մեր հաշմանդամ հարևանը գնացել էր իր հանգուցյալի շիրիմին հրաժեշտ տալու և այնտեղ տեսել թուրքերին։ Գիշերները ես ու ամուսինս չէինք քնում, պատուհանի մոտ հսկում էինք, որովհետև մի քանի մետր այն կողմ թուրքերն էին։ Նույնիսկ պայթյունից հետո էլ սպասում էինք հրաշքի, որ մնանք մեր հողում։ Ահավոր էր. լույս, ջուր, սնունդ չկար։ Այդ ամբողջ ընթացքում ես իմ հույսս Աստծո վրա էի դրել ու եթե այդ հավատքը չլինի, չգիտեմ ինչպես կդիմանայի»,-պատմեց մեր զրուցակիցը։
Նրանք տեղահանվել են սեպտեմբերի 27-ին։ Էլլադայի խոսքով՝ ճանապարհին այնքան էին հյուծվել, որ եթե մի օր էլ երկարեր մինչև Հակարին, չէին դիմանա։ Անցակետում ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց ավտոմեքենան և ուզում էին բռնել Վիգենին, որի դեմքը պարզապես դուր չեկավ նրանց։ Հետո զարմանալով, որ հայ տղամարդը հասկացել է իրենց խոսույթը, արհամարհանքով բաց թողեցին։
Այժմ Էլլադայի թոշակառու մայրն ու սկեսուրն իրենց հետ վարձով ապրում են Երևանում։ Տարեց կանայք ու հաշմանդամ ամուսինն առողջական խնդիրներ ունեն։ Հատկացվող աջակցություններով մի կերպ դեռ գոյատևում են։ Զբաղվածության խնդիր ունեն։ «Ինչպես Արցախում, այստեղ էլ ենք շարունակում պայքարել, միայն թե վերադառնանք։ Եթե դա չլինի՝ մեր ապրելն անիմաստ կլինի։ Իմ կյանքն առանց Արցախի չեմ պատկերացնում ու պայքարելու եմ մինչև վերջ», -հավելեց անկոտրում արցախցի կինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան