Ինչպես հայտնում է Ազատությունը, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին, Բաքվում ընթացող Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության ժամանակ փաստաբաններն իրենց պաշտպանյալների խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել:
Ըստ նույն աղբյուրների՝ դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշում կհրապարակի հունվարի 27-ին։ Այդ օրը նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն է:
Ինչ է նշանակում տնային կալանք հայ գերիների դեպքում։ Ստեփանակերտից ռուս զինվորների «աջակցությամբ» գերեւարված Արցախի նախկին ղեկավարների տունը Ստեփանակերտում է։ Արդյո՞ք դատարանը կորոշի նրանց տեղափոխել Արցախ եւ դատավարությունը շարունակել հենց այնտեղ։ Դա հավանական տարբերակ է, նկատի առնելով, որ Բաքուն ամեն կերպ ցանկանոմ է ցույց տալ, որ «ինտեգրել է» Ղարաբաղը։ Երեկ, օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Ստեփանակերտում բանակային խորհրդակցություն է անցկացրել։
Եթե Արցախի գերեւարված ղեկավարները տեղափոխվեն Ստեփանակերտ, եւ դատավարությունն այնտեղ ընթանա, կստացվի, որ նրանց դատում են հենց «ղարաբաղցիները»։ Բաքվի համար դա շատ կարեւոր է, քանի որ այս «դատավարության» ամբողջ իմաստը՝ Ղարաբաղյան շարժման դատապարտումն է։
Նման խոսույթ նկատվում է եւ Հայաստանի իշխանամետ քարոզչական շրջանակներում․արդեն բարձրաձայն հարցեր են հնչում, արդյո՞ք ճիշտ էր Ղարաբաղյան շարժումը եւ արժե՞ր այսքան մարդ եւ քաղաքական պոտենցիալ զոհաբերել ի սկզբանե անհեռանկար շարժման վրա։ Եւ ո՞վ է մեղավոր եւ ո՞վ է դրանից շահել։
Հայաստանի իշխանությունները պատասխաններ չունեն Հայաստանի, այդ թվում Արցախի բնակիչների բազմաթիվ հարցերին եւ փորձում են համոզել բոլորին, որ ի սկզբանե պետք չէր «ուրիշի հողը» վերցնել։ Բաց տեքստով մեղադրանքներ են հնչում ազգային-ազատագրական պայքարի առաջնորդների հասցեյին։
Այս համատեքստում Հայաստանում արդեն խոսում են, որ Բաքուն Փաշինյանին ներկայացրել է նաեւ այլ անձանց ցուցակ, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանի նախկին նախագահները։ Հիշեցնենք, որ դատավարությունից առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Հայաստանանին՝ կոչ անելով աջակցել քննությանը, քանի որ «շատ մեղադրյալներ եւ վկաներ գտնվում են այժմ Հայաստանում»։
Քննարկվող «խաղաղության պայմանագիրը», ինչպես ներկայացվում է, ենթադրում է նաեւ «անցումային արդարադատություն», նաեւ դատական հայցերի փոխադարձ հետկանչում։ Բաքուն չսպասեց «պայմանագրին» եւ իր դատավարությունը սկսեց, ինչը միանշանակ չընդունվեց միջազգային հանրության կողմից։ Հատկապես, որ դատում են ոչ «գլխավոր մեղադրյալներին»։
«Տնային կալանքի» մասին որոշումը կարող է ելք հանդիսանալ քաղաքական այս փակուղային իրավիճակից։ Հատկապես, որ նման որոշման մասին Բաքվում սկսել են խոսել ԱՄՆ նախագահ Թրամփի երդմնակալությունից եւ Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո։
Այս համատեքստում չի բացառվում, որ «տնային կալանքը» կկրվի Երեւանում կամ մեկ այլ մայրաքաղաքում։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ակնարկում էր, որ պետք չէ աղմուկ բարձրացնել, հույս հայտնելով, որ դատավարությունից հետո Բաքվում պահվող մարդկանց հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: