2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի դիրքերում անհետ կորած երկու զինծառայողների ընտանիքները հերթական սթրեսն են ապրում․ հունիսի 2-ին նրանց տեղեկացրել են, որ նույնականացման արդյունքները հայտնի են, ու մասնունքները պատկանում են Շիրազ Խաչատրյանին և Թոռնիկ Սարգսյանին։

«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա», -տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքները հունիսի 2-ին փոխանցվել են զինծառայողների հարազատներին։

34-ամյա Շիրազ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր։  Սկզբում Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր, որտեղ էլ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր։ Forrights.am-ը 2022-ին եղել էր Խաչատրյանների ընտանիքում, լսել որդեկորույս ծնողներին, այրիացած կնոջը, ներկայացրել նրանց սոցիալական վիճակը։ Մարտերից հետո Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում էր մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս մոտենալ, վերցնել: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել էին սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները: Որդու մարմնից գոնե մի հատված ստանալու խնդրանքով դիմել էին գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ նախկին խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չէր ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Շիրազի հայրը՝ 61-ամյա Հովիկ Խաչատրյանը, նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չէին համաձայնել:

Շիրազի մարմինը ընտանիքին հասնում է մարտական կարճատև գործողություններից ավելի քան մեկ տարի անց․ Բաքուն երկու հայ զինծառայողների դիակ-մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։ Սոցիալական ցանցում Շիրազի կնոջ՝ Մարիամի էջում հարատև սիրո խոստովանություններ են,  կարոտ ու սպասում, նաև՝ խոստում՝ մյուս կյանքում լինել նրա հետ։

Փոքր Մասրիկ գյուղի վարչական ղեկավար Սաքո Նշանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հարազատները հուլիսի 3-ին Շիրազի ծնողները կստանան մասունքները, իսկ հուլիսի 5-ին կհուղարկավորեն։ Շիրազին կհուղարկավորեն հենց Փոքր Մասրիկ գյուղում։

Մյուս մասունքը, որ փոխանցվել է հայկական կողմին, զինծառայող Թոռնիկ Սարգսյանինն է։ Նա ժամկետային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից։ Ծառայությունն անցնում էր Ճամբարակում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ Վերին Շորժայի դիրքերում է եղել։ Հարազատները պատկան տարբեր մարմիններին էին դիմել Թոռնիկի դին հետ բերելու համար, սակայն չի ստացվել․ Թոռնիկի գտնվելու տեղը հայտնի է եղել, բայց հնարավոր չի եղել ստանալ այն։

Զոհված զինծառայողի հայրը Forrights.am-ին ասաց՝ տեղյակ են փորձաքննության արդյունքների մասին ու այլ հարցերի չպատասխանեց․ «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին էր վերադարձրել 156 զինծառայողի մարմին։

Հասմիկ Համբարձումյան

Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը:

Pin It on Pinterest