«Լույսերը տվալա՞ն»,-ցուրտ սենյակի դուռը բացելով հարևանին հարցնում է արցախցի Հովիկ Դավթյանը՝ ստանում բացասական պատասխան ու հրավիրում իր ցուրտ սենյակ։
55-ամյա Հովիկը միայնակ ապրում է Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքի սենյակներից մեկում։ Իր նման արցախցի յոթ ընտանիք էլ՝ շուրջ 15 հոգի, մի մի սենյակ են ընտրել ու փորձում են իրենց գոյությունը պաշտպանել։
Արդեն մեկ շաբաթ է Հովիկն ու բռնի տեղահնված արցախցիներն առանց էլեկտրաէներգիայի են։ «Լույսը, որ անջատել են, ջուրն էլ է անջատվել, նասոսը չի միանում, գազն էլ հունվարից են անջատել»,-Forrights.am-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացնում է Հովիկ Դավթյանը։
Արցախից բռնի տեղահանված տղամարդու համար կյանքը ծայրահեղ բարդացել է։ «Կարըմ չենք հաց սարքենք, չայ խմենք, կոֆե քցենք, լրիվ դժվար է։ Բաղնիք կարըմ չես անիս, շորերդ կարըմ չես լվանաս»,-առօրյա դժվարությունները պատմում է Հովիկ Դավթյանը՝ ցույց տալով բարերարների կողմից իրեն փոխանցված ձեթը, կարտոֆիլը, հատիկեղենը, որը եփելու հնարավորություն չունի։
«Քուրս մի քիչ չիր է տվել, օրը մի քանի հատ ուտում եմ, որ սոված չմնամ»,-ասում է նա ցույց տալով տոպրակի չրերը,-«ասենք, լավ կորտոշկան կա, որտե՞ղ սարքեմ։ Թոշակս էս ամիս չեն տվել, այսպես էլ ապրում եմ։ 50 հազարս խի՞ չես տալիս։ Հեռուստացույց էլ չկա, ես չգիտեմ, թե աշխարում ինչ է կատարվում»։
Նա վերջին ութ ամսում բնակություն է հաստատում գիշերօթիկի նախկին շենքում։ Կառույցը դեռ 2020 թվականի պատերազմից սկսած ապաստարան է ծառայում արցախցիների համար։ Այժմ այնտեղ բնակություն հաստատողները պնդում են, որ Դիլիջանի սոցալական ծառայութունից իրենց առաջարկել են, որ շենքն ազատեն, քանի որ, ըստ բնակիչների այն վաճառված է։
«Ես անցած տարի հունիս-հուլիս ամիսներին եմ այստեղ տեղափոխվել։ Ես դռնեդուռ էի ընկած, 50 հազարով չէի կարողանում ոչ մի տեղ տուն վարձել, եկա այստեղ մնացի։ Պետությունը էլ 50 հազար դրամը չտվեց։ Հաց էին տալիս, բայց հին էր։ Հիմա ուզում են, որ ստեղից հելնենք, թե ո՞ւմ հրամանով, ի՞նչ հրամանով՝ չգիտեմ։ Ասում են՝ ստեփականատեր ունի, բայց չգիտենք, թե ով է, ասում ենք թող գա մեզ հետ հանդիպի, չի գալիս։ Ձմեռվա կես էս ժողովրդին ո՞ւր եք հանում»,-ասում է Հովիկն ու նշում, որ իրեն առաջարկել են տեղափոխվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։ «Մարալիկում մի փոքր սենյակ են առաջարկում, բայց լույս, ջուր, գազը, հացը քո վրա է»:
Հովիկ Դավթյանը Ստեփանակերտում է բնակվել, Արցախից բռնի տեղահանվել է սեպտեմբերի 25-ին։ «Իմ թոշակով, իմ տանն ապրում էի։ Հիմա դուրսը մնալու վտանգի առաջ եմ կանգնած։ Տուն չեմ կարողանում ճարել, ուր գնում եմ թվեր են կրակում, հնարավոր չի։ Թոշակս Արցախում 50 հազար էր, այստեղ սարքել են 41, դրանով ապրել հնարավոր չէ»։
Հովիկն այժմ սենյակը որևէ կերպ ջեռուցելու հնարավորություն չունի։ Ցրտին դիմակայում է մի քանի վերմակի տակ մտնելով։ «Էնքա՜ն ցուրտ է, երկու վերմակ շուռ եմ անում, ածում վրաս, երկու սվիտրով, մեկ ա էլի ցուրտ ա, չի ստացվում»,-ասում է Հովիկ Դավթյանը և ցույց տալիս էլեկտրական սալիկները, որոնք մեկ շաբաթ է՝ չեն միացվել։
Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում ապրում է յոթ ընտանիք, բոլորի հիմնական խնդիրն էլ կոմունալ պայմանների բացակայություն է։ Forrights.am-ը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ շենքի կարգավիճակի, արցախցիներին լույս ու գազից զրկելու խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հաջորդ հրապարակումներում կներկայացնեն մյուս ընտանիքների սոցիալական ծանր պայամնները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան