Մարդու իրավունքների նախկին պաշտպան և գերիների հարցերով մշտապես զբաղվող հասարակական գործիչ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Forrights.am-ին տված հարցազրույցում անդրադարձավ Բաքվում պատանդառված հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությանը, Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին և ներկայացրեց խնդրի լուծման իր մոտեցումները։

«Օրվա այս իշխանության հետ սին հույսեր կապելը միայն ժամանակի և էներգիայի կորուստ է։ Ես բազմիցս նշել էի, որ այս իշխանության վրա ոչ մի ճնշում դրսից չկա։ Իհարկե, կարևոր է ներկայացնել մեր պահանջները, բայց հույսեր կապել չի կարելի։  Շատերը զարմանում են, թե ինչո՞ւ են արցախցիները շարունակ գալիս ՄԱԿ-ի դեմ և ներկայացնում պահանջներ։ Հարցն այն է, որ ՄԱԿ-ը հասարակ կազմակերպություն չէ, այն միջպետական կառույց է, որի կանոնադրությամբ բոլոր անդամ պետություններն ունեն հատուկ պարտավորություններ, որոնք պետք է կատարեն։ Ու մենք գալիս ենք ՄԱԿ-ի դիմաց պահանջով, քանի որ կառույցի հոդվածներով պետք է պահպանվի խաղաղություն և ընդհանրապես բացառվի ուժի կիրառումը, բայց փաստորեն, ՄԱԿ-ը թերացել է այդ հարցում։ Երկրորդ՝ մենք ՄԱԿ-ից պահանջում ենք միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանություն, դիցուկ քաղաքական դիրքորոշումը կարող է տարբերվել, բայց ինչ վերաբերում է  հումանիտար իրավունքին, դա բոլորիս սուրբ պարտականությունն է»-, պարզաբանեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է անելիքներին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ այն ինչն չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի նույն կանոնադրությամբ,  եթե տեղի են ունենում ագրեսիա, ցեղասպանություն, ապա ցանկացած անդամ պետություն կարող է դիմել և ագրեսորի դեմ դատարանով պատժամիջոցներ նախաձեռնել։ Լ. Ալավերդյանը համոզված է, որ մինչև այս տարվա փետրվար, երբ որ Հայաստանը դեռ չի եղել Միջազգային քրեական դատարանի անդամ պետություն՝ վավերացնելով Հռոմի ստատուտը, ՀՀ-ն զրկված էր, օրինակ, ՄԱԿ-ի արդարադատության դատարան դիմելու, որովհետև այնտեղ կարող են դիմել միայն կառավարությունները։

«Բայց հիմա մենք նոր վիճակում ենք, երբ միայն մեր ակտիվությունից է կախված, թե արդյոք Միջազգային քրեական դատարանը վերջապես, ի տարբերություն այլ կազմակերպությունների,  խոսքից կանցնի՞ գործի՝ պատժամիջոցներով զսպելու Ադրբեջանի արդեն լկտիացած ղեկավարությանը։ Սոցցանցերում տեսնելով որոշ գրառումներ, ուղղակի ցնցվում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում թե անգամ մարդասպանին չպետք է դատի Ադրբեջանը։ Ու Ադրբեջանը չի դատում կոնկրետ մարդկանց, լինի՝ 8, թե 25 հոգի, այլ հավասարեցնում և նույնացնում է ազգային ազատագրական ու ինքնորոշման պայքարը տեռորիստական գործողությունների հետ։ Չեմ կարող չհիշեցնել Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Գ. Օկամպոյին, որը եզակի անհատականություն է և 2023թ. օգոստոսի 13-ից բնութագրել է Ադրբեջանի գործողությունները և Արցախի շրջափակումը որակել որպես ցեղասպանություն՝ զգուշացնելով, որ դրանից հետո Ադրբեջանը դիմելու է ավելի կոշտ միջոցների»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նա հավելեց, որ ի տարբերություն Օկամպոյի, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հենց ՄԱԿ-ի նիստի նախօրեին ասել է, որ  Արցախի քաղաքացիական բնակչությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Մինչդեռ ՄԱԿ-ի այդ նույն կանոնադրության մեջ, ինչպես պարզաբանեց իրավապաշտպանը, նշված է՝ եթե կան այնպիսի պետություններ, տարածքներ, որոնք ամբողջովին ինքնուրույն չեն կառավարվում, ապա այն պետությունը, որը կարող է լրացնել այդ բացը, մասնավորապես, արտաքին հարաբերություններում, կարող է դիմել ՄԱԿ՝ ոչ թե ռասիստական քաղաքականությունը, այլ ագրեսիան և ցեղասպանությունը կախարգելելու համար։ Մարդկության դեմ կատարված հանցագործության դեպքում ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ և ՄԱԿ-ի անդամ պետությունը կարող է դիմել և պահանջել, որ իր հետ կապ չունեցող բոլորովին այլ պետությունում հարուցվեն քրեական գործեր։ Հայաստանը ուներ պարտականություն դիմելու ՄԱԿ-ին՝ կանխելու Արցախի ցեղասպանությունը։ Բայց տեղի  ունեցավ հակառակը։

«ՄԱԿ-ը չպետք է անտաբեր լիներ, եթե որևէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները։ Իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված՝ բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտով։ Աշխարհում չի եղել մի այնպիսի հակամարտություն, որտեղ ընդգրկված կլինեին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբով։ Կարծում եմ, որ ներկայիս պայմաններում հասարակությունը և մասնավորապես, Արցախի իշխանություններն ու քաղհասարակությունը ունեն պարտականություններ ու ոչ թե կարող են, այլ պարտական են քայլեր ձեռնարկել։ Այն բոլոր պահանջները, որոնք չի առաջադրում իշխանությունը, պետք է պահանջի հասարակությունը, ինչպես ասում են՝ գնդակը մեր դաշտում է»,- մեկնաբանեց հասարակական գործիչը։

Զառա Մայիլյան

 

 

 

Pin It on Pinterest