Մարտակերտի բնակիչ Բալասան Վանյանը մասնակցել և վիրավորվել է 1991-1994թթ. Արցախյան պատերազմում։ Վիրավորվելուց և 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչվելուց հետո նա զորացրվել է։ Արցախի հայաթափումից հետո 5 երեխաների հայրն այժմ ապրում է Երևանում, ունի առողջական խնդիրներ ու դեռևս չի կարողացել լուծել զբաղվածության խնդիրը։
«Արցախյան առաջին պատերազմի արդյունքը փաստեց, որ հայ ժողովուրդն իր հավաքական ուժով կարող է և կարողացավ հաղթանակ տանել մարտի դաշտում ու հնարավոր էր զարգացնել Արցախը՝ այն դարձնելով կայացած և ժամանակակից պետություն։ Ցավոք, ոչ ճիշտ քաղաքականության շնորհիվ հասանք մի հանգրվանի, որ տեղի ունեցան փոքր բախումներ, որոնց հետևեց 2020թ. 44-օրյա պատերազմը և մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի զգալի հատվածը։ Կենտրոնական և տեղական իշխանությունների կառավարման արդյունքում ունենք այն ինչ ունենք՝ մենք կորցրել ենք մեր հայրենիքը»,- վրդովված ասաց Արցախյան առաջին պատերազմի մասնակիցը։
Դեռևս 1997թ.-ին Բալասան Վանյանն իր ներդրումն է ունեցել Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման գործում, այնուհետև Մարտակերտի շրջվարչակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետն էր ու մինչև 2015թ.-ն աշխատում էր պետական համակարգում՝ միաժամանակ զբաղվելով քաղաքականությամբ։ Նա նաև Մարտակերտի դաշնակցության կոմիտեի ներկայացուցիչն էր։ Որպես պատգամավորի թեկնածու մասնակցել է 2020թ. ընտրություններին՝ Միացյալ Հայաստան կուսակցության ընտրացուցակով։
«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ինչի հետևանքով կորցրինք ամեն ինչ։ Այդ պատերազմը կարելի էր ավարտել հաղթանակով, սակայն Հայաստանում կար նոր ամբիցիոզ իշխանություն, որն արտաքուստ կարծես ազգային գաղափարներով էր առաջնորդվում, բայց իրականում այդպես չէր։ Պատերազմը սկսվելուց 3-4 օր հետո հասկանալի դարձավ, որ մենք ոչ թե հաղթանակ կունենաք, այլ պարտություն։ Այդ օրերին Մարտակերտում ես տեսնում էի, թե մեր մարտիկներն ինչերի էին պատրաստ, բայց նաև տեսանելի էր ռազմական գործողությունների ոչ ճիշտ կազմակերպումը։ Մարտերը կառավարվում էին ոչ թե անմիջական դաշտային հրամանատարների, այլ ռազմաքաղաքական իշխանության կողմից։ Ու տեղի ունեցավ անդառնալին՝ նոյեմբերի 9-ից հետո մենք հայտնվեցինք այլ իրականությունում»,- իր մտորումները ներկայացրեց Բալասան Վանյանը։
Վերհիշելով Արցախի շրջափակման ծանր օրերը, նախկին ազատամարտիկը ցավով անդրադարձավ արցախահայության համար ստեղծված փորձություններով լի այդ շրջանին, որի հետևանքով և մեկօրյա պատերազմով իրականացվեց էթնիկ զտում, որն անվանում են նաև ցեղասպանություն։
«Աստիճանաբար Արցախի մնացորդը հայտնվեց շրջափակման, այսպես ասած՝ մեշոկի մեջ, որի վզին կապած պարանը Ալիևի ձեռքում էր։ Հետագայում պարզվեց, որ պարանի մի կողմն էլ ձգում է Նիկոլ Փաշինյանը։ Ես վերջին անգամ 2022թ. նոյեմբերին Արցախից Հայաստան էի մեկնել հետ դառնալու նկատառումով, երեխաներս Երևանում ուսանող էին, սակայն դեկտեմբերի 11-ին ճանապարհը փակվեց։ Արցախահայության մի որոշ հատված բռնեց արտագաղթի ճանապարհը, իսկ արցախցիների մեծ մասը Հայաստանում փորձում է բնակություն հաստատել, ինտեգրվել, սակայն առկա խնդիրները չեն լուծվում և դեռ խորանում են։ Արցախցիները սոցիալական և հոգեբանական ճգնաժամի մեջ են։ Միակ թույլ ու լուսավոր կետն այն է, որ միջազգային հանրությունն Արցախում տեղի ունեցածը համարում է ցեղասպանություն, էթնիկ զտում։ Այդ հանգամանքն արցախցիների մոտ մի փոքր հույս առաջացրեց հայրենիք վերադառնալու ակնկալիքով։ Կարծում եմ, որ իր բնօրրան վերադառնալն արցախցու բնական իրավունքն է և այն պետք է իրացվի, պետք է տեր կանգնենք այդ իրավունքին։ Սակայն ինչպե՞ս տեր կանգնել, եթե ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն արտաբերում Արցախ բառը, էլ չենք ասում էթնիկ զտման, գերիների ազատ արձակման հարցի բարձրաձայնման ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծման մասին»,-նշեց Բ. Վանյանը։
Մեր զրուցակիցն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից արցախցիների համար նախատեսվող բնակապահովման ծրագրին, նշեց որ այն ունի բազմաթիվ բացթողումներ, անհամապատասխանություններ և իրատեսական չէ հատկացվող գումարներով ներկայիս շուկայական պայմաններում բնակարան կամ հողատարածք ձեռք բերելը։ Նրա 7 հոգանոց ընտանիքից Երևանում աշխատում են 3-ը, և նա անտրամաբանական է համարում ծրագրից որոշակիորեն օգտվելու համար մարզում բնակվելու նախապայմանը, այն դեպքում, երբ այնտեղ զբաղվածության խնդիրն ակներև է։ Նրա կարծիքով՝ աջակցությունը պետք է տրամադրվի համահավասար հիմունքով, իսկ հողի հատկացումը պետք է կազմակերպվի պետության կողմից։ Այս ծրագիրը կյանքի կոչելը Բ. Վանյանն անհնարին է համարում և ինքը չի դիմել ծրագրի շահառու դառնալու համար։ Իսկ մարտ ամսից հետո արցախցիներին բնակվարձի նպատակով հատկացվող աջակցության ծրագիրը դադարեցնելու պարագայում արցախահայությունը կհայտնվի սոցիալական խիստ վատթար պայմաններում։
«Ներկայումս աշխատում են այն արցախցիները, որոնք ունեն դրա հնարավորությունը։ Բոլորն են ուզում աշխատել, բայց չեն գտնում։ Ես էլ եմ փորձել աշխատել, բայց դրանք առողջությանս հետ համադրելի չէին և աշխատանքային պայմաններն անտանելի էին։ Արցախցիների սոցիալական խնդիրներն աստիճանաբար ավելի կսրվեն և արտագաղթի թիվը կաճի։ Իսկ Արցախ վերադառնալը մեր բնական իրավունքն է, սակայն դրա հիմնական երաշխավորը պետք է լինի Հայաստանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում թշնամու ախորժակն այնքան է բացվել, որ Երևանն էլ է ադրբեջանական համարում։ Թող գուժկան չերևամ, բայց համոզված եմ, որ պատերազմ լինելու է և թող դա չլինի Երևանի մատույցներում։ Ներկայիս իշխանությունները պետք է կարողանան դրսևորել քաղաքական կամք և հեռանան։ Միայն ազգային քաղաքականությամբ իշխանության դեպքում կկարողանանք վերադառնալ Արցախ։ Կոչ կանեի արցախցի իմ հայրենակիցներին, որ ի հեճուկս սոցիալական խնդիրների, Հայաստանից չհեռանան, որ մեր ներդրումն ունենանք վերադարձի համար»,-հավելեց մարտակերտցի նախկին ազատամարտիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան