Հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը իր արցախյան 070 կոդով անձնագրով 2019-ից 2021 թվականը աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և նրա համար որևէ խնդիր չի առաջացել երբևէ։ «Ունեի գաղտնիության հասանելիություն, որը ոչ ՀՀ քաղաքացին իրավունք չուներ ու չունի», -Forrights.am-ի հետ զրույցում ասում է Արեգան։ Այժմ սակայն, նրա համար տարօրինակ է՝ ինչու է պետությունը պահանջում փոխել արցախյան անձնագիրը, ստանալ տեղի հաշվառում և հետո միայն օգտվել այս կամ այն աջակցությունից։  «Հիմա հրահանգ է իջեցվել պետական մարմիններում, բանակում՝ բոլոր այն արցախցիները, ովքեր ունեն 070 կոդով անձնագրեր, շտապ կարգով պետք է դիմեն ու արագացված ընթացակարգով փոխեն իրենց անձնագրերը», -նշում է նա։

Բայց ամենաուշագրավը, ըստ Արեգայի, այն է, որ հայաստանյան որևէ կոդով, բայց Արցախի հաշվառմամբ անձնագիր ունեցողից պահանջում են գնալ, վերցնել 070 կոդով անձնագիրը, հետո գնալ փոխել՝  հայաստանյան որևէ կոդով նոր անձնագիր ստանալու համար։

Մեկ այլ խնդիր է ՀՀ կառավարության բնակարանային ապահովման ծրագիրը, որը ընդունվել է վերջերս և որից օգտվելու համար կառավարությունը պահանջ է դրել՝ պետք է ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Այս փուլում մշակվում են ու առաջիկայում կընդունվեն համապատասխան կարգերը, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի դիմել ու օգտվել այդ ծրագրից։

ՀՀ քաղաքացիություն՝ տուն ունենալու դիմաց

Արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականացվելու է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում և գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է՝ 5 մլն դրամ, եթե անձը ձեռք բերի կամ կառուցի իր տունը կամ բնակարանը Հայաստանի 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝ այստեղ

4 մլն դրամ տրամադրվում է այն դեպքում, եթե անձը ձեռք է բերում կամ կառուցում իր տունը/բնակարանը Հայաստանի 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝ այստեղ

3 մլն դրամ տրամադրվում է մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց, իսկ 2 մլն դրամ՝ եթե արդեն անձն ունի հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026-ի հունվարի 1-ն է։ Վերջապես 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2027-ի հունվարի 1-ն է։

Այս ծրագրից օգտվելու գլխավոր նախապայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է։ ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը օրերս խորհրդարանում տեղեկացրել էր, որ Արցախից բռնի տեղահանված 2075 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Մինչ այժմ նրանցից 1437-ին է շնորհվել ՀՀ քաղաքացիություն։ Այս պահին փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել տեղահանված 96 696 անձ, հավառման է կանգնել 83 942անձ։

«Արցախցիները մտադիր չեն օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից»

Այս ծրագիրն արդեն սկսել են քննադատել արցախցի նախկին պաշտոնյաները․ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը համարում է, որ արցախցիների վերաբերյալ ընդունված այս ու մյուս ծրագրերը հենց արցախցիների արտագաղթը խթանելն է։

«Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է», -ասում է նա: Բացի այդ, նրա խոսքով, հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները:

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը շատ է շփվում արցախցիների հետ ու տեղյակ է՝ բնակապահովման ծրագիրը հանրայնացման առաջին իսկ օրվանից դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել բռնի տեղահանված արցախցիների շրջանում:

Այդ բողոքները ու առանձին քննարկումները նկատի ունենալով սոցիալական հարթակներում Լիաննան նախաձեռնել է մի քանի հարցում, որի արդյունքներով՝ հարցվածների կեսից ավելին պատասխանել է, թե այս պահին չի պատրաստվում օգտվել ծրագրի առաջարկվող տարբերակից:

«Առհասարակ, եթե ներկայացված ծրագիրը չի ընդունել շահառուների առնվազը 10 -15 տոկոսը, սա արդեն ցուցիչ է, որ այն պետք է վերանայվի», — Forrights.am-ին ասում է Լիաննան:

Արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրի վերանայման ու առաջարկների քննարկման հետ կապված կառավարությանն ուղղված Լիաննայի բաց նամակին արձագանքել է ՀՀ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ասում է՝ նախարարի հետ հանդիպմանը ներկայացրել է բոլոր խնդիրները, մարդկանց դժգոհություններն ու մտահոգությունները։ «Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի բնակապահովման ծրագրի վերանայման հարցը մտնի ՀՀ կառավարության օրակարգ», -ասում է Լիաննա Պետրոսյանը։

«Իրենք մեզ զրկել են քաղաքացիությունից ու հիմա ասում են՝ պետք է քաղաքացիություն ունենալ ծրագրից օգտվելու համար։ Այնքան նախապայման, սահմանափակում ու քիչ գումար են առաջարկում, որ մարդիկ շատերը մտածում են հրաժարվել այդ ծրագրից», -ասում է Արեգա Հովսեփյանը։

Հասմիկ Համբարձումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest