2020-ի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդարանական լսումները նախատեսվում է անցկացնել հունվարի 29-ին կամ 30-ին։ Այսպիսի տեղեկություն են փոխանցել ԱԺ-ից անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբորը՝ Արսեն Ղուկասյանին։
«Այլ նորություն չունեմ, հստակություն չկա։ Խոստացել են, որ հանդիպումը տեղի է ունենալու, բայց ես շատ վաղուց ոչ մեկի տված խոստումներին չեմ հավատում, տարբեր տեղերում մեզ խաբել են, ասել են՝ չեն արել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Ղուկասյանը։
Հայտնի չէ, թե անհետ կորած զինծառայողների հարազատներն ինչ թվակազմով են ներկա լինելու լսումներին։ Միակ հստակ տեղեկությունն այն է, որ հանդիպումը խորհրդարանում անցկացվելու է փակ ռեժիմում։
«Կազմ չկա որոշված։ Իսկ ինչո՞ւ չպետք է ով՝ ուզի, գնա, եթե ծնող է, ունի կոնկրետ հարցեր խնդիրների վերաբերյալ, թող գա, իր հարցը տա»,-ասաց Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2020-ի Արցախյան պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ։
Հիշեցնենք՝ անհետ կորածների հարազատները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Այս ակցիան հաջորդեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, երբ նա տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքերը։ Ծնողներին ու հարազատներին հետաքրքրում է՝ ի՞նչ բացահայտվեց, ովքեր են պարտության, զոհերի մեղավորները։
«Հարցեր կան անհետ կորածների, ԴՆԹ-ների պատասխանների հետ կապված, պատերազմի հանգամաների ուսումնասիրման ավարտի հետ կապված»,-ասաց Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ ինքը ևս բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում։
Իսկ լսումները փակ անցկացնելու վերաբերյալ Արսեն Ղուկասյանը փոխանցեց, որ նախընտրելի կլիներ, եթե այն բաց ռեժիմով անցկացվեր՝ հանրությունը ևս տեղեկանար իրավիճակին։ «Լինելու է առաջարկ, որ պատերազմի հետ կապված խնդիրները, որ Անդրանիկ Քոչարյանը քննել է հանձնաժողովում, դա պետք է լինի հանրային։ Մարդիկ չիմանա՞ն ովքեր են մեղավորները։ Ի՞նչն են փակ ուզում պահել, դեպքերը տեղի են ունեցել Արցախի հանրապետությունում կա՞ Արցախ, չկա՛։ Գաղտնիությունն ո՞ւմից են պահում, մեր հանրությունի՞ց, Ադրբեջանի՞ց։ Քարտեզ են ցույց տալո՞ւ, ինչքան քարտեզ կա արդեն տվել են Ադրբեջանին, ի՞նչ գաղտնիություն։ Մարդիկ պետք է վերջապես իմանան՝ ով է դավաճանը, բոլորին ասեն դավաճան, քաշվեն մի կողմ, դա ճիշտ կլինի»,-ասաց նա։
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները նշում են, որ ավելի քան 4 տարի իրենց որդիների մասին տեղեկության են սպասում։ Նրանք հույս ունեն, որ առաջիկա լսումների ժամանակ որևէ դրական տեղեկություն կստանան որդիների փնտրտուքի հարցում։
Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը Հայաստանի վերաբերյալ 2024 թվականի իր զեկույցում նույնպես փաստում է՝ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատի գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքը պետության կողմից արդյունավետ կերպով չի ապահովվում։ Դատաբժշկական և ԴՆԹ-ների վերականգնման հնարավորությունները բավարար չեն։ Մասնավորապես սահմանափակ են փորձաքննությունները՝ խառնված կամ այրված մնացորդների հետ աշխատելու համար: Ընտանիքների կողմից նույնականացման արդյունքները վերանայելու կամ վիճարկելու մեխանիզմները բավարար չեն: Առկա չէ նաև մեկ միասնական տեղեկատվական բազա, որտեղ հավաքագրված կլինեին անհայտ կորած անձանց վերաբերյալ ամբողջական տվյալները։
Ընդգծելով, որ ղարաբաղյան 2-րդ պատերազմում 195 անձ շարունակում է անհետ կորած համարվել, միջազգային կառույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին բարելավել դատաբժշկական ընթացակարգերը, ուժեղացնել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կարողությունները, մասնավորապես արդյունավետ աշխատելու կմախքի, այրված կամ մասնատված մնացորդների հետ:
Նարեկ Կիրակոսյան